ՍԱՏՄ․ Վերջին շրջանում կաթնամթերքում վտանգավոր ԱՑԽՄ շտամներ չեն հայտնաբերվել

Կաթնամթերքի որակի շուրջ հանրային մտահոգություններին ի պատասխան՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ վերջին շրջանում կաթնամթերքում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հայտնաբերվել։

«Անդրադառնալով հայրենական կաթնամթերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում ծավալված հանրային քննարկումներին՝ ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում Տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների ու մանրէաբանական անհամապատասխանությունների մասին արվում է պատշաճ հանրային իրազեկում։

Հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք։

Տեղեկացնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սերտորեն համագործակցում է պետական բոլոր կառույցների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀՎԿԱԿ-ի մասնագետների պարզաբանմամբ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերումը կարող է մատնանշել արտադրանքի մանրէային աղտոտվածություն, սանիտարահիգիենիկ պայմանների ոչ բավարար մակարդակ, ինչպես նաև մաքրման ու ախտահանման աշխատանքներում հնարավոր բացթողումներ։

«Միաժամանակ, այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել, և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել։

Սպառողների անվտանգության ապահովումն առաջնահերթություն է, պատկան մարմիններն անում են հնարավորը՝ հանրության առողջությունը վտանգներից հեռու պահելու համար, աշխատում են հրապարակային և թափանցիկ՝ արագ հանրայնացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված ցանկացած խնդիր»,– ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Leave a comment