Tesla-ն կկրճատի Cybertruck-ի արտադրությունը՝ հօգուտ Cybercab ռոբոտաքսիների

Tesla-ն մտադիր է 2027 թվականին աստիճանաբար կրճատել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը Gigafactory Texas գործարանում՝ արտադրական հզորություններն ազատելով Cybercab ռոբոտաքսիների արտադրության ծավալներն ավելացնելու համար։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։

Cybercab ռոբոտաքսին ներկայացվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Մասկի խոսքով՝ մեքենաները կլինեն լիովին ինքնավար և չեն ունենա վարորդի համար նախատեսված ավանդական կառավարման համակարգեր։

Ձեռնարկատերերի համար մեկ մեքենայի արժեքը կկազմի շուրջ 30 հազար դոլար, իսկ ծառայությունից օգտվողների համար մեկ մղոն (1.6 կմ) ուղևորության արժեքը կլինի մոտ 30-40 ցենտ։

Cybertruck-ը Tesla-ի էլեկտրական պիկապն է՝ չժանգոտվող պողպատից պատրաստված ֆուտուրիստական դիզայնով։ Դրա սերիական արտադրությունը Gigafactory Texas գործարանում մեկնարկել է 2023-2024 թվականներին։ Մոդելը դարձել է ընկերության ամենաքննարկվող արտադրանքներից մեկը, սակայն արտադրության ծավալների աստիճանական ավելացման գործընթացը երկար է տևել, իսկ պահանջարկը զիջել է նախնական սպասումներին։

Cybercab-ը, որը հայտնի է նաև որպես Tesla-ի ռոբոտաքսի, Իլոն Մասկի ինքնավար տրանսպորտի ոլորտի առանցքային նախագիծն է։ Ընկերությունը խաղադրույք է կատարում լիովին ինքնավար մեքենաների (Fully Autonomous Vehicle) և սեփական ռոբոտաքսի ծառայության զարգացման վրա՝ դրանք դիտարկելով Tesla-ի ապագա արժեքի աճի հիմնական շարժիչ ուժը։

Արտադրական հզորությունների վերաբաշխումը՝ հօգուտ Cybercab-ի, արտացոլում է Մասկի ռազմավարական առաջնահերթությունը՝ մասնավոր սեփականատերերին ավտոմեքենաներ վաճառելուց անցում կատարել դեպի ինքնավար տրանսպորտի և ռոբոտացված ծառայությունների մասշտաբային զարգացում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment