Աղիքային ցուպիկի՝ առողջական խնդիրներ առաջացնող շտամներ վերջին շրջանում կաթնամթերքի մեջ չեն հանդիպել․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանությունից եկող դիտարկումներն ու անհանգստությունները, արագորեն արձագանքում է և տալիս իր գործառույթներից բխող լուծումներ:

Անդրադառնալով հայրենական կաթնամթերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում հանրային քննարկումներին՝ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում Տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների ու մանրէաբանական անհամապատասխանությունների մասին արվում է պատշաճ հանրային իրազեկում:

Հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք:

Տեղեկացնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սերտորեն համագործակցում է պետական բոլոր կառույցների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-հետ:

ՀՎԿԱԿ-ը հստակեցրել է, որ ԱՑԽՄ-ի առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության, ինչպես նաև մաքրման և ախտահանման գործընթացների հնարավոր թերությունների մասին։ ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին: Դրանց մի մասը բնականորեն հանդիպում է մարդու և կենդանիների աղիքային միկրոֆլորայում, ինչպես նաև շրջակա միջավայրում՝ առանց պարտադիր հիվանդություն առաջացնելու։

Միաժամանակ, այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել:

Սպառողների անվտանգության ապահովումն առաջնահերթությունն է, պատկան մարմիններն անում են հնարավորը հանրության առողջությունը վտանգներից հեռու պահելու համար, աշխատում են հրապարակային և թափանցիկ՝ արագ հանրայնացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված ցանկացած խնդիր:

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment