«Օտարերկրյա պարտադրանքի պայմաններում ընդդիմության վրա ճնշում են գործադրում, որպեսզի դրական դիրքորոշում ստանան, որը, սակայն, չեն ստանալու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ իշխանությունները վաղուց պետք է հասկանային, որ «Ուժեղ Հայաստանի» հետ շանտաժի լեզվով և ճնշումներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու։
Վարդևանյանը նկատեց, որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին սահմանադրական փոփոխություններին աջակցելու հարցում մերժում ստանալուց հետո, մինչդեռ կալանավորումը տեղի ունեցավ մի գործի շրջանակում, որը հարուցվել էր ամիսներ առաջ։
«Ամեն ինչ այնքան պարզ է։ Իսկ տնային կալանքը բանտային կալանքով փոխարինելը նույնպես որևէ իրավական նպատակ չի հետապնդում։ Տնտեսական բնույթի հանցանքների ու մեղադրանքների դեպքում գործի խոչընդոտման ռիսկը չի կարող իրատեսական լինել, երբ անձը նաև այսքան ժամանակ ապացուցել է իր պատշաճ վարքագիծը։ Սա Ալիևյան Սահմանադրության օրակարգի մերժման հետևանք է»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմության միասնական ճակատի ձևավորմանը՝ Վարդևանյանն ասաց, որ այդ ուժերը մի կողմ են դրել իրենց տարակարծությունները, որովհետև օրահասական իրավիճակում ենք։
«Մեր ինքնության, անկախության, պետականության հիմքերի պահպանման հարց ունենք։ Եթե մի պետություն, որը դեռ մեզ համարում է թշնամի, անկեղծ չի մտնում խաղաղության օրակարգի մեջ, որովհետև եթե մտած լիներ, խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը կստորագրեր, փոխարենը որոշել են ներխուժել մեր պետության ներքին գործերին և Սահմանադրության փոփոխության հարց են դրել, այն էլ՝ ոչ թե դասական փոփոխության, այլ նոր Սահմանադրության ընդունման, այսքանից հետո ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Վարդևանյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: