ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը

Հոկտեմբերի 26-ից 31-ը Բեյրութում անցկացվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY – International Union of Socialist Youth) Միջերկրածովյան կոմիտեի հերթական հանդիպումը։ Այն կազմակերպվել է MENA LATINA ցանցի հետ համագործակցությամբ։ Երկու միջոցառումների կազմակերպման և հյուրընկալման պատասխանատվությունը ստանձնել է Լիբանանի Առաջադիմական երիտասարդական կազմակերպությունը (PYO)։

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրել են ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամներ Բագրատ Գրիգորյանը և Շերլին Տիրացույանը։

MENA LATINA-ի հանդիպմանը մասնակցել են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի տարբեր առաջադիմական երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ։ Միջերկրածովյան կոմիտեի աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել IUSY-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Պաղեստինից, Հունաստանից, Լիբանանից, Մարոկկոյից, Իսպանիայից, Քրդստանից (Հյուսիսային Իրաք), Թունիսից, Թուրքիայից և Արևմտյան Սահարայից, ինչպես նաև այլ երկրներից ու տարածքներից։

Այցի օրակարգը ներառել է նաև քաղաքական հանդիպումներ։ Պատվիրակները հանդիպել են Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի, կառավարության անդամների և Առաջադիմական սոցիալիստական կուսակցության (PSP) ղեկավարների հետ։ Վերջինս PYO-ի մայր կուսակցությունն է։

Հանդիպման հիմնական քննարկումները ծավալվել են «Միջերկրածովյան երիտասարդությունն ընդդեմ ծայրահեղ աջերի․ սոցիալիստական պատասխան» խորագրի շուրջ։ Մասնակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա հակամարտություններին, աշխարհաքաղաքական զարգացումներին, միջազգային հարաբերությունների խնդիրներին և ծայրահեղ աջ ուժերի աճող ազդեցությանը։ Երկրային զեկույցների և քննարկումների ընթացքում ներկայացվել են տարբեր երկրներում առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների գործունեության առջև ծառացած դժվարությունները՝ կարևորելով նաև միջազգային համագործակցության և համերաշխության անհրաժեշտությունը։

ՀՅԴ պատվիրակներն իրենց ելույթներում ներկայացրել են Լիբանանի հայ համայնքի առջև ծառացած խնդիրներն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հայաթափմանն ու էթնիկ զտմանը, որոնք ՀՅԴ ներկայացուցիչները դիտարկել են որպես Հայոց ցեղասպանության շարունակություն։ Նրանք միաժամանակ մտահոգություն են հայտնել միջազգային հանրության, հատկապես՝ առաջադիմական քաղաքական ուժերի և երիտասարդական շարժումների ոչ բավարար արձագանքի կապակցությամբ։

Մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում, որոնց առանցքային թեմաներից էր նաև Գազայում իրականացվող ցեղասպանությունը, հայկական պատվիրակությունը ներկայացրել է Արցախի և Գազայի իրավիճակների միջև առկա զուգահեռները։ Խոսվել է նաև Իսրայելի կողմից ապօրինաբար պահվող պաղեստինցի անձանց մասին։ Այս համատեքստում պատվիրակները բարձրացրել են Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների խնդիրը՝ ընդգծելով, որ նրանց ճակատագիրը նույնպես պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

ՀՅԴ ներկայացուցիչները կարևորել են միջազգային սոցիալիստական շարժման ակտիվ ներգրավվածությունը՝ շեշտելով, որ նման հարթակները պետք է ծառայեն ոչ միայն խնդիրների քննարկմանը, այլև դրանց շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացմանն ու գործնական համերաշխության ձևավորմանը։ Մասնավորապես, ընդգծվել է ապօրինաբար ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման ուղղությամբ հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը։

Բեյրութում գտնվելու ընթացքում պատվիրակներն այցելել են նաև պաղեստինցի փախստականների ճամբար։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ փախստականների կենսապայմաններին և արտահայտել համերաշխությունը պաղեստինցի ժողովրդին ու գործընկեր երիտասարդական կառույցներին, այդ թվում՝ «Ֆաթհ» երիտասարդական շարժմանը և Պաղեստինի ուսանողների ընդհանուր միությանը (GUPS)։

Ծրագրի մեկ այլ կանգառ է եղել «Ալ-Նահար» թերթի խմբագրությունը։ Պատվիրակները եղել են նաև Բեյրութի նավահանգստում, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել են դրա գործունեությանն ու քաղաքի տնտեսական և հասարակական կյանքում ունեցած նշանակությանը։

Հանդիպումների ավարտին կազմակերպվել են նաև մասնակից կառույցների միջև հետագա համագործակցության հնարավորություններին և փոխադարձ կապերի ամրապնդմանն ուղղված քննարկումներ։

ՀՅԴ Երիտասարդականը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել հայկական հիմնահարցերը միջազգային հարթակներում՝ կարևորելով դրանց շուրջ միջազգային համերաշխության ձևավորումը։ Հայկական հարցերի պաշտպանությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, արդարության և մարդու իրավունքների առաջմղումը մնում են միջազգային երիտասարդական համագործակցության շրջանակում իր գործունեության կարևոր ուղղություններից։

 

Leave a comment