Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը հայտարարել են եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ստեղծման մասին՝ առաջ մղելու TRIPP նախագիծը:
Երևանը, Վաշինգտոնն ու Բաքուն համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են TRIPP ենթակառուցվածքային նախաձեռնության իրականացմանն աջակցող եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ձևավորման մասին։
համատեղ հայտարարությունը տարածվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանի և Էլնուր Մամեդովի անունից, հայտնում է «Ազատութունը»:
«Եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին՝ համագործակցաբար աշխատելու և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, տնտեսական կենսունակության, տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրային բարգավաճման ապահովմանը նպաստելու նպատակով՝ վերահաստատելով նախագահ Թրամփի միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի անկյունաքարային հռչակագրի նշանակությունը», – նշված է հայտարարությունում:
Երեք երկրների ներկայացուցիչները նաև տեղեկացրել են, որ նախնական փուլում որոշվել է գործարկել տրանսպորտային հաղորդակցությունների և էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերով զբաղվող տեխնիկական խմբերը։ Այս ուղղությունների ընտրությունը պայմանավորված է կողմերի՝ «տեսլականը շոշափելի առաջընթացի վերածելու ընդհանուր հանձնառությամբ»:
Հայտարարության համաձայն՝ տեխնիկական պլանավորման խմբերի ստեղծումը նշանակալի առաջընթաց է համարվում բարդ տեխնիկական խնդիրների կարգավորման և ծրագրի իրականացման հետագա փուլերին անցնելու ճանապարհին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև նախատեսվող ենթակառուցվածքները տարածաշրջանում արդեն գոյություն ունեցող այլ հաղորդակցային համակարգերին միացնելու հնարավորություններին։
«Կողմերը վերահաստատել են TRIPP-ի բոլոր բաղադրիչների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկումն ապահովելու իրենց համապատասխան հանձնառությունները», – հայտարարում են երեք պետությունները:
Եռակողմ տեխնիկական խմբերի ձևավորման մասին հայտարարությանը նախորդել են հայ և ադրբեջանցի մասնագետների աշխատանքային քննարկումները։ Մասնավորապես, ուղիղ մեկ ամիս առաջ Գորիսում հանդիպման ժամանակ երկու երկրների մասնագետներն անդրադարձել են էլեկտրահաղորդման գծերի հնարավոր տեղակայման հարցերին։
Բացի այդ, հոկտեմբերի վերջին Հայաստանի պաշտոնատար անձինք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, այցելել են TRIPP նախագծի իրականացման համար նախատեսված տարածք՝ տեղում ուսումնասիրելու ապագա ենթակառուցվածքների տեղակայման հնարավորությունները։
TRIPP նախագծին առնչվող հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը հոկտեմբերի 28-ին վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովում։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ենթակառուցվածքային ծրագրի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի։
TRIPP-ը ՀՀ և ԱՄՆ համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնություն է, որի իրականացմամբ նախատեսվում է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով տրանսպորտային կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։ Ծրագիրը ներառում է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթատար ու գազատար խողովակաշարերի, ինչպես նաև էլեկտրահաղորդման և ինտերնետային կապի գծերի ստեղծում։