Կաթնամթերքի շուկայում անցկացված անկախ փորձաքննությամբ 11 ընկերությունների արտադրանքում մանրէաբանական անհամապատասխանություններ հայտնաբերելուց հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում բոլոր 11 ընկերություններում։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը՝ նշելով, որ ստուգումների արդյունքները կհրապարակվեն։
Նշենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։
ՍԱՏՄ-ն այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ժամանակ ուղղված հարցին և նշել, որ լրագրողի մտահոգությունն անհիմն է՝ նշելով, որ կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին հանրությունն իրազեկվել է։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված վաճառքի կետերում իրականացվել է 120 պլանային ստուգում, որոնց արդյունքում կայացվել է գործունեության կասեցման 25 որոշում։ Կասեցումների հիմնական պատճառը եղել է աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով անհամապատասխանությունը, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք։
Բացի այդ, տեսչական մարմինը նշել է, որ իրականացվել է 86 արտապլանային ստուգում, որոնցից 37-ի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել։ ՍԱՏՄ–ն պարզաբանել է, որ այս թվերում ներառված են նաև վերստուգումները, և նույն կազմակերպությունում կարող էին մի քանի անգամ ստուգումներ իրականացվել՝ կախված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներից։
Նշենք, որ մի քանի ընկերություններ հերքել են իրենց կաթնամթերքում հայտնաբերված խախտումները։ Օրինակ` «Երեմյան» կաթնամթերքը փաստաթղթեր է հրապարակել` պնդելով, որ Հայաստանում գործող անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով իրենց կաթնամթերքում որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել։
«Միլքի»-ն նույնպես հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կաթնաշոռի վերաբերյալ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով ուսումնասիրված նմուշների մանրէաբանական ցուցանիշները համապատասխանում են սահմանված նորմերին և գտնվում են թույլատրելի սահմաններում։