Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականից հետո։
Ադրբեջանը շարունակեց Արցախի բռնազավթման քաղաքականությունը՝ պարբերաբար սադրանքներ հրահրելով, ռազմական ճնշում գործադրելով և աստիճանաբար առաջ մղելով իր դիրքերը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված անվտանգության երաշխիքներն այդպես էլ չգործեցին։ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից։
Պետք է արձանագրենք, որ փոխվեց նաև Հայաստանի պաշտոնական քաղաքական դիրքորոշումը։ Եթե նախկինում հայկական քաղաքական օրակարգի առանցքում «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևն էր, ապա այն փոխվեց՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» սկզբունքով։ ՀՀ իշխանությունները ոչ միայն հրաժարվեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի քաղաքական պաշտպանությունից, այլև պատմական Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում՝ փաստացի փոխելով հայկական կողմի բանակցային վեկտորը։
Այսօր էլ, սեփական քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն, իշխանությունները շարունակում են մեղավորներ փնտրել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն օրերս կոշտ արձագանքեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից հնչած մեղադրանքներին՝ հիշեցնելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման մասին, երբ «Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի տարածքի մաս»։
Պրահայում՝ Փաշինյանի զիջողական քաղաքականության հետևանքով այսօր էլ շարունակվում է պարտության շղթան։ Արցախի հարցի շուրջ Հայաստանի բանակցային դիրքորոշման փոփոխությունը դարձավ քաղաքական նոր իրողություն, որի հետևանքներն այսօր ակնհայտ են։
2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Բերձորի միջանցքը՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որի հետևանքով Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության։ Հարյուրավոր զոհեր, անհայտ ճակատագրեր, գերիներ։
Այս ամենը տեղի ունեցավ միջազգային հանրության անգործության և ՀՀ իշխանությունների՝ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չապահովեց ո՛չ Արցախի ժողովրդի անվտանգությունը, ո՛չ գերիների վերադարձը, ո՛չ էլ Արցախի հայ բնակչության՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը։
ՀՀ իշխանությունները խաղաղության մասին խոսույթն այսօր դարձրել են իրենց քաղաքականության հիմնական հիմնավորումը։ Խաղաղության անվան տակ փորձ է արվում լռեցնել Արցախի հարցը, խեղաթյուրել պատմական իրողությունները, ստիպել հրաժարվել Արցախից։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ապառաժ»-ում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: