Ռուբլու փոխանակում․ բանկերը չեղարկո՞ւմ են հատուկ փոխարժեքները

Երեկ խոշոր բանկերից մեկը մերժեց մեր հաճախորդի ռուբլին դրամով փոխանակել հատուկ փոխարժեքով, թեև գումարը գերազանցում էր 2 միլիոն ռուբլին (կանխավճար՝ կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու համար), գրում է Метры в драмах տելեգրամյան ալիքը։

Առաջարկեցին միայն բանկային ստանդարտ փոխարժեքը: Ես բազմիցս նշել եմ, որ բանկում արտարժույթ փոխանակելիս անպայման անհրաժեշտ է պահանջել հատուկ փոխարժեք: Ավելի հաճախ որպես օրինակ բերում էի դոլարի փոխանակումը դրամով, սակայն հաճախորդների հետ կանոնավոր կերպով փոխանակում էինք նաև ռուբլի: Եվ ամեն անգամ հատուկ փոխարժեքն ավելի շահավետ էր, քան սովորական բանկայինը:

Բնականաբար, խոսքն անկանխիկ փոխանակման մասին է. ռուբլու կանխիկով առհասարակ նպատակահարմար չէ գալ: Նախկինում, պարզապես այլ փոխարժեք խնդրելով, հնարավոր էր ստանալ 1–3% տարբերություն: Բնակարանի գնման համար նախատեսված գումարները փոխանակելիս սա բավականին զգալի գումար է:

Ասում են, թե սա վերաբերում է ամբողջ շուկային, սակայն ես կապ հաստատեցի այլ խոշոր բանկերի մեր ընկերների հետ. նրանք նշում են, որ առայժմ տրամադրում են, բայց իրավիճակը իսկապես կարող է վատթարանալ: Մեր գործընկերների փոխանցմամբ՝ սա պայմանավորված է ռուբլու իրացվելիության անկմամբ և ընդհանուր արժեզրկմամբ: Հույս ունեմ, որ սա ժամանակավոր միջոց է, մանավանդ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ռուբլին առանց այն էլ զգալիորեն թուլացել է դրամի նկատմամբ:

Խորհուրդ եմ տալիս նախքան հաշվին միջոցներ փոխանցելը բանկում ճշտել՝ արդյոք պատրաստ են ձեր ռուբլին փոխանակել հատուկ փոխարժեքով:

Leave a comment