Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնի՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումը։
Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած քաղաքականությունը հակասական իրավիճակ է ստեղծել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ գտնելու որոնումները հանգեցրել են պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միավորում անցնելու անիրական գաղափարն առաջ մղելու համար»,- հայտարարել է Պանկինը։
ՌԴ փոխարտգործնախարարի համոզմամբ՝ ստեղծված պայմաններում առավել տրամաբանական քայլը հանրաքվեի անցկացումն է, որի միջոցով Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կամքը երկրի հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։
«Ստեղծված հանգամանքներում օրինաչափ և տրամաբանական հանգուցալուծումը կլիներ հանրաքվեն, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ, կարտահայտեր իր կամքը հետագա ինտեգրացիոն ուղու հարցում»,-ասել է նա:
Պանկինը նաև շեշտել է, որ հանրաքվեն պետք է նախորդի Բրյուսելին պաշտոնական դիմում ներկայացնելուն, այլ ոչ թե կազմակերպվի դրանից հետո։
«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, ապա պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- նշել է նա։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաև կասկածի տակ է դրել հայտի ներկայացումից հետո հանրային կարծիքի նշանակությունը։
«Եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքն այլևս ոչ մեկին չի հետաքրքրի»,- ընդգծել է Պանկինը։
Դիվանագետն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական առավելություններին և ինտեգրացիոն կապերի հնարավոր խզման հետևանքներին։
Նա հիշեցրել է, որ վերջերս հանրությանը ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության հիման վրա պատրաստված զեկույցը, որում գնահատվել են Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները։
«Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ Հայաստանի ստացած ակնհայտ առավելությունների և ինտեգրացիոն կապերի խզման հնարավոր կորուստների օբյեկտիվ ընկալման համար վերջերս հանրությանը ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման նպատակով պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին»,- հիշեցրել է Ռուսաստանի ԱԳՆ փոխղեկավարը։
Պանկինը պարզաբանել է, որ զեկույցում նկարագրված հնարավոր զարգացումները դիտարկվում են որպես ծայրահեղ միջոց, որի նպատակը միության անդամ պետությունների տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգների և հնարավոր վնասների կանխումն է։
«Դա դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ Միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության ռիսկերը և վնասները կանխելու նպատակով»,- հայտարարել է Պանկինը։
Նրա տեղեկացմամբ՝ այս հարցի առնչությամբ Մոսկվան Երևանից առայժմ կառուցողական ազդակներ չի ստացել։
«Առայժմ այդ հարցի վերաբերյալ Երևանից Մոսկվայում կառուցողական ազդակներ չեն ստացել»,- հայտնել է փոխնախարարը։
Հոկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացրել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների պատրաստած զեկույցի մասին։ Փաստաթուղթը վերաբերել է ՀՀ նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքներին։
Մասնավորապես, փաստաթղթի հեղինակների հաշվարկներով՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցումը կարող է հանգեցնել համախառն ներքին արդյունքի 15․6 տոկոսով նվազման, գնաճի 14․9 տոկոսային կետով աճի և սպառման ծավալների 14․6 տոկոսով կրճատման։ Զեկույցում նաև կանխատեսվել է Հայաստանի համար բնական գազի գնի զգալի բարձրացում։ Ներկայացված գնահատականների համաձայն՝ հազար խորանարդ մետր գազի արժեքը կարող է ներկայիս 177․5 դոլարից հասնել 300 դոլարի, ինչը համարժեք է մոտ 69 տոկոս թանկացման։