«Մենք հիմա զբաղված ենք Հռչակագրի պաշտպանությամբ, որովհետեւ հասկանում ենք՝ եթե Նիկոլ Փաշինյանը իրագործի այս ծրագիրը, նա սրանով քայքայելու է Հայաստանի իրավաքաղաքական հիմքերը». Լեւոն Զուրաբյան

«Ես համարում եմ, որ այս նախաձեռնությունը նաեւ մեր նախաձեռնությունն է։ Սա մեր անցած ուղին է։ Կարո՞ղ եք հիշել, թե որ իշխանության օրոք է ընդունվել Անկախության hռչակագիրը։ Մենք հիմա զբաղված ենք այդ հռչակագրի պաշտպանությամբ, որովհետեւ մենք հասկանում ենք հետեւյալը։ Եթե Նիկոլ Փաշինյանը իրագործի այս ծրագիրը, նա սրանով քայքայելու է Հայաստանի իրավաքաղաքական հիմքերը։ Եթե դու քո Անկախության հռչակագիրը հանում ես քո ծրագրից, սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է՝ հրաժարվում ես»,-ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով, թե ինչի համար է իրենց քաղաքական ուժը միացել հայկական սահմանադրություն ունենալու այս պայքարին։

Հարցին, թե միավորված այս քաղաքական ուժերով հնարավորություն ունե՞ն կանխել այն, ինչը փորձում են կանխել, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Իսկ ուրիշ կազմ կա՞։ Չկա։ Այսօր ես շնորհավորեցի հավաքի մասնակիցներին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը մի աննախադեպ գործ արեց՝ իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը։ Այո, նաեւ մեզ ու դաշնակցությանը միավորեց մի գործի ծիրի մեջ, որը է՝ դիմադրել Հայաստանի ինքնիշխանության կորստին։ Ու ոչ միայն ես, այլեւ ամբողջ մեր կուսակցությունը՝ Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանը, որը կարդացել է Անկախության Հռչակագիրը եւ դարձել է անկախության սիմվոլը։ Արամ Մանուկյանն ասում է. «Ես պատերազմ եմ հայտարարում այն մարդկանց, ովքեր փորձում են ոչնչացնել Անկախության Հռչակագիրը։

Այսպիսի բան չէր եղել, որ իրարից այսքան տարբերվող  քաղաքական ուժեր, ուժեր, որոնք իրենց կյանքն անցկացրել են իրար դեմ պատերազմելով, այսօր հավաքվել  ու միացել են այս պայքարին։ Ասեմ ինչի։ Ապագա անկախ Հայաստանում սոցիալիստն ու լիբերալը կարող են իրար կոկորդ կրծել, բայց Անկախ Հայաստանը պետք է լինի։ Եվ իրար պոտենցիալ կրծողներս միավորվել ենք, որովհետեւ դրված է Անկախ, ինքնիշխան Հայաստանի գոյությունը։

Այսպես անվերջ զիջումներով խաղաղության չես հասնի, այլ կհասնես Հայաստանի էֆթանազիայի»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment