ԶԼՄ․ Հնդկաստանը Pinaka-ի 1000 կառավարվող հրթիռ կմատակարարի ՀՀ-ին (PAN.am)

Հնդկաստանը Հայաստանին 1000 կառավարվող հրթիռ կմատակարարի ավելի վաղ ձեռք բերված Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հայտնում է Indian Defence Research Wing–ը։

Նշվում է, որ պայմանագրի ընդհանուր արժեքը մոտ 20 միլիարդ ռուփի է կազմում (մոտ 210 միլիոն ԱՄՆ դոլար):

Հրթիռներն արտադրվել են Solar Defence and Aerospace Limited ընկերության՝ Հնդկաստանի Նագպուր քաղաքում գտնվող գործարանում։

Միաժամանակ India Today լրատվամիջոցի՝ Նագպուրից պատրաստված ռեպորտաժում ներկայացվել է այլ թիվ՝ 700 հրթիռ։ Նույն քանակը լրատվամիջոցը նշել է նաև նոյեմբերի 5-ին հրապարակված տեսառեպորտաժում։ Երկու պարբերականներն էլ անդրադարձել են միևնույն արտադրական ձեռնարկությունից ուղարկված առաջին խմբաքանակին, որի առաքման մեկնարկի մասին հայտարարվել է դեռ հունվարին։

«Պինակա» համակարգի կառավարվող հրթիռային տարբերակը մշակվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության՝ DRDO-ի կողմից։ Հրթիռներում կիրառվող ուղղորդման համակարգը հնարավորություն է տալիս թռիչքի ընթացքում ճշգրտել դրանց շարժման հետագիծը՝ ապահովելով կառավարվող թռիչք։

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը 2026 թվականի հունվարի 18-ին Նագպուրի գործարան կատարած այցելության ընթացքում ազդարարել էր կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի առաքման մեկնարկը։ Այդ ժամանակ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մատակարարվող հրթիռների քանակի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել։

Մայիսի 28-ին Pinaka համակարգերի արձակման կայանքները ցուցադրվել են Երևանի Հանրապետության հրապարակում՝ Հանրապետության օրվան նվիրված ռազմական շքերթի ընթացքում։ Հայաստանում այդ համալիրներն ստացել են «Շանթ» անվանումը։

Leave a comment