«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, Քննչական կոմիտեի ներկայացրած մեղադրանքներին, ինչպես նաև ներքաղաքական ճնշումների և արտաքին մարտահրավերների փոխկապակցվածությանը։
Դավթյանի գնահատմամբ՝ իրականացվող գործողությունները զուրկ են իրավական հիմքից և հանդիսանում են նախօրոք ծրագրված քաղաքական հետապնդման մաս, որի նպատակն ընդդիմադիր դաշտը չեզոքացնելն է։
Գառնիկ Դավթյանը հատուկ ուշադրություն է հրավիրել Սամվել Կարապետյանին բերման ենթարկելու և ձերբակալելու տեսարանների վրա՝ պնդելով, որ իրավապահ մարմինների կիրառած ուժային ատրիբուտները նպատակաուղղված հոգեբանական ազդեցություն են ենթադրում։ Ըստ նրա՝ որևէ դիմադրություն չցուցաբերած քաղաքացու նկատմամբ նման մեթոդների կիրառումը հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու միտում ունի։
«Սամվել Կարապետյանը դիմադրության, փախուստի որևէ փորձ չէր անում, երբ նրան ուղեկցում էին դիմակավորված, զինված աշխատակիցները։ Դա վախի մթնոլորտ տարածելու, լրացուցիչ էմոցիաներ հաղորդելու նպատակ ունի»,- ընդգծեց Դավթյանը։
Նա զուգահեռներ է անցկացրել նախկինում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ՝ նշելով, որ նույնատիպ գործելաոճ կիրառվել է նաև Գագիկ Ծառուկյանի կալանավորման ժամանակ։ Դավթյանի համոզմամբ՝ գործող իշխանությունը կրկնօրինակում է այն նույն բարքերն ու մեթոդները, որոնց դեմ պայքարում էր 2018 թվականին։
«Անցյալի բարքերի կրկնօրինակությունն է Նիկոլ Փաշինյանի մոտ, այլ մտահղացումներ չեն կարողանում աշխատեցնել․ փորձում է այն նույն բարքը, ինչի դեմ ինքը պայքարում էր 2018 թվականին, նույնատիպ անել։ Երբ դու չունես հստակ օրակարգ՝ քո երկրի Սահմանադրությունը, անվտանգությունը, տնտեսական շահերը պաշտպանելու, ընկնում ես բոլոր հայերի հետևից, ովքեր այս երկրի համար լիքը բան են արել՝ սկսած տնտեսական ներդրումներից, մարդկանց կյանքը դեպի լավացում տանելու ուղղությամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամովորը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան