Ինչի՞ մենք պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղափոխվել, իսկ հարեւան երկիրը՝ չկարողանա. ԱԽ քարտուղար

TRIPP նախագիծը ոչ միայն տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածք է, այլև խաղաղության ամրապնդման, առևտրի զարգացման և տարածաշրջանային անվտանգության կայունացման գործիք։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք TRIPP-ը պետք է դիտարկել առաջին հերթին որպես տնտեսական նախագիծ, թե որպես քաղաքական և ռազմաանվտանգային նշանակություն ունեցող նախաձեռնություն՝ Սիմոնյանը հայտարարել է, որ այդ մոտեցումները միմյանց չեն հակասում։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ ճիշտ են, բացի երրորդ մոտեցումից, ըստ որի՝ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը նախագիծը չի կարող իրագործվել և խաղաղություն չի բերի», — ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ տարածաշրջանում ձգձգվող խնդիրների պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ փաստացի մեկուսացրել է իրեն տարածաշրջանային գործընթացներից, իսկ հարևան երկրների տրանսպորտային կապերի զարգացումն ընկալել որպես սեփական շահերին ուղղված սպառնալիք։

«Մենք կարծում ենք, թե ապրում ենք ինչ-որ այլ տեղ, և մեզ պահում ենք դրան համապատասխան։ Օրինակ՝ եթե ադրբեջանցին պետք է մի տեղից մյուսը գնա, մեզ համար դա անընդունելի է, անթույլատրելի ու անհասկանալի։ Բայց ինչո՞ւ մենք պետք է տեղաշարժվելու հնարավորություն ունենանք, իսկ հարևան երկիրը չունենա և, առավել ևս, դրա համար ավելի թանկ վճարի։ Ինչո՞ւ պետք է ստեղծենք մի իրավիճակ, որտեղ մեզ օտար են ընկալում հենց մեր տարածաշրջանում», — հայտարարել է ԱԽ քարտուղարը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի զարգացումն արդեն իսկ քաղաքական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ կողմերը միմյանց ապրանքներ են վաճառում, իսկ ձևավորվող տնտեսական շահերը կարող են ավելի կայուն հարաբերությունների հիմք դառնալ։

«Խաղաղության գլխավոր դրսևորումներից մեկը առևտուրն է և ընդհանուր շահերի առկայությունը», — նշել է Սիմոնյանը։

Նա նաև մատնանշել է, որ պաշտոնապես ստորագրված խաղաղության պայմանագրի բացակայությունը չի նշանակում, թե երկրների միջև խաղաղ փոխգործակցությունն անհնար է։ Որպես օրինակ՝ Սիմոնյանը բերել է Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, որի հետ Երևանն առանձին խաղաղության պայմանագիր չունի։

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ դա չի նշանակում հրաժարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուց. պայմանագրի ստորագրումը մնում է որպես նպատակ, սակայն տնտեսական համագործակցությունն ու տրանսպորտային նախագծերը կարող են նպաստել խաղաղության հաստատմանը դեռևս մինչև դրա վերջնական ամրագրումը։

Սիմոնյանն առանձին անդրադարձել է TRIPP-ի և նախկինում քննարկվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տարբերություններին։ Նրա խոսքով՝ միջանցքի վերաբերյալ նախկին պատկերացումները ենթադրում էին մի տարածքի ստեղծում, որը դուրս կլիներ Հայաստանի ինքնիշխանությունից։ Նման տարբերակը Երևանի համար անընդունելի էր։

«Հենց այդ պատճառով էլ հայտարարվեց, որ միջանցք չի լինելու։ Դա քաղաքական կարմիր գիծ էր։ Խոսքը մի տարածքի մասին էր, որը՝ մեզ պարտադրվող ընկալման համաձայն, չպետք է գտնվեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո», — ասել է նա։

Ի հակադրություն դրա՝ Սիմոնյանը TRIPP-ը բնութագրել է որպես հայ-ամերիկյան տնտեսական նախագիծ, որի նշանակությունը պետք է գնահատել ոչ միայն Հայաստանի շահերի տեսանկյունից, այլև ավելի լայն՝ տարածաշրջանային և միջազգային համատեքստում։

Նա ուշադրություն է հրավիրել ապագա երթուղու աշխարհագրական դիրքի վրա, որը, նրա խոսքով, անցնելու է Իրանի սահմանից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Սիմոնյանն ընդգծել է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները՝ այս հանգամանքը նախագծին լրացուցիչ կշիռ է հաղորդում։

«TRIPP-ի դերի և նշանակության թերագնահատումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Սա տնտեսական, դիվանագիտական նախագիծ է, խաղաղության գործիք։ Այն նաև երաշխիք է տնտեսական տեսանկյունից», — եզրափակել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

 

Leave a comment