Ինչո՞ւ են հայերը ցավագին արձագանքում, երբ որևէ մեկը Սևանա լիճն անվանում է ադրբեջանական Գյոյչա անվամբ կամ Երևանը՝ Էրիվան, մինչդեռ վրացիներին կարող են ասել, թե նրանց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը․ Ալեն Սիմոնյան

News.am– TRIPP նախագիծը ոչ միայն տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածք է, այլև խաղաղության ամրապնդման, առևտրի զարգացման և տարածաշրջանային անվտանգության կայունացման գործիք։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք TRIPP-ը պետք է դիտարկել առաջին հերթին որպես տնտեսական նախագիծ, թե որպես քաղաքական և ռազմաանվտանգային նշանակություն ունեցող նախաձեռնություն՝ Սիմոնյանը հայտարարել է, որ այդ մոտեցումները միմյանց չեն հակասում։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ ճիշտ են, բացի երրորդ մոտեցումից, ըստ որի՝ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը նախագիծը չի կարող իրագործվել և խաղաղություն չի բերի», – ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ տարածաշրջանում ձգձգվող խնդիրների պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ փաստացի մեկուսացրել է իրեն տարածաշրջանային գործընթացներից, իսկ հարևան երկրների տրանսպորտային կապերի զարգացումն ընկալել որպես սեփական շահերին ուղղված սպառնալիք։

«Մենք կարծում ենք, թե ապրում ենք ինչ-որ այլ տեղ, և մեզ պահում ենք դրան համապատասխան։ Օրինակ՝ եթե ադրբեջանցին պետք է մի տեղից մյուսը գնա, մեզ համար դա անընդունելի է, անթույլատրելի ու անհասկանալի։ Բայց ինչո՞ւ մենք պետք է տեղաշարժվելու հնարավորություն ունենանք, իսկ հարևան երկիրը չունենա և, առավել ևս, դրա համար ավելի թանկ վճարի։ Ինչո՞ւ պետք է ստեղծենք մի իրավիճակ, որտեղ մեզ օտար են ընկալում հենց մեր տարածաշրջանում», – հայտարարել է ԱԽ քարտուղարը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի զարգացումն արդեն իսկ քաղաքական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ կողմերը միմյանց ապրանքներ են վաճառում, իսկ ձևավորվող տնտեսական շահերը կարող են ավելի կայուն հարաբերությունների հիմք դառնալ։

«Խաղաղության գլխավոր դրսևորումներից մեկը առևտուրն է և ընդհանուր շահերի առկայությունը»,- նշել է Սիմոնյանը։

Նա նաև մատնանշել է, որ պաշտոնապես ստորագրված խաղաղության պայմանագրի բացակայությունը չի նշանակում, թե երկրների միջև խաղաղ փոխգործակցությունն անհնար է։ Որպես օրինակ՝ Սիմոնյանը բերել է Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, որի հետ Երևանն առանձին խաղաղության պայմանագիր չունի։

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ դա չի նշանակում հրաժարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուց. պայմանագրի ստորագրումը մնում է որպես նպատակ, սակայն տնտեսական համագործակցությունն ու տրանսպորտային նախագծերը կարող են նպաստել խաղաղության հաստատմանը դեռևս մինչև դրա վերջնական ամրագրումը։

Սիմոնյանն առանձին անդրադարձել է TRIPP-ի և նախկինում քննարկվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տարբերություններին։ Նրա խոսքով՝ միջանցքի վերաբերյալ նախկին պատկերացումները ենթադրում էին մի տարածքի ստեղծում, որը դուրս կլիներ Հայաստանի ինքնիշխանությունից։ Նման տարբերակը Երևանի համար անընդունելի էր։

«Հենց այդ պատճառով էլ հայտարարվեց, որ միջանցք չի լինելու։ Դա քաղաքական կարմիր գիծ էր։ Խոսքը մի տարածքի մասին էր, որը՝ մեզ պարտադրվող ընկալման համաձայն, չպետք է գտնվեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո», – ասել է նա։

Ի հակադրություն դրա՝ Սիմոնյանը TRIPP-ը բնութագրել է որպես հայ-ամերիկյան տնտեսական նախագիծ, որի նշանակությունը պետք է գնահատել ոչ միայն Հայաստանի շահերի տեսանկյունից, այլև ավելի լայն՝ տարածաշրջանային և միջազգային համատեքստում։

Նա ուշադրություն է հրավիրել ապագա երթուղու աշխարհագրական դիրքի վրա, որը, նրա խոսքով, անցնելու է Իրանի սահմանից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Սիմոնյանն ընդգծել է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները՝ այս հանգամանքը նախագծին լրացուցիչ կշիռ է հաղորդում։

«TRIPP-ի դերի և նշանակության թերագնահատումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Սա տնտեսական, դիվանագիտական նախագիծ է, խաղաղության գործիք։ Այն նաև երաշխիք է տնտեսական տեսանկյունից», – եզրափակել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

***

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը, սակայն հարևանների հետ հարաբերությունները չպետք է կառուցի բացառապես պատերազմի սպասումով։ Նրա խոսքով՝ նոր պատերազմներ թույլ չտալու և պետականությունը պահպանելու համար անհրաժեշտ է ձգտել խաղաղության Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս մասին նա ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչու է Երևանը ձգտում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Հարցի հեղինակը նշել էր, որ Հայաստանը նախ պետք է հզորանա և միայն դրանից հետո հարևաններին բարեկամություն ու համագործակցություն առաջարկի։ Նրա կարծիքով՝ ուժեղ հակառակորդին կհարգեն, մինչդեռ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ներկայիս փորձերն ընկալվում են որպես զիջում ավելի ուժեղ կողմին։

Սիմոնյանը չի համաձայնել այդ տրամաբանությանը՝ նշելով, որ, իր կարծիքով, հենց նման մտածելակերպն է Հայաստանին հասցրել ներկայիս վիճակին։

«Ո՞վ է ասել, թե մենք պետք է լավ հարևան լինենք թուրքերի կամ ադրբեջանցիների համար, իսկ նրանք պետք է նստեն ու սպասեն, մինչև մենք մեծանանք, դառնանք Մեծ Հայկական պետություն, հարձակվենք իրենց վրա ու կուլ տանք իրենց։ Առհասարակ, ինչո՞ւ պետք է մտածենք այդ տրամաբանությամբ», – ասել է նա։

Միաժամանակ Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ բանակ, որը երկրի վրա ցանկացած հարձակում հակառակորդի համար կդարձնի ծայրահեղ ցավոտ։ Սակայն նա կասկած է հայտնել, որ միայն պատասխան հարվածի սպառնալիքը բավարար է անվտանգությունն ապահովելու համար։

«Ես կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումն այնքան ցավոտ լինի, որ հակառակորդն անգամ դրան գնալու կարիք չունենա։ Բայց եթե ավելի խորը նայենք, կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ միմյանց դեմ պատերազմելու առիթ ընդհանրապես չլինի», – հայտարարել է Սիմոնյանը։

Նա նաև քննադատել է այն պատկերացումը, թե Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին կախված է Ռուսաստանից և նրա ռազմական աջակցությունից։ Սիմոնյանի խոսքով՝ պնդումները, թե առանց ռուսական հովանավորության Թուրքիան անպայման կհարձակվի Հայաստանի վրա, չեն համապատասխանում իրականությանը։

«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի ուժեղանալ, մենք ընդհանրապես ոչինչ չենք հասցնի անել»,- ասել է նա՝ բացատրելով, թե ինչու է վտանգավոր համարում անվտանգության խնդիրների լուծումը հետաձգել մինչև երկրի զգալիորեն հզորանալը։

Սիմոնյանն ուշադրություն է հրավիրել նաև ժողովրդագրական իրավիճակի վրա՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի բնակչությունը չի ավելացել, մինչդեռ Ադրբեջանի բնակչությունը հասել է մոտ 10 միլիոնի։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերլուծել այս իրավիճակի պատճառները և հրաժարվել այն մոտեցումներից, որոնք անցած տասնամյակների ընթացքում չեն նպաստել երկրի հզորացմանը։

Նա անդրադարձել է նաև հանրային գիտակցության մեջ պատմական հիշողության դերին։ Սիմոնյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանվի, սակայն այն չպետք է վերածվի համոզմունքի, թե առանց Ռուսաստանի պաշտպանության Հայաստանը դատապարտված է նոր աղետի։

«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել՝ նոր ցեղասպանություններ և հայոց պետականության կորուստ թույլ չտալու համար։ Բայց դրա համար մենք պետք է հզորանանք և ավելացնենք բնակչության թիվը։ Ինչո՞ւ այս բոլոր տարիների ընթացքում դա չենք արել՝ չնայած մեր իմաստնությանն ու պատմության լավ իմացությանը», – հարցրել է նա։

Որպես օրինակ՝ Սիմոնյանը նշել է Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք բազմադարյա դիմակայությունից հետո կարողացել են դաշնակիցներ դառնալ։ Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես պետք է ձգտի հաջորդ սերունդներին թողնել խաղաղ ապագա, այլ ոչ թե անվերջ պատերազմների ժառանգություն։

«Ես ուզում եմ, որ մենք մեր երեխաներին որպես ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե հզորանալու և հետո գնալու ու սպանելու կոչեր», – հայտարարել է նա։

Եզրափակելով խոսքը՝ Սիմոնյանը կոչ է արել հրաժարվել այն պատկերացումից, թե այլ երկրներ մշտապես մտածում են Հայաստանի և նրա խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է իրատեսորեն գնահատի իր տեղն աշխարհում և հարևանների հետ հարաբերությունները կառուցի՝ ելնելով սեփական երկարաժամկետ շահերից։

«Ձեզ թվում է, թե ամբողջ աշխարհը նստած մտածում է հայկական աչքերի, «Ջերմուկի», ծիրանի ու մեր դուդուկի մասի՞ն։ Պետք է սթափվել։ Ինչո՞ւ ենք մեզ համոզում, թե միջին վիճակագրական ֆրանսիացին, ավստրալացին կամ ավստրիացին թողել է իր բոլոր խնդիրներն ու մտածում է հայերի մասին», – ասել է Սիմոնյանը։

***

Պատասխանելով սփյուռքի ներկայացուցչի հարցին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Արևմտյան Հայաստանը հիշատակող հայկական երգերը, բանաստեղծություններն ու գրական ստեղծագործությունները պետք է մնան ազգային մշակույթի մաս, սակայն չդառնան ժամանակակից պետական քաղաքականության հիմք։

Նրա խոսքով՝ պատմության և գրականության ուսումնասիրությունն անհրաժեշտ է առաջին հերթին անցյալի սխալները հասկանալու և դրանք չկրկնելու համար։

Հարց ուղղած մասնակիցն աջակցություն է հայտնել խաղաղության և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը։ Միաժամանակ նա հետաքրքրվել է, թե ինչպես սփյուռքի երեխաներին բացատրել այն ստեղծագործությունների իմաստը, որոնցում արտահայտված է Արևմտյան Հայաստանի կարոտը՝ մասնավորապես հիշատակելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն ու հայ այլ բանաստեղծների երկերը։

«Իսկ ինչո՞ւ պետք է դրանց հետ ինչ-որ կերպ վարվենք։ Դրանք կան, մեր մշակույթի մասն են։ Այլ հարց է, եթե դու դա վերածում ես ազգային քաղաքական գաղափարի։ Դրանց հետ ոչինչ էլ պետք չէ անել։ Ես ինքս սիրում եմ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, սիրում եմ մեր հին երգերը։ Դա մերն է, և այստեղ որևէ վեճ չկա։ Այլ հարց է, թե ինչ իմաստ ես դնում դրա մեջ և ինչ ես տեսնում դրա հետևում», – պատասխանել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ ճիշտ չի համարում մշակութային ժառանգությունից հրաժարվելը կամ այն արգելելու փորձերը։ Միաժամանակ, նրա կարծիքով, անհրաժեշտ է տարբերակել մշակութային հիշողությունն ու քաղաքական խոսույթը, որը կարող է խոչընդոտել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Մենք պետք է շարունակենք ուսումնասիրել պատմությունը։ Չէ՞ որ պատմությունը հենց նրա համար է, որպեսզի տեսնենք մեր գործած սխալներն ու չկրկնենք դրանք»,- ասել է նա։

Որպես օրինակ՝ Սիմոնյանն անդրադարձել է աշխարհագրական անվանումների և տարածքների վերաբերյալ պատմական պատկերացումների նկատմամբ վերաբերմունքին։ Նա հարց է բարձրացրել, թե ինչու են հայերը ցավագին արձագանքում, երբ որևէ մեկը Սևանա լիճն անվանում է ադրբեջանական Գյոյչա անվամբ կամ Երևանը՝ Էրիվան, մինչդեռ իրենք կարող են դիմել վրացիներին և հայտարարել, թե նրանց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։

«Ինչո՞ւ ենք այդպես վարվում։ Ուզում եմ հասկանալ։ Երբ հայը գնում է Վրաստան, իր պարտքն է համարում մոտենալ վրացուն և ասել. «Իսկ դու գիտե՞ս, որ ձեր այբուբենը Մեսրոպ Մաշտոցն է գրել»։ Ինչո՞ւ ենք դա անում։ Սա նույն տրամաբանությունն է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մյուսներից և ինչ ենք ակնկալում նրանցից»,-նշել է նա։

Սիմոնյանը քննադատել է նաև այն պատկերացումը, թե ներկայիս Հայաստանի Հանրապետությունն իբր ժամանակավոր փուլ է, իսկ պատմական հայրենիքը դեռ պետք է վերադարձնել։

Նրա խոսքով՝ նման մոտեցումը խանգարում է գոյություն ունեցող պետությունն ընկալել որպես սեփական երկիր, որի անկախության համար պայքարել են, և որը պետք է զարգացնել։

«Մենք արյուն ենք թափել, պայքարել ենք, անկախություն ենք հռչակել, բայց միևնույն ժամանակ անընդհատ հայրենիք ենք փնտրում՝ «իսկ որտե՞ղ է այդ հայրենիքը»։ Ի՞նչ է, մենք այս ամբողջ ընթացքում մեր սեփական երկրում ապրել ենք այնպես, կարծես ժամանակավոր բնակիչներ ենք, որոնք տուն են վարձե՞լ։ Կարծես ուր որ է կգա Ռուսաստանը, Թուրքիայում գործերը կվատանան, և մենք կվերադառնանք ու ամեն ինչ հետ կնվաճենք»,- ասել է նա։

Նման պատկերացումների կողմնակիցներին Սիմոնյանն առաջարկել է հստակեցնել, թե կոնկրետ որ տարածքն են համարում Հայաստան և որտեղ են տեսնում դրա սահմանները։ Նա պատմական հայրենիքի որոնման մասին անվերջ խոսակցություններն անհեռանկարային է անվանել՝ նշելով, որ դրանք հասարակությանը պահում են արտաքին հանգամանքներից կախվածության մեջ։

«Երբ նման մարդկանց հարցնում ես. «Լավ, իսկ ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունը, որտե՞ղ է այն, կոնկրետ ո՞ր Հայաստանը», սկսվում են խոսակցություններ, որոնք ոչ մի տեղ չեն տանում։ Դրանք ապապետականության մասին խոսակցություններ են։ Մեզ գցել են այդ շրջափուլի մեջ, որպեսզի դրանից դուրս չգանք, որպեսզի մշտապես կախյալ մնանք», – հայտարարել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ հայերի համար կարևոր է դարավոր բացակայությունից հետո գիտակցել սեփական պետականության արժեքը։ Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո պատմական Արևմտյան Հայաստանի տարածքներում այլ ժողովուրդներ են ապրում, և կոչ է արել չարժեզրկել ներկայիս Հայաստանի Հանրապետությունը միայն այն պատճառով, որ այն չի ընդգրկում բոլոր պատմական հողերը։

Մեկնաբանելով Ադրբեջանում հնարավոր իշխանափոխության և խաղաղության պայմանագրի վերանայման վերաբերյալ մտավախությունները՝ Ալեն Սիմոնյանը հարց է բարձրացրել, թե ինչու է նման սցենարը դիտարկվում միայն Բաքվի, այլ ոչ նաև Երևանի պարագայում։

«Իսկ Հայաստանում իշխանությունը չի՞ կարող փոխվել։ Իհարկե, կարող է։ Հայաստանի խորհրդարանում նստած են բավականին շատ մարդիկ, որոնք բոլորովին այլ տրամաբանություն ունեն։ Ի՞նչ է, մեզ մոտ իշխանություն չի՞ կարող փոխվել։ Կարող է», – սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման ժամանակ հայտարարել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ երկու երկրներից որևէ մեկում քաղաքական փոփոխությունները լիովին բացառել հնարավոր չէ, սակայն դա չպետք է խաղաղ կարգավորումից հրաժարվելու հիմք դառնա։

«Երբ նստում ենք ավտոմեքենա, կապում ենք անվտանգության ամրագոտին։ Դա հարյուրտոկոսանոց երաշխիք չի տալիս, որ վթարի դեպքում ողջ կմնանք, բայց անում ենք այն, ինչ մեր ուժերի սահմաններում է», – պարզաբանել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրը նոր պատերազմի պատճառների վերացումն է։

«Եթե մենք հիմա աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ պետք է վերացնենք միմյանց դեմ պատերազմելու պատճառները, ապա հենց դրա համար էլ աշխատում ենք», – հայտարարել է Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև նշել է, որ խաղաղության պայմանագիրը քննարկվել է ամենայն մանրամասնությամբ՝ «նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ, ստորակետ առ ստորակետ»։ Նա հերքել է միակողմանի զիջումների մասին պնդումները՝ շեշտելով, որ համաձայնագրի դրույթները փոխադարձ բնույթ են կրում։

Հայկական կողմի գլխավոր կարմիր գծերից մեկը նա համարել է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի բացառումը։ Սիմոնյանի խոսքով՝ Երևանն ի սկզբանե հստակեցրել է այդ դիրքորոշումը և շարունակում է հավատարիմ մնալ դրան։

***

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է, որ անընդունելի է համարում հանրապետության շահերը ռուս-ուկրաինական հակամարտությանը զոհաբերելը, և դեմ է արտահայտվել Ռուսաստանի ու Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության գաղափարին։

«Ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը տանեմ և, կներեք, դնեմ ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին։ Հանուն ինչի՞։ Ես դրա հետ համաձայն չեմ և կարծում եմ՝ այստեղ չկա որևէ մեկը, որը կհամաձայնի, որ մենք պետք է գնանք ու ինքնահրկիզվենք, որովհետև Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են»,- ասել է Սիմոնյանը միջոցառման ժամանակ։

Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը ստիպված է հաշվի առնել ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունները, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է հրաժարվի սեփական գոյության և անվտանգության իրավունքից։

Սիմոնյանը նաև հայտարարել է, որ դեռ հարցեր ունի ռուս գործընկերներին։

«Ես մինչև հիմա հարցեր ունեմ ռուս գործընկերներին. ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականին պատերազմ սկսվեց, ինչո՞ւ այն տևեց 44 օր, ինչպե՞ս ստացվեց, որ փակեցին Լաչինի միջանցքը և Ղարաբաղից մեր հայրենակիցներին դուրս մղեցին Հայաստան», – հարցեր է բարձրացրել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Ես համարում եմ, որ այն մարդը, որը մտածում է, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության կազմի մեջ, խայտառակություն է։ Ես այդ գաղափարի թշնամին եմ։ Նման բան չի կարող լինել», – հայտարարել է Սիմոնյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment