«Հայաստանը պետք է վճարի շուկայական գնով, բայց նաև Հայաստանին պետք է ամեն ինչի համար շուկայական գնով վճարել»․ Գեւորգ Պապոյանը՝ գազի գնի մասին

«Խոսեցիք նաև գազի ներկրման և գազի՝ արտոնյալ գնի, ըստ մեր գործընկերների ձևակերպումների, մասին։ Գազը Հայաստանի Հանրապետության սահմանին հասնելուն պես Հայաստանի Հանրապետությանը վաճառվում է 165 դոլարով, սահմանը հատելուց հետո սպառողներին գազի գինը դառնում է 370 դոլար»,- խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին։

Համեմատության կարգով բերեց Վրաստանի օրինակը․ «Վրաստանում գազը հասնում է սահման, ընդ որում՝ Վրաստանի գազային մատակարարման մոտ 80-85%-ը կազմակերպվում է Ադրբեջանի կողմից։ Ուրեմն, այս ցուցանիշը հետևյալն է՝ մոտ 55 դոլարով է հասնում Վրաստանի սահման ադրբեջանական գազը, և վերջնական սպառողին վաճառվում է մոտ 120 դոլարով։ Այսինքն՝ նույնիսկ Վրաստանի սահմանից արդեն ներս անցնելուց հետո տոկոսային արտահայտությամբ մենք խոսում ենք գրեթե երկու անգամ պակասորդի մասին Վրաստանի պարագայում»։

Նա հիշեցրեց, որ «ՀայՌուսգազարդը» ամբողջությամբ ռուսական կազմակերպություն է, կապիտալը ռուսական է։

Գեւորգ Պապոյանը պատասխանեց․ «Պետք չի վերցնել ոչ այս, ոչ այն եզրը, որովհետև Եվրոպական միությունում, այո՛, թանկ է, բայց Եվրոպական միությունում տրանզիտի ծախսն էլ է մեծ, այլ մեխանիզմներ են կիրառվում գնագոյացման գործում։ Վրաստանի դեպքում էլ պատճառն այն է, որ այնտեղ տրանզիտ վճարներ կան և այլն, փոխհատուցումներ կան, այսինքն՝ այլ մեխանիզմներ է գործում, և Հայաստանի դեպքում լրիվ ուրիշ մեխանիզմ է։ Այսինքն՝ պետք է մենք նայենք, թե ինչ գործոններ են դրա վրա ազդում։ Հիմա մեր բանաձևը բավականին բարդ է, մեր գործընթացներն են բարդ։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել․ կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք չպետք է ինչ-որ մի բան գնենք՝ կլինի գազ, կլինի պոմիդոր, կլինի երկաթ, կլինի թթվասեր, էական չի ինչ՝ մեր ինքնիշխանությամբ դա վճարելով։ Ես կարծում եմ, որ ի վերջո քիչ թե շատ կամ տրամաբանական շուկայական գներին գնալը պետք է, որ նորմալ դիտարկվի։ Այսինքն՝ եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, բայց մեզանից որևէ մեկը դրա համար վճարում է 80 դրամ, այդ 20 դրամը ինչ-որ մի այլ կերպ է վստահաբար վճարվում։ Չկա աշխարհում բան, որ ինչ-որ ուղղակի հենց այնպես քեզ տալիս են։ Ոչ մի մարդ ոչ մի այլ մարդու, ոչ մի պետություն ոչ մի այլ պետության ոչ մի բան հենց այնպես չի վաճառում։

Հայաստանը պետք է վճարի շուկայական գնով, բայց նաև Հայաստանին պետք է ամեն ինչի համար շուկայական գնով վճարել։ Եվ եթե այդպես չի, ուրեմն սկսվում են այդ բարտերները, և եթե ինչ-որ մի բան մենք էժան ենք ստանում, բայց չենք հաշվում, որ ինչ-որ բան էժան ենք տալիս, էդ արդեն պրոբլեմ է»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment