Քաղաքականություն
09.11.2026 | 11:02
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հայտարարել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագիծը կնպաստի Հարավային Կովկասում առևտրային կապերի ընդլայնմանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Ալենը նշել է, որ Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․
«Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց։ Միացյալ Նահանգների համար այն կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև և առաջ է մղում կայուն, բարգավաճ և փոխկապակցված Հարավային Կովկասի հետ կապված մեր ռազմավարական շահը։ Միացյալ Նահանգները համոզված է, որ երբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելու։ Երբ ճանապարհն ու երկաթուղին հատում են սահմանները, դրանք սոսկ ապրանքներ չեն փոխադրում․ դրանք վստահություն են փոխադրում»։