Քաղաքականություն
08.11.2026 | 00:09
Լեհաստանի Կրակով քաղաքի պատմական կենտրոնում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, ևս 15 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ոստիկան։ Ոստիկաններից մեկը ստացել է հրազենային երեք վնասվածք և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
DW-ի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի շուկայի հրապարակի հարակից տարածքում։ Ըստ ոստիկանության՝ հարձակվողը մեքենայից կրակել է պատահական անցորդների ուղղությամբ, ինչպես նաև կրակել է տրամվայի վրա։
Սկզբում հաղորդվել էր, որ կրակողին հաջողվել է փախչել, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է նրա ձերբակալության մասին։ Ձերբակալության ընթացքում կասկածյալը վիրավորվել է ոստիկանների կրակոցներից և տեղափոխվել հիվանդանոց։
Իրավապահները ձերբակալվածին նույնականացրել են որպես 24-ամյա Լեհաստանի քաղաքացի Միխալ Օ.-ին։ Ըստ Onet-ի՝ նա նախկին զինծառայող է։ Ոստիկանությունը հերքել է երկրորդ հարձակվողի վերաբերյալ տեղեկությունները։
Քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունեցել է երկու տեսակի հրազեն պահելու թույլտվություն։
Հարձակման շարժառիթը դեռևս հայտնի չէ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ ՆԳ նախարարից պարբերաբար օպերատիվ տեղեկություններ է ստանում քննության ընթացքի վերաբերյալ։