Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի քննությունը․ Արթուր Պողոսյանի հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով Քննչական կոմիտեի 2027 թվականի բյուջետային հատկացումները, անդրադարձել է նաև զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների ողբերգական մահվան դեպքերին, մասնավորապես՝ ինքնասպանություններին։
Նրա հայտարարությունները, մեր համոզմամբ, ոչ միայն մտահոգիչ են, այլև լուրջ կասկածներ են առաջացնում այդ գործերի քննության բազմակողմանիության և օբյեկտիվության, ինչպես նաև Քննչական կոմիտեի նախագահի մասնագիտական ունակությունների և մոտեցումների վերաբերյալ։
Արթուր Պողոսյանը նշել է, որ այդ քրեական վարույթներն իր անմիջական վերահսկողության ներքո են, և իրենք ուսումնասիրում են ինքնասպանությունների պատճառները։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է դեպքեր, երբ, ըստ իր խոսքերի, ինքնասպանություն գործած կամ դրա հակված անձինք հարել են որոշակի աղանդավորական խմբերի, քարոզել ինքնասպանություն, իսկ նրանց մարմինների վրա առկա են եղել համապատասխան դաջվածքներ։ Նա նաև նշել է, որ հոգեբանների և մասնագետների կարծիքով՝ նման դաջվածքներ անում են ինքնասպանության հակված անձինք։
Սակայն Քննչական կոմիտեի նախագահը, կարծես թե, անտեսում կամ քողարկում է մի կարևոր հանգամանք․ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվող յուրաքանչյուր քաղաքացի մինչև զորակոչվելը ենթարկվում է ռազմաբժշկական փորձաքննության, որի արդյունքում տրվում է զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ եզրակացություն։
Եթե զորակոչիկի մարմնի վրա առկա են եղել այնպիսի դաջվածքներ կամ այլ ակնհայտ նշաններ, որոնք, մասնագետների գնահատմամբ, կարող էին վկայել ինքնասպանության հակվածության մասին, ապա բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս են դրանք վրիպել ռազմաբժշկական հանձնաժողովի, ինչպես նաև զորակոչիկին զննող մասնագետների ուշադրությունից։
Ավելին՝ եթե այդ նշաններն ուղեկցվել են նաև համապատասխան վարքագծային դրսևորումներով, որոնք կարող էին մատնանշել հոգեկան առողջության խնդիրների առկայությունը, ապա առավել ևս պետք է պարզել՝ արդյոք տվյալ անձը պատշաճ բժշկական և հոգեբանական հետազոտություն անցե՞լ է, և ինչի՞ հիման վրա է ճանաչվել զինվորական ծառայության համար պիտանի։
Այս հանգամանքներն անխուսափելիորեն առաջ են բերում մեկ այլ հարց․ եթե զորակոչի փուլում հնարավոր առողջական խնդիրները չեն հայտնաբերվել կամ պատշաճ գնահատականի չեն արժանացել, ապա ինչպե՞ս է հնարավոր այդ քրեական վարույթների շրջանակում ամբողջ պատասխանատվությունը կենտրոնացնել ենթադրյալ աղանդավորական ազդեցության վրա։
Մեր համոզմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահի անմիջական վերահսկողության ներքո գտնվող քրեական վարույթների շրջանակում անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն ինքնասպանության հնարավոր դրդապատճառները, այլև զորակոչի կազմակերպման, ռազմաբժշկական փորձաքննության, հոգեբանական զննության և զինվորական ծառայության ընթացքում տվյալ զինծառայողի նկատմամբ իրականացված վերահսկողության ամբողջ գործընթացը։
Չի բացառվում նաև, որ խնդրի խորքային պատճառներից մեկը վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխություններն են, որոնց արդյունքում նախկինում առողջական որոշ խնդիրներ ունեցող քաղաքացիների զորակոչման սահմանափակումները վերանայվել են, և նման խնդիրներ ունեցող անձինք սկսել են զորակոչվել զինվորական ծառայության։ Հետևաբար անհրաժեշտ է պարզել՝ արդյոք այդ փոփոխությունները պատշաճ կերպով հաշվի են առնում զինծառայողների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման պահանջները։
Իսկ բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը և զինծառայողների նկատմամբ վերաբերմունքն առավել ամբողջական գնահատելու համար առաջարկում ենք Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին մի փոքրիկ քննչական էքսպերիմենտ անցկացնել, որը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնելու բանակում առկա ոչ կանոնադրային փոխհարաբերությունները։
Պատկերացնենք, որ նա անձամբ մեկուկես տարի շարունակ ենթարկվում է հանրային ծաղրանքի, նվաստացումների, այդ թվում՝ իր հասցեին հնչեցվող սեռական բնույթի հայհոյանքների։ Որքա՞ն ժամանակ կկարողանա դիմանալ նման հոգեբանական ճնշմանը՝ պահպանելով հոգեկան հավասարակշռությունը և առանց ինքնասպանության դիմելու։
Գուցե նման փորձառությունը հնարավորություն տա ավելի լավ պատկերացնելու, թե ինչպիսի հոգեբանական ծանրության կարող են ենթարկվել զինծառայողները ոչ կանոնադրային փոխհարաբերությունների հետևանքով, և ինչու միայն աղանդավորական խմբերի կամ դաջվածքների մասին խոսելը չի կարող համարվել խնդրի լիարժեք ուսումնասիրություն։
Մենք կարծում ենք, որ զինծառայողների մահվան դեպքերի քննությունը չպետք է վերածվի առանձին, հարմար պատճառների որոնման։ Անհրաժեշտ է բացահայտել բոլոր հնարավոր հանգամանքները՝ սկսած զորակոչի փուլից մինչև զինվորական ծառայության ընթացքում ձևավորված միջավայրը, և տալ դրանց իրավական գնահատականը։
Զինծառայողների կյանքն ու առողջությունը չեն կարող դառնալ ձևական քննությունների, անհիմն ենթադրությունների կամ պատասխանատվությունից խուսափելու առարկա։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: