Սամվել Խարազյանը պարտվեց «Ժողովուրդ» օրաթերթին․ Վճռաբեկ դատարանը՝ կոռուպցիոն գործի մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հերթական հաղթանակն է տարել դատարանում։ Այս անգամ թերթի խմբագրությունը հաղթել է ՀՀ առողջապահության նախարարի ներկայիս տեղակալ Սամվել Խարազյանի դեմ հարուցված քաղաքացիական գործով։ Խարազյանը փորձել էր դատարանի միջոցով պարտավորեցնել «Ժողովուրդ» թերթի խմբագրությանը հրապարակայնորեն հերքել 2022 թվականին հրապարակված նյութը և իրեն վճարել 200 հազար դրամ փոխհատուցում, սակայն նրա պահանջները մերժվել են դատական երեք ատյաններում։

Մասնավորապես, Սամվել Խարազյանը հայց էր ներկայացրել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի և լրագրող Քնար Մանուկյանի դեմ՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, իր գնահատմամբ, տեղեկությունները, ինչպես նաև պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 200 հազար դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Վեճի առարկան «Ժողովուրդ» օրաթերթի՝ 2022 թվականի օգոստոսի 25-ին հրապարակած «Կոռումպացված համակարգը շարունակում է մնալ այդպիսին նաև այսօր․ ՊՎԾ ղեկավարի նոր բացահայտումները» վերնագրով նյութն էր։ Հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել Պետական առողջապահության գործակալության նախկին պաշտոնյաների՝ 2016 թվականին տեղի ունեցած ձերբակալություններին և նրանց նկատմամբ հարուցված քրեական գործին։

Նյութում նշվել էր, որ 2016 թվականի հունիսի 13-ին ձերբակալվել էին ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը և գործակալության բժշկական ծառայությունների գնման ու տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում էին պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

Խարազյանը վիճարկել էր հրապարակման մի շարք ձևակերպումներ՝ դրանք համարելով զրպարտչական։ Սակայն գործի քննության ընթացքում ներկայացված փաստաթղթերը հաստատել էին, որ հիշյալ անձինք իսկապես ձերբակալվել էին, նրանց մեղադրանքներ էին առաջադրվել, իսկ հետագայում քրեական գործի վարույթը կարճվել էր։

ՀՀ քննչական կոմիտեի՝ 2022 թվականի օգոստոսի 29-ի գրության համաձայն՝ Սարո Ծատուրյանին և Սամվել Խարազյանին սկզբում առաջադրված մեղադրանքները փոփոխվել էին, և նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գործի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել էր, իսկ որպես մեղադրյալ ներգրավված անձինք զղջացել էին կատարվածի համար։ 2016 թվականի նոյեմբերի 3-ին քրեական գործի վարույթը կարճվել էր։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2025 թվականի հուլիսի 3-ի վճռով մերժել էր Խարազյանի հայցը։ Նա, սակայն, չէր բավարարվել այդ որոշմամբ և դիմել էր վերաքննիչ դատարան։ 2026 թվականի փետրվարի 13-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել էր նրա բողոքը՝ առաջին ատյանի դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Խարազյանը դրանից հետո դիմել էր նաև Վճռաբեկ դատարան՝ պնդելով, թե վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, պատշաճ կերպով չի ուսումնասիրել ապացույցները և անհիմն եզրահանգումներ է արել։ Նա պահանջել էր բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և բավարարել իր հայցը։

Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2026 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ մերժել է Սամվել Խարազյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն հիմնավորելու, որ վերաքննիչ դատարանը թույլ է տվել այնպիսի նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Դատարանը նաև նշել է, որ Խարազյանի ներկայացրած հիմնավորումները հերքվում են վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցը մերժվել է առաջին ատյանի դատարանում, այդ որոշումը պահպանվել է վերաքննիչ ատյանում, իսկ Վճռաբեկ դատարանն էլ հրաժարվել է ընդունել Խարազյանի բողոքը քննության։

Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է իր մասնագիտական գործունեությունը՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների լուսաբանման և փաստերի բացահայտման ուղղությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment