Արարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում

Դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք:

Միևնույն ժամանակ, դատախազն, օտարման գործընթացում հայտնաբերելով հանցանքի հատկանիշներ, ներկայացրել էր հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 14-ին տեղեկացրել էր նաև, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ բավարարվել է Արարատի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումը՝ անվավեր ճանաչելով Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության միջև կնքված՝ 0.3 հա մակերեսով հողամասի՝ 2008 թվականի հունվարի 27-ի աճուրդը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողատարածքը:

Դատախազությունը, շարունակելով ուսումնասիրել «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասերի ձեռքբերման իրավաչափությունը, հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ:

Մասնավորապես.

Վ.Հ.-ն, 2008 թվականի հունիսի 12-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Արարատի մարզպետի պաշտոնը, 2006 թվականի ընթացքում Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ի, նույն ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ.Մ.-ի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ա.Ս.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը 25 տարի ժամկետով, ձևական մրցույթ անցկացնելու եղանակով` վարձակալության իրավունքով, հատկացրել է Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր՝ 1054.95 հա մակերեսով 4 բնապահպանական հողատարածք:

2026 թվականի օգոստոսի 10-ին Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 1054.95 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի նոյեմբերի 23-ի մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Արարատի մարզի դատախազության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն, տարբեր պետական մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցրած անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և 2005-2008 թվականների ընթացքում ձևական մրցույթների արդյունքում, տարբեր անձանց վարձակալության իրավունքով տարամադրել է 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողեր:

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը 2026 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Միաժամանակ, դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Leave a comment