«Այսօր որևէ կերպ արցախյան պատերազմում զոհվածները, պատերազմում մարտնչած ու չզոհված մարդիկ պատշաճ կերպով հարգանք որևէ կերպ չեն ստանում, այլ հակառակը արժեզրկվում են հայրենիքի համար ցանկացած պայքար, պայքարած անձանց ներդրումն ու վաստակը»,-44-օրյա պատերազմում կրած պարտության ու Արցախի մեծ մասի հանձնման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման 6-րդ տարելիցին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը։
Նա ընդգծեց, այդ ամենն արվում է իշխանությունների բարձրագույն մակարդակով։
Մինչ Հայաստանում խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվի բանտերում տանջանքների են ենթարկվում Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները։ Բեգլարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում այդ ուղղությամբ։
«Ավելին ասեմ, տեսանելի շատ հնարավորություններ կան, որոնք այս իշխանությունները չեն օգտագործում։ Սրանք էլ լրացուցիչ ապացույց են, որ իշխանությունները չեն ցանկանում գերիների վերադարձը կամ նրանց մի մասի վերադարձը»,-ասաց արցախցի գործիչը։