Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացված ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովը լուսաբանող միջազգային լրագրողներից մի քանիսն այցելել էին նաև Սյունիք՝ Շիկահողի պետական արգելոց, և անդրադարձել այնտեղ առկա բնապահպանական խնդիրներին։
Ֆրանսիական AFP գործակալության՝ Սրաշենից պատրաստած ռեպորտաժը հրապարակվել է France 24, Courrier International, Yahoo News և այլ լրատվամիջոցներում։ Թեմային անդրադարձել են նաև ֆրանսիական Le Figaro օրաթերթը, որն իր վերնագրում օգտագործել է «լայնածավալ էկոցիդ» ձևակերպումը, և Գերմանիայի հանրային ռադիոն՝ Deutschlandfunk-ը։
Հրապարակումների հիմնական ուղերձն այն է, որ մինչ Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում խոսվում է հարաբերությունների կարգավորման և խաղաղության հեռանկարների մասին, սահմանամերձ անտառների շուրջ իրավիճակը ցույց է տալիս, որ լարվածությունը պահպանվում է։
Հայաստանի իշխանությունները, սակայն, Շիկահողի խնդիրը չեն ներառել COP17-ի պաշտոնական բանակցային օրակարգում։ Դեռ համաժողովի մեկնարկից առաջ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտարարել էր, որ հարցը բազմակողմ բանակցությունների հարթակ տեղափոխելը կհակասեր Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի չեզոքության սկզբունքին։
Միջազգային մամուլի հրապարակումներում նշվում է, որ 1958 թվականին ստեղծված Շիկահողի արգելոցը զբաղեցնում է շուրջ 12 400 հեկտար տարածք։ Այն առանձնանում է կաղնու և հաճարենու անտառներով, սոսու պուրակներով, ինչպես նաև հազվագյուտ ու վտանգված կենիներով։ Արգելոցում բնակվում են նաև Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծը, գորշ արջը և բեզոարյան այծը։
Կապանի փոխքաղաքապետ Մարատ Հարությունյանի խոսքով՝ ադրբեջանական զորքերը զբաղեցնում են արգելոցի ավելի քան 2 700 հեկտարը և մի քանի հարյուր հեկտար գյուղատնտեսական հողեր։ Հարությունյանը նշում է, որ ծառերը հատվում են՝ անկախ այն հանգամանքից՝ տվյալ տեսակը գրանցված է Կարմիր գրքում, թե ոչ։
Անտառագետ Այսեր Ղազարյանի՝ արբանյակային պատկերների վերլուծության համաձայն՝ հողային աշխատանքներ են իրականացվել շուրջ 90 հեկտար տարածքում, որից մոտ 60 հեկտարն անտառածածկ է։ Հատված փայտանյութի ծավալը գնահատվում է 14–16 հազար խորանարդ մետր։ Ղազարյանը տեղի ունեցողը բնութագրում է որպես «լայնածավալ էկոցիդ»։
Ականների պայթյունները նույնպես վտանգ են ներկայացնում վայրի կենդանիների համար․ կենսաբան Հարութ Աղաթելյանը պատմում է, որ բազմիցս հայտնաբերել է ականների պայթյուններից սատկած կենդանիներ։
Փոխքաղաքապետ Հարությունյանը մտավախություն ունի, որ ծառահատումներն ու ինժեներական աշխատանքները կարող են սողանքների, սելավների և քարաթափումների պատճառ դառնալ։ Իրական վնասի չափը դեռևս հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել, քանի որ զինվորական ներկայությունն ու ականապատ տարածքները խոչընդոտում են տեղում հետազոտությունների իրականացումը։ Պարզ չէ նաև, թե արդյոք հնարավոր կլինի լիարժեք վերականգնում։
Հրապարակումներում ներկայացված է նաև, թե ինչպես է իրավիճակն ազդում սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյայի վրա։ Գյուղատնտեսական հողերի և արոտավայրերի կորուստը սպառնում է նրանց ապրուստի միջոցներին։
Շիկահողի դպրոցում մնացել է ընդամենը մեկ աշակերտ, իսկ տարեց բնակիչները զրկված են հարազատների գերեզմաններն այցելելու հնարավորությունից։
26-ամյա Մուրազ Արզումանյանը չի պատկերացնում ընտանիք կազմել մի վայրում, որտեղ անվտանգությունը երաշխավորված չէ, մինչդեռ կենսաբան Հարութ Աղաթելյանը որոշել է մնալ և իր 18-ամսական երեխային մեծացնել հայրենի գյուղում։
Միջազգային մամուլը Շիկահողի բնապահպանական և անվտանգային խնդիրները ներկայացնում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի համատեքստում։ Հատկանշական է, որ հոդվածները հրապարակվել են հենց COP17-ի օրերին, մինչդեռ համաժողովը հյուրընկալող Հայաստանի իշխանությունները որոշել էին հարցը չներառել պաշտոնական օրակարգում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: