Գաթա՝ էսպրեսոյի, փախլավա՝ կապուչինոյի հետ․ ինչպես ճիշտ համադրել սուրճն ու հայկական քաղցրավենիքը

Նոյեմբերի 8-ին նշվող Կապուչինոյի համաշխարհային օրը լավ առիթ է բացահայտելու, թե ինչպես կարելի է համադրել սուրճի տարբեր տեսակները հայկական քաղցրավենիքի հետ և ստանալ համային հետաքրքիր դուետներ


ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հնարավո՞ր է արդյոք փչացնել մեկ բաժակ համեղ սուրճը սխալ ընտրված քաղցրավենիքով։ Եվ ինչո՞ւ թունդ էսպրեսոյի հետ ավելի լավ է մատուցել մի կտոր գաթա, իսկ կապուչինոյի հետ՝ ընկույզով փախլավա։


Պարզվում է՝ սուրճն ու աղանդերն ունեն իրենց գաստրոնոմիկ «նախասիրությունները»։ Իսկ նման փորձարկումների համար հայկական խոհանոցն առաջարկում է բազմաթիվ հետաքրքիր տարբերակներ՝ ավանդական գաթայից մինչև քաղցր սուջուխ։


Նոյեմբերի 8-ին նշվող Կապուչինոյի համաշխարհային օրը լավ առիթ է բացահայտելու, թե ինչպես կարելի է համադրել սուրճի տարբեր տեսակները հայկական քաղցրավենիքի հետ և ստանալ համային հետաքրքիր դուետներ։


Հայաստանում սուրճը շատ ավելին է, քան ըմպելիք, որն օգնում է արթնանալ: Այն խմում են առավոտյան, ճաշից հետո, ընկերների հետ հանդիպումների և երկար ընտանեկան զրույցների ժամանակ: Մեկ բաժակ սուրճի հետ հաճախ մատուցում են քաղցրավենիք, ընդ որում՝ աղանդերի ընտրությունը կարող է ոչ պակաս կարևոր լինել, քան հենց ըմպելիքի ընտրությունը:


Խիստ գաստրոնոմիկ օրենքներ չկան, սակայն պրոֆեսիոնալ բարիստաներն ու հրուշակագործները վաղուց օգտագործում են համերի համադրման սկզբունքներ, որոնք օգնում են բացահայտել թե՛ սուրճի, թե՛ աղանդերի իրական արժեքը։

Կապուչինո և փախլավա. անսպասելի, բայց հետաքրքիր համադրություն


Կապուչինոն համադրում է էսպրեսոն, տաք կաթը և կաթնային փրփուրը: Կաթի շնորհիվ կապուչինոյի համն ավելի փափուկ է, քան մաքուր էսպրեսոյինը, իսկ սերուցքային երանգները լավ են փոխազդում ընկուզեղենի և կարամելի հետ:


Այդ պատճառով կապուչինոյի հետ կարելի է մատուցել ընկույզով հայկական փախլավայի փոքրիկ կտոր։ Շերտավոր խմորը, ընկուզային միջուկն ու քաղցր օշարակը ստեղծում են հագեցած համային դուետ։


Սակայն այստեղ կա նրբություն. փախլավան ինքնին բավականին քաղցր է և կալորիական, այնպես որ ավելի լավ է սահմանափակվել փոքրիկ կտորով: Իսկ եթե կապուչինոն պատրաստված է արտահայտված սուրճի համով, նման համադրությունը հատկապես հետաքրքիր կլինի:


Կապուչինո՞, թե՞ արևելյան սուրճ․ ի՞նչ են նախընտրում հայաստանցիները


Իսկ ո՞րն են ավելի շատ նախընտրում սուրճի սիրահարները՝ կաթնային փրփուրով կապուչինո՞ն, թե՞ ավանդական արևելյան սուրճը։ Կապուչինոյի համաշխարհային օրվա նախաշեմին «Նովոստի–Արմենիա»–ի խմբագրությունն անցկացրել է հարցում իր երեք Telegram––յան ալիքներում՝ պարզելու համար բաժանորդների նախասիրությունները։


Հարցումն անցկացվել է նոյեմբերի 3–7–ը, որին մասնակցել է 1953 բաժանորդ։ Արդյունքներով՝ արևելյան սուրճն առաջատարն է՝ 715 ձայնով (36%)։ Կապուչինոն ստացել է 557 ձայն (28,1%)։ Հարցման մասնակիցների 24,6%-ը (488 ձայն) նշել է, որ սիրում է երկու տարբերակն էլ՝ կախված տրամադրությունից։ Եվս 225 ձայն (11,3%) տրվել է «Սուրճ չեմ խմում» տարբերակին։


Այսպիսով, արևելյան սուրճը կապուչինոյին գերազանցել է 158 ձայնով կամ 8 տոկոսային կետով։ Միաժամանակ հարցման մասնակիցների գրեթե մեկ քառորդը նշել է, որ սիրում է երկու ըմպելիքն էլ՝ կախված տրամադրությունից։


Թեև հարցումը ներկայացուցչական չէ, արդյունքները ցույց են տալիս, որ հարցված օգտատերերի շրջանում ավանդական արևելյան սուրճը շարունակում է առաջատար լինել, մինչդեռ կապուչինոն նույնպես ունի իր սիրահարների զգալի շրջանակը։


Իսկ ի՞նչ են մատուցում սուրճի տարբեր տեսակների հետ


Կապուչինոն միակ ըմպելիքը չէ, որը կարելի է հետաքրքիր կերպով համադրել հայկական քաղցրավենիքի հետ: Օրինակ՝ հագեցած էսպրեսոն լավ լրացնում է գաթան՝ իր փխրուն խմորով և քաղցր խորիզով: Կաթնային լատեին կհամապատասխանեն ավելի նուրբ աղանդերները, իսկ ջեզվեում պատրաստված արևելյան սուրճին՝ ընկույզը, չրերը կամ քաղցր սուջուխը:


Այստեղ աշխատում է հակադրության սկզբունքը. սուրճի տտիպությունը մեղմում է մրգային քաղցրությունը, իսկ ընկույզներն ավելացնում են տեքստուրա:


Ֆիլտր-սուրճը՝ իր ավելի թեթև համով, կարելի է լրացնել ծիրանաչրով, թզով, սալորաչրով կամ նուշով: Իսկ մոկկոյի՝ շոկոլադի հավելումով ըմպելիքի սիրահարներին արժե փորձել շոկոլադե գաթա կամ փոքր ավազային թխվածք:

Սուրճի հաջողված համադրության հինգ կանոն


Որպեսզի գաստրոնոմիկ փորձերը հաջողված լինեն, պետք է պարզապես հիշել մի քանի սկզբունք․


1.     Թունդ սուրճը սիրում է քաղցր հակադրություն: Էսպրեսոն և արևելյան սուրճը լավ են համադրվում մի կտոր քաղցր թխվածքի և ընկուզային աղանդերի հետ:


2.     Կաթնային ըմպելիքներն ընկերություն են անում նուրբ տեքստուրայի հետ: Կապուչինոն և լատեն կարելի է լրացնել բիսկվիտներով, սերուցքային և կաթնաշոռային աղանդերով։


3.     Ընկույզներն ընդգծում են սուրճի ընկուզային նոտաները: Հունական ընկույզը, նուշն ու պնդուկը լավ են համադրվում համապատասխան համային երանգներ ունեցող հատիկների հետ:


4.     Սուրճի թթվայնությունը զգուշություն է պահանջում: Եթե ըմպելիքն ունի արտահայտված ցիտրուսային կամ հատապտղային նոտաներ, չափազանց թթու աղանդերը կարող է համադրությունը կտրուկ դարձնել:


5.     Չարժե սուրճի համը «խլացնել» շաքարով: Երբեմն մի քանի ընկույզը կամ չրի կտորն ավելի հաջող են, քան մի մեծ կտոր թխվածքը։

Իսկ գոյություն ունի՞ արդյոք կատարյալ զույգ կապուչինոյի համար


Ավելի շուտ՝ ոչ: Գաստրոնոմիկ համադրությունները խիստ կանոններ չեն, դրանք պետք է փորձարկել: Նույն կապուչինոն կարող է յուրովի բացվել փախլավայի, ընկույզով գաթայի և նույնիսկ չրերի հետ։ Շատ բան կախված է սուրճի տեսակից, բովման աստիճանից, պատրաստման եղանակից և հենց աղանդերի բաղադրությունից։


Հայաստանում նման փորձարկումների համար կա հատուկ առավելություն՝ տնական թխվածքների, ընկույզների, մրգերի և քաղցրավենիքի հարուստ մշակույթ: Եվ, հնարավոր է, հենց այդ պատճառով մեկ բաժակ սուրճն այստեղ հազվադեպ է պարզապես հենց մեկ բաժակ սուրճ, այն, կարծես, մի ամբողջ մշակույթ լինի։


Հաջորդ անգամ, երբ պատվիրեք ձեր սիրելի ըմպելիքը, փորձեք դրա համար ընտրել ոչ թե սովորական թխվածք, այլ հայկական գաթա, փախլավա կամ սուջուխ: Հնարավոր է՝ բացահայտեք համերի բոլորովին նոր համադրություն:

Leave a comment