Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղի բնակիչ Արմեն Հարությունյանը ահազանգել է Aravot.am-ին՝ բողոքելով, որ իր խոշոր եղջերավոր անասունի ոտքը պատահաբար կոտրվել է, հարկադիր մորթի է ենթարկել՝ մտադրվելով մսից բաժին հանել հարազատներին, այդ թվում՝ քրոջ ընտանիքին. ուղևորվել է Մուսայելյան գյուղ, սակայն պարեկները ճանապարհին կանգնեցրել են մեքենան՝ առգրավելով միսը, տանելով Աշոցքի ոստիկանության շենքի բակ ու հետո հանձնելով ՍԱՏՄ-ին։
Ըստ նրա՝ լինելով մսագործ՝ ժամանակին վնասել է իր ձեռքի մատները, որոնք լավ չեն աշխատում, հետևաբար և որոշել էր միսն ամբողջությամբ հասցնել քրոջ տուն, որպեսզի նրա ամուսինն ու որդին նորմալ կտրատեին։
Մեր զրուցակիցը նշում է՝ անասունի ոտքը կոտրվել է կիրակի՝ ոչ աշխատանքային օր, տարածքում սպանդանոց չկա, սպանդանոցային մորթ ապահովելու համար պիտի հասնեն Կոտայքի մարզ՝ գյուղ Մեղրաձոր, իսկ մինչև հասնեն՝ միսը կսևանար, կփչանար։
«Մենք երբեք դեմ չենք եղել սպանդանոցային մորթին, սակայն պիտի հասկանան, որ այս տարածքում սպանդանոցի հարցն այդպես էլ չի լուծվում, և բավական է գյուղացիների կյանքն ավելի բարդացնեն։ Լինում են դեպքեր, երբ անասունը դաշտում տրաքում է կամ ոտքն է կոտրվում, հիմա ինչպե՞ս լուծենք այդ հարցը։
Կոնկրետ այս անասունի վրա բավական գումար եմ ծախսել, քրտնաջան աշխատանք եմ կատարել, մտադիր էի մորթել Ամանորի կապակցությամբ, բայց ստիպված եղա հարկադիր մորթի ենթարկել։ Վարկ վերցնեմ, անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ճիշտ են վարվո՞ւմ։
Թող բարի լինեն տարածքում սպանդանոցի հարցը լուծել, ինչքան կարելի է նույն բանն ասել, ինչքան կարելի է գյուղացուն վնասել։ Ի՞նչ անենք, հրաժարվե՞նք անասնապահությունից»,- հարցնում է մեր զրուցակիցը։
Նա նշում է, որ իր անասունի ականջին QR կոդ կար, որով կարող էին տեսնել, որ այն իրեն է պատկանում, պարեկները կարող էին նաև հետևել իրեն ու համոզվել, որ անասունի միսը քրոջ տուն է տանում։
Ըստ մեր զրուցակցի՝ պարեկները միսը առգրավել են, սակայն անասունի ոտքերն ու գլուխը թողել են մեքենայի մեջ։ Նա կասկածներ ունի, որ մսի բարձր որակն է գրավել նրանց։
«Ծանր աշխատանքով ապրող մարդիկ ենք, առավոտվա վեցից գոմում ենք, վարկերի տակ ենք, մոլորվել ենք, թե ինչ պիտի լինի, 5-րդ ձև են պահանջում, եթե մոտակայքում սպանդանոց չկա ու նման դեպքեր են պատահում, թող ասեն՝ ինչ անենք, մեր ապրանքը ջուրը լցնե՞նք»,- նեղսրտում է բնակիչը։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը պարզաբանեց, որ ցանկացած պարագայում կենդանին պիտի մորթվի սպանդանոցում, ոչ սպանդանոցային ծագման միսը ոչ մի դեպքում իրացման ենթակա չէ։ Նաև ասաց՝ ինչ հիմքո՞վ պիտի վստահ լինեն, որ մեքենայով միսը տեղափոխում են քրոջ տուն ու ոչ թե վաճառքի կետ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: