Ռուսաստանը հեռանում է Հայաստանից
Ինչո՞ւ է Ռուսաստանը հեռանում Հարավային Կովկասից։ Այս հարցը շատերին է հուզում։ Հայ քաղաքական միտքը դեռեւս չի կարողանում դուրս գալ ռուսական «փրկչի» մտայնությունից եւ օբյեկտիվ գնահատել Հայոց ներուժը եւ այն դերակատարությունը, որը ստանձնելու է Հայաստանը մոտ ապագայում։ Ռուսաստանն այլեւս համաշխարհային դերակատար չէ։ Շուտով նաեւ տարածաշրջանային դերակատար չի լինելու, այդ պատճառով էլ ստիպված է հեռանալ նաեւ Հայաստանից, հետեւաբար, նաեւ Հարավային Կովկասից։ Եկեք մի փոքր հետհայացք նետենք մեր անկախությունը վերականգնելուց հետո ժամանակաշրջանին։
Հայաստանը հետխորհրդային ժամանակաշրջանում
1990-1994 թվականներ. Հայաստանը ազատագրեց Արցախը։ Հայաստանը հաղթում էր Բաքվի խանությանը։ Ռուսաստանը պարտադրեց Հայաստանին զինադադար կնքել Բաքվի հետ։ Բաքուն եւ Թիֆլիսը հանեցին ռուսական ռազմաբազաները իրենց երկրներից։ Ռուսական ռազմաբազա մնաց միայն Հայաստանում։ Հայաստանը դարձավ Ռուսաստանի ստեղծած բոլոր կառույցների անդամ՝ ռազմաքաղաքական եւ տնտեսաքաղաքական։ Հայաստանը անտեսելով իր ազգային շահերը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կառույցներում՝ քվեարկում էր Ռուսաստանի օգտին։ Այսինքն, Հայաստանը հլու-հնազանդ ծառայում էր Ռուսաստանին, անկախ պետություն լինելով հանդերձ, որովհետեւ ռուս-թուրքական երկվորյակը թուրքական վախով Հայաստանը պահում էր ռուսական ուղեծրում։ Միեւնույն ժամանակ Հայաստանի կառավարիչներն ամեն ինչ արեցին, որ մեր զինված ուժերը չդառնան Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման միակ եւ անփոխարինելի միջոցը։ Այսինքն, Ռուսաստանը բոլոր միջոցներով Հայաստանը պահեց իր ուղեծրում եւ արեց ամեն ինչ, որ Հայաստանում իշխանությունը միշտ մնա իր գործակալների ձեռքում եւ թաղվի կոռուպցիայի մեջ։
Ռուսաստանը այլեւս գերտերությունի չէ
Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա հանդիսացավ Ռուսաստանի ամենաողբերգական սխալը իր պատմության ընթացքում։ Այս պատերազմի ավարտով Ռուսաստանը որպես կայսրություն այլեւս գոյություն չի ունենա, կվերածվի մեկուսացված երկրորդական, նույնիսկ երրորդական պետության՝ թույլ տնտեսությամբ, աղքատ բնակչությամբ, ոչ ժողովրդավարական պետության։ Իսկ որպես միասնական պետություն, դա նույնպես հարցականի տակ է մնալու, այն կախված է լինելու Արեւմուտքի եւ Չինաստանի բարեհաճությունից՝ նրանց փոխադարձ շահերով պայմանավորված համաձայնությունից։
Թուրքիան տարածաշրջանային տերություն, թե՞…
Այս իրողությունից ելնելով, Թուրքիան տեսնելով, որ Ռուսաստանը ըստ էության մտել է պատերազմում տանուլ տալու ավարտական փուլ եւ որպես գերտերություն իր մայրամուտն է ապրում, եւ իր կամքից անկախ այլեւս ստիպված լքելու է Հարավային Կովկասը վերջնականապես, փորձում է փոխարինել նրան եւ ստանձնել տարածաշրջանային դերակատարություն եւ իրականացնել թյուրքական ծրագիրը՝ համաթուրանական միավորման ծրագիրը, որին, ցավոք, ակտիվորեն լծվել է նաեւ Հայաստանի իշխանությունը բռնազավթած ներկայիս վարչախումբը՝ Հայաստանին պարտադրելով Թրիփփ ծրագիրը, որն ավելի ճիշտ է անվանել Թուրանի ծրագիր։ Առ այս պահը Թուրքիան դեռեւս հաջողում է իր ծրագրերում։
Հայաստանի բռնազավթ իշխանությունը որպես նոր բոլշեւիկներ
Վարչախմբի պարագլուխը իր կրծքին է կպցրել Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններով քարտեզը եւ դրանով հպարտանում է։ Դրանով նա ցույց է տալիս, որ ինքը որպես նեոբոլշեւիկ հավատարիմ է իր նախկինների՝ բոլշեւիկների գծած Հայաստանի սահմաններին։ Դրանով նաեւ ցույց է տալիս, որ անշեղորեն կատարելու է Անկարայի եւ Բաքվի հրահանգները՝ Հայաստանը էլ ավելի տկարացնելու առումով։ Այս պարագայում անհասկանալի է ընդդիմության վարքագիծը, չէ՞ որ դուք ձեզ համարում եք ազգային շահերով առաջնորդվող, ինչո՞ւ դուք էլ ձեր կրծքին չեք կպցնում ընդամենը 100 տարի առաջ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններով միակ իրական քարտեզը՝ 210 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, համաձայն Ազգերի Լիգայի՝ Միավորված Ազգերի Կազմակերպության իրավանախորդի 1920 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման։ Ստացվում է, որ համամիտ եք իշխանազավթի հետ։ Բոլոր դեպքերում խորհրդարանական ընդդիմությանն առաջարկում եմ դիտարկել կրծքանշան կպցնելու տարբերակը, որի համար էլ ներկայացնում եմ Հայաստանի իրական քարտեզը։
Հայաստանի միջազգայնորեն ընդունված իրական քարտեզը
Համաձայն միջազգայնորեն ընդունված սահմանների՝ Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է. արեւմտյան սահմանը՝ Թուրքիայի հետ սահմանը՝ համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռի եւ արեւելյան սահմանը (Բաքվի խանության հետ) համաձայն՝ փարիզյան խաղաղության վեհաժողովի Հայաստանի Հանրապետության սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի որոշման, որի սահմանանշումը հիմք ընդունելով՝ Ազգերի Լիգան 1920 թ. դեկտեմբերի 10-ին հաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքի արեւելյան սահմանը եւ հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքը՝ 210 հազար քառակուսի կմ։ Հատեւաբար, Հայաստանի տարածքի մեծ մասը բռնազավթված է Թուրքիայի եւ Բաքվի խանության կողմից՝ ըստ միջազգային իրավունքի եւ հայ ժողովրդի պատմական իրավունքի։
Քանի որ այս վարչախումբը Հայաստանը նվաստացրեց եւ թուլացրեց այն աստիճանի, որ միջազգային հարթակներում գրեթե հաշվի չի առնվում որպես ինքնիշխան պետություն եւ քանի որ նյութականացված մարդու համար անընկալելի է, սակայն հոգեւոր մարդու համար տեսանելի՝ շարունակվում է բարու եւ չարի պատերազմը՝ Աստուծու ընտրյալ ազգի՝ հայերիս՝ բարու եւ թյուրքական ցեղերի՝ չարի, տարբեր դրսեւորումներով, եւ քանի որ մեր մեղքերի պատճառով Աստված դեռեւս դեպի մեզ երեսը չի դարձրել, որի հետեւանքով եւ Հայաստանի վարչախմբի պատճառով անչափ տկարացել ենք եւ առայժմ ժողովուրդը, որպես հավաքական միավոր մոլորված է, չենք կարողանում դիմակայել չարին եւ առաջ տանել բարու պատերազմը եւ կայացնել արիական առանցքի կայացումը, առանցք, որի, որպես արիական ծագումով անդամ-պետություններն են՝ Հնդկաստանը-Իրանը-Հայաստանը-Հունաստանը՝ Եվրոպան, նրանց միավորումը, ապա այս նախաձեռնությունը ստիպված ստանձնել է Իրանը։
Արիական առանցքի կայացումը
Իրանը, դիմակայելով ԱՄՆ-Իսրայել հարձակմանը, ցուցադրելով արիացիներին յուրահատուկ իմաստություն, համարձակություն, քաջություն եւ թշնամու առաջ չընկրկելու եւ Հայրենիքը պաշտպանելու Աստվածային պատգամը, ստանձնել է նաեւ Հայաստանի անվտանգության ապահովման եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու առաքելությունը, այսինքն, ձեռնամուխ է լինում արիական առանցքի կայացման գործընթացն առաջ տանելու առաքելությունը։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, իսկ Իրանի դեսպանը Հայաստանում օրերս հայտարարեց. «Իրանը վճռականորեն և հստակորեն հանդես է եկել «Զանգեզուրի միջանցք» գաղափարի դեմ, քանի որ այս ծրագիրը հանգեցնում է Հայաստանի ինքնիշխանության նվազեցմանը։
Ցանկացած այլընտրանքային նախագծի շրջանակում Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի համար կարմիր գիծ է»։ Իրանը նաեւ մեջտեղ է բերում Իրան-Նախիջեւան-Հայաստան երթուղու բացման անհրաժեշտությունը, ի փոխլրացումն Թրիփփի, որը սակայն Հայատանի վարչախումբը անտեսում է։ Անտեսում է, քանի որ Անկարա-Բաքուն չի ցանկանում։ Իրանը շատ լավ գիտի, որ Հայաստանի դեմ պատերազմը անխուսափելի է։ Թյուրքերը համարում են, որ հարմար պահ է վերջնականապես թաղել Հայաստանը, որը չկարողացան իրականացնել 100 տարի առաջ։ Հարմար պահ է, քանի որ ուժի կիրառումը երկրորդային պլան է մղել իրավունքը եւ դրա գլխավոր մեղավորը Միացյալ Նահանգներն է, առավելապես, որ ԱՄՆ-ը Թրամփի պես նախագահ ունի, իսկ Եվրոպան զբաղված է իր անվտանգությունը ապահովելու խնդրով՝ հանձինս Ուկրաինայի կողքին լինելու հանգամանքով, իսկ Հայաստանի իշխանությունն էլ ծառայում է Թուրքիային եւ նրա արբանյակ Բաքվի խանությանը։
Իրանը տարածաշրջանային դերակատար
Ահա այսպիսին է Իրանի դիրքորոշումը Հայաստանի շահերի պաշտպանության նկատմամբ։ Սա հանուն Հայաստանի պատերազմի մեջ մտնելու հայտարարություն է, որին ես հավատում եմ եւ վստահաբար ասում, որ այդպես էլ լինելու է։ Սա այն դեպքն է, երբ աներկբա համընկնում են Իրանի եւ Հայաստանի շահերը։ Իրանը փորձելու է եւ կարծում եմ հաջողելու է, որ ինքը դերակատար դառնա Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Չպետք է մոռանանք, որ երկար դարեր, մինչեւ Հյուսիսային Կովկաս ընկած տարածքները Իրանի տիրապետության տակ էին։
Իրանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ պատահական չէ։ Հայ եւ պարսիկ ժողովուրդների հազարամյակների համակեցությունը, չնայած որ վերջին շրջանում դավանում ենք տարբեր կրոններ, որպես դրացիներ նույն հիմքն ունենք, դա Աստվածատուր արիականությունն է։ Չփորձելով վիրավորել պարսիկներին որպես մահմեդականներ, քանի որ քրիստոնեության տեսակետից այն համարվում է աղանդ եւ նրանք ընդամենը ժամանակավորապես են հեռու մեր Տէր Հիսուս Քրիստոսից, կգա ժամանակը եւ նրանք նույնպես կգտնեն Ճշմարիտ Աստուծուն։
Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքը
Ներկայումս գտնվում ենք Հայաստանի պետական անկախության կամ ինքնիշխանության կորստի վտանգի առջեւ։ Կարելի է ասել՝ պատերազմը նոր փուլ է մտել, երբ Անկարան եւ Բաքվի խանությունը համարելով, որ Արցախը արդեն մարսել են, ինչպես Նախիջեւանը, սկսել են՝ մեզ թվում է անտրամաբանական, սակայն թուրքի համար նորմալ, յուրացնել Հայոց ստեղծածը, մեր տարածքները, ոչնչացնել կամ յուրացնել մեր մշակութային ժառանգությունը եւ այս նյութականացված աշխարհում, երբ համատարած անգրագիտություն է տիրում, երբ բարոյական արժեքներն այլեւս ծաղրի առարկա են, երբ խարխլվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված մարդու եւ ազգերի իրավունքների պաշտպանական համակարգը, այս պայմաններում դաժան պայքար է ստեղծվել Հայոց դեմ եւ ցավալին այն է, որ այդ պատերազմում թշնամու կողքին է Հայաստանի ներկայիս վարչախումբը, որը չստանալով ժողովրդի մեծամասնության աջակցությունը, կարողացավ կրկին բռնազավթել իշխանությունը՝ ընդդիմության լուռ համաձայնությամբ եւ շարունակել ավերածությունները Հայոց հոգեւոր, բարոյական, անվտանգային եւ կենցաղային անդաստանում։
Կարելի է առանց վարանելու պնդել, որ այս փուլում Աստված Իրանի միջոցով կանխում է Հայաստանի ինքնիշխանության կորուստը եւ մասնատումը։ Այսինքն, Իրանը դարձել է Հայոց վահանը թյուրքական ոտնձգությունների դեմ, իսկ ընդհանրական առումով՝ չարի՝ թյուրքական աշխարհի դեմ։ Գոյութենական պայքարի այս ծանր փուլում, երբ իշխանությունը զավթած անԱստվածների այդ խումբը անչափ նվազեցրել է մեր ժողովրդի դիմադրողականությունն ու պաշտպանունակությունը, իսկ ժողովրդի մի մասին այն աստիճան է մոլորեցրել, որ նրանց համար Հայրենիքն այլեւս արժեք չէ, ի գոհություն մեզ՝ դրանք փոքրամասնություն են կազմում, որոնց համար հիմնական արժեքը ստամոքս լցնելն է, այսինքն, վեր են ածվել անբան անասունի, ինչպես այդպիսիներին անվանում է առաքյալը, այս պարագայում մեր ժողովրդի հիմնական մասը, առանձնապես ազգայնական եւ Աստուծու հավատավոր մասին այլընտրանք չի մնում, քան միավորվել եւ առաջ տանել մեր նախնիների սուրբ պատգամը՝ երկրի ղեկից հեռացնել իշխանությունը բռնազավթած, օտարին ծառայող այլասերվածներին եւ երկրի ղեկը հանձնել Աստուծու պատգամներով առաջնորդվող եւ Աստուծու առաջ խոնարհվող Աստուծու ընտրյալներին եւ վերականգնել Հայոց պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ հաստատել Աստուծու արդարությունը։ Սա իրական է եւ իրականանալի։
Ընդդիմության անելիքները
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխավորությամբ պետք է վերափոխվի։ Ազգային եւ պետական որոշ հարցերի նկատմամբ պետք է վերանայի իր մոտեցումները։ Նոր իրողությունները թելադրում են, որ քաղաքական կուսակցությունը ճիշտ հաշվարկ եւ վերլուծություն կատարի եւ վերանայի իր նախկին մոտեցումները, այդ դեպքում նրանց կմիանան նաեւ խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ազգայնական ուժերը, առավել եւս, որ Ռուսաստանի դերակատարումն այլեւս զրոյանում է։ Հակառակ պարագայում ի հայտ կգա այն ուժը, որը կիրականացնի Աստուծո կամքը։
Խորհրդարանական ընդդիմությունը պետք է գիտակցի, որ իրենք Հայաստանի իշխանության մաս են կազմում, միայն մեկ տարբերությամբ, որ գործադիր մարմնում մասնակցություն չունեն։ Սակայն կրելու են նույն պատասխանատվությունը, ինչ- որ իշխանությունը բռնազավթածները՝ Հայաստանի պետական եւ ազգային շահերի դեմ կատարած քայլերում։
Որպեսզի այդ պատասխանատվությունից դուրս գան, պետք է վերափոխվեն, վերանայեն իրենց նախընտրական փուլում արտահայտած որոշ գաղափարներ, խոսքը հինգ թեզերի մասին չէ, այլ հոգեւոր՝ քրիստոնեական արժեհամակարգի եւ ազգային եւ պետական խնդիրներում մոտեցումների մասին է, եւ այդ բոլոր խնդիրների վերաբերյալ ներկայացնել օրենքների նախագծեր։ Օրինակ, ինչո՞ւ խորհրդարանի նիստերը ընդդիմությունը չի սկսում Տերունական (Հայ մեր) աղոթքով: ՔՊ-ն դեմ կլինի, ոչինչ, իրենք թող աղոթեն, առանց հաշվի առնելու դրանց, եւ ներկայացնեն օրենսդրական նախաձեռնություն նիստերը սկսել աղոթքով։
Խնդիրներ, որոնց պետք է հետամուտ լինի ընդդիմությունը
Վերը նշած խնդիրներից կարելի է թվարկել.
Արցախի բռնազավթման, իրականացրած ցեղասպանության եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը (ինչո՞ւ առ այսօր չեն դիմել միջազգային պատկան մարմիններին եւ միջազգային դատարան), Նախիջեւանում իրականացրած էթնիկ զտման եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը (նույն հարցադրումը), միջազգայնորեն ընդունված եւ ճանաչված Հայոց սահմանների ճանաչումը (ինչո՞ւ առ այսօր չեն դիմել Հայոց սահմանները ճանաչած պետություններին՝ ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա եւ այլն եւ ՄԱԿ դատարան), Իրանը որպես հիմնական ռազմավարական գործընկեր ճանաչելը եւ դրանից բխող գործնական, ռազմական եւ տնտեսական քաղաքականություն վարելը (ինչո՞ւ առ այսօր չեն հադիպել Իրանի դեսպանի եւ Իրանի ղեկավարության հետ)։
Արցախի խնդիրը միջազգային օրակարգ վերադարձնելը (ինչո՞ւ առ այսօր չեն դիմել Եվրախորհրդին, այդ խորհուրդը կազմող պետություններին, Եվրամիությանը եւ միջազգային դատարան), Հնդկաստան-Իրան-Հայաստան-Հունաստան ռազմաքաղաքական եւ տնտեսաքաղաքական միություն ստեղծելու եւ Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու՝ երկաթգիծ, ավտոմայրուղի, գազատար իրականացման, Հայաստանի եւ նշյալ երկրների շահերից բխող միակ միջմայրցամաքային՝ Եվրոպա-Հնդկաստան կենսունակ առանցքի՝ Արիական առանցքի կայացումը (ինչո՞ւ առ այսօր չեն դիմել նշյալ պետություններին այս հարցով),
Հայաստանի զինված ուժերը վերակառուցելը եւ Հայաստանը ռազմականացված պետության վերածելը (ինչո՞ւ առ այսօր հիմնադրույթներ եւ օրենսդրական նախագծեր չեն ներկայացրել),
Հայաստանում արդյունաբերության զարգացումը օրենսդրորեն ամրագրելու եւ պետական ծրագրեր ընդունելը,
Պետական պաշտոնյաների աշխատավարձերը սահմանափակելու եւ պարգեւատրման անվան տակ պետական բյուջեն կողոպտելը (ինչու չեն ներկայացնում օրենսդրական նախաձեռնություն արգելափակելու այդ եւ այլ եղանակով բյուջեի կողոպուտը),
Հայոց Եկեղեցու դեմ պայքարը կանխելու նպատակով, այն որպես ծանր հանցագործություն քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջը,
Վերականգնել քրիստոնեության պետական կրոնի կարգավիճակը,
Քրիստոնեության հիմունքները դպրոցներում պարտադիր առարկա դարձնելը,
Պետական պաշտոնյաների կողմից ազգային արժեքների դեմ՝ այդ թվում հայկական անվանումները օտար անվանումներով անվանարկելու արտահայտությունները դիտարկել որպես քրեորեն պատժելի հանցանք։
Եվ այլն, կարելի է թվարկել, այսքանով սահմանափակվենք, մնացյալը թող իրենք ավելացնեն։ Բազում են մարդիկ, այդ թվում եւ ես, որոնք պատրաստ են նշյալ եւ չթավարկած այլ հարցերի առումով ներկայացնել առաջարկություններ, նախագծեր եւ վերլուծություններ։
Ընդդիմությունը պետք է հանդես գա որպես փաստացի իշխանություն, ստեղծի ընդդիմադիր (այլընտրական, ստվերային կամ այլ անվանումով) կառավարություն (կառավարության անդամներ կարող են լինել նաեւ պատգամավորները), այս եւ ընթացիկ հարցերի վերաբերյալ ներկայացնի օրենսդրական նախաձեռնություններ, կառավարության որոշումներ, ինչպես նաեւ մշակած դրույթները ներկայացնել բարեկամ պետություններին, առաջին հերթին՝ Իրանին, Հունաստանին, Կիպրոսին, Հնդկաստանին եւ Եվրամիությանը։ Ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կարգելափակեն բյուջեի կողոպուտը բարձր աշխատավարձերի, պարգեւավճարների եւ այլ եղանակներով։
Նախաձեռնել եւ ստեղծել Ազգային ժողովին կից բյուջեի ծախսերը վերահսկող մարմին՝ կազմված ընդդիմադիր ուժերից։ Եվ ընդհանրապես բոլոր վերահսկող մարմինները պետք է տրվեն ընդդիմությանը՝ ներկայացնել օրենքի նախագիծ։ Այսինքն, ստեղծել ազգային-պետական ծրագիր եւ Հայաստանը տանել այդ ծրագրով։
Ինչո՞ւ։ Քանի որ ցանկացած աշխատանք արդյունք է տալիս, այս դեպքում ընդդիմությունը երկու խնդիր է իրականացնում։ Նախ, ի հայտ է բերում կառավարության կազմը եւ ի ցույց է դնում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ընդամենը կարճ ժամանակ հետո կընդունվեն նոր իշխանության կողմից։ Եվ հաջորդը, ընդդիմությունը ինքն է սովորում կառավարել պետությունը, իր ծրագրերն է ներկայացնում հանրությանը, ի հայտ է բերում բոլոր թերացումները եւ ներկայացնում առաջարկություններ դրանք վերացնելու։ Ժողովուրդը այս ամենը տեսնելով կսկսի մտածել, իսկ այն մտածող մասը, որը մոլորվել է, ընկել ՔՊ թակարդը եւ ՔՊ-ին ձայն է տվել, կվերափոխվի, անշուշտ, քանի որ ճշմարտությունը տեղ կհասնի եւ սուտն ու կեղծիքը տեղի կտան եւ կբացվեն նաեւ այդպիսի մարդկանց աչքերը։ Եվ ամենակարեւորը, այդպիսի մարդիկ կփրկվեն։
Ընդդիմադիրներ, ստեղծեք ժողովրդի հոգսերով մտահոգ կառավարություն եւ կտեսնեք, թե կարճ ժամանակ հետո իրական իշխանությունը ինչպես է անցնում հանձինս ձեզ՝ ժողովրդին։ Կարող եմ ձեզ որպես օրինակ բերել 1988-1989 թվականների Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երբ իրական իշխանությունը պատկանում էր Ղարաբաղ կոմիտեին կամ Հայոց Համազգային շարժմանը, մինչեւ 1990 թվականի խորհրդարանական ընտրությունները, երբ ստանալով ժողովրդի մեծամասնության ձայները՝ իշխանությունը փաստացիից դարձավ նաեւ օրինական։
Ձեր այս քայլի հետեւանքով իշխանազավթները անընդհատ կզգան ընդդիմության հեւքը եւ դատարանի առաջ կանգնելու հավանակությունը այնքան կմեծանա, որ օր առաջ իշխանությունը լքելու եւ փախուստի միջոցներ կփնտրեն։
Իսկ ամենամեծ անակնկալը իշխանության համար կարող է լինել ընդդիմության՝ որոշ արժեքային հիմնադրույթների վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու նախաձեռնությունը։ Պետք է վճռականորեն ձգտել այն իրականացնել եւ հասնել այդ արժեքներով սահմանադրական փոփոխությունների, որը եւ հիմք կհանդիսանա ասպարեզից հանել Ալիեւ-Նիկոլ նախաձեռնությունը՝ Հայոց շահերից չբխող թուրքամետ սահմանադրություն պարտադրելու պահանջը։ Ինչպես նաեւ, այդ նախաձեռնությունը կխթանի իշխանազավթներին հեռացնելու կառավարության ղեկից։
Այդ նպատակով պետք է փոխել դիրքորոշումը մի քանի ազգային խնդիրների վերաբերյալ. Հայոց միջազգայնորեն ճանաչված սահմանների՝ Անկարայի եւ Բաքվի կողմից բռնազավթված տարածքների, պետական կառավարման համակարգի, պետության արժեհամակարգի եւ մի շարք կարեւորագույն ազգային հարցերի վերաբերյալ։
Հայ ժողովրդի գերնպատակը պետք է լինի փոխել պետության արժեհամակարգը։ Այդ ճանապարհին կարեւորագույն խնդիրներից է. Հայաստանը վերակերտել որպես համահայկական պետություն, Աստվածպաշտությունը դարձնել պետական քաղաքականություն եւ պետությունը վերածել ռազմականացված պետության։ Այս խնդիրները համարվում են Հայաստանի ազգային անվտանգության եւ առաջընթացի հիմնասյուները։
Քանի որ մեր ժողովուրդը գործ ունի անհայրենիք, չարին ծառայող ոհմակի հետ, որոնց համար հայ ժողովուրդը՝ հանձինս բյուջեի՝ կթու կով է. այն պետք է թալանել, հարստանալ, մյուս կողմից, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկվեն, այդ թալանին տալիս են օրենքի տեսք, այն իրականացնում են օրենքի կամ կառավարության որոշումներով, որպեսզի հետագայում, իբր թե, իրենց չկարողանան մեղադրել բյուջեի կողոպուտի համար։
Սա նման է կենցաղային կողոպուտի, երբ ավազակները ինչ -որ բան են՝ տուն, բանկ եւ այլն թալանում, փախչելուց առաջ ձեռքերն ընկած վերջին իրերն են վերցնում։ Քանի որ, ով-ով, բայց Նիկոլը շատ լավ գիտի, որ իր օրերը հաշված են, փորձում է իր աջակիցներին մասնակից դարձնել բյուջեի կողոպուտին, որպեսզի դրանք էլ ավելի նվիրվածությամբ ծառայեն իրեն, ինչպես նաեւ դառնան իր հանցակիցը։ Սա յուրահատուկ է չարին՝ սատանային, որը իր ծառաներին միայն նյութականով է կարողանում պահել իր ուղեծրում։
Այստեղ է, որ իշխանական ընդդիմությունն անելիք ունի, պետք է անընդհատ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, փորձ անել կանխել ժողովրդի գանձարանի՝ բյուջեի թալանը։ Ընդդիմությունը կոպիտ սխալ թույլ տվեց ստանալով պարգեւավճարները, թեկուզ եւ հայտարարեցին, թե Տիգրանաշենին են նվիրում (այդ փողը ժողովրդի փողն է եւ որեւէ մեկը իրավունք չունի այն կողոպտել եւ տնօրինել այլոց օգնելու անվան տակ)։ Հետագայում այդ նախաձեռնությունները հիմք կհանդիսանան օրենք ընդունել եւ ամբողջ թալանածը վերադարձնել ժողովրդին։ Այս ամենի հետեւանքով կարող ենք ակնկալել դուրս գալ Անկարա-Բաքու զույգի թելադրած օրակարգից։ Մեզ անհրաժեշտ է միայն հավատալ մեր Տէր Աստուծուն, ապաշխարել, ստանալ Նրա աջակցությունն ու գործել եւ հավատալ մեր ներուժին։ Այդ դեպքում Աստված կբացի մեր ճանապարհները լայնահուն եւ կտեսնենք նրա աջակցությունը տարբեր դրսեւորումներով։ Եվ նույնիսկ կզարմանանք, թե այսքան բարեկամ եւ աջակից պետություն որտեղից ի հայտ եկան։ Սակայն այստեղ մի մեծ բայց կա, պետք է հույսներս դնենք Աստուծու եւ միայն ու միայն մեր վրա։ Աստված մեզ այնպիսի մեծ զորությամբ է օժտել, որը մենք չենք պատկերացնում։ Այնպես որ, նոր արժեքներով՝ Քրիստոնեական արժեքներով պետության՝ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետության կերտումը նշմարվում է։
Աստված միշտ լսում է մեր աղոթքները՝ մեր խնդրանքները, ուստի աղոթենք եւ խնդրենք Աստուծու ողորմությունն ու իրականացումը մեր խնդրանքների.
Տէ´ր Աստված, ողորմեա ազգիս Հայոց, Տուր կամք ազգիս Հայոց ապաշխարելու եւ առ Քեզ գալու եւ դիմակայելու չարին։
Տէ´ր ողորմեա, Տէ´ր ողորմեա, Տէ´ր ողորմեա ազգիս Հայոց եւ լեր օգնական ազգիս Հայոց։
Տէ´ր, մաքրիր տունս Հայոց նախարարաց բոլոր անարժաններից եւ կարգիր կառավարիչներ տանս Հայոց նախարարաց, Քո պատվիրաններով շարժվող եւ Քո առաջ խոնարհվող
Քո ընտրեալ զավակներից Հայոց։
Քո կամքը թող լինի, Տէ´ր Աստված մեր։ Ամէն։
Տէ´ր Աստվա´ծ, պահպանիր, զորացրու եւ հզորացրու ազգս Հայոց եւ պետությունս Հայոց։
Մեխակ Գաբրիելյան Գերագույն Խորհրդի պատգամավոր 1990-1995 թվականներին
«Առավոտ» օրաթերթ
06.11.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: