Վարդևանյան․ Այս խուզարկությունները երևի հատուկ առաջարկի փաթեթի մեջ են

Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակության վայրերում խուզարկություն է կատարվում. Դուք տեսնում եք ԱԱԾ-ի, այսպես ասած, հատուկ ջոկատի ներկայացուցիչների ավտոմեքենաներն են, մի շարք ԱԱԾ ծառայողներ ներսում են գտնվում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տան դիմաց, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

«Սպասելի էին, իհարկե, համանման գործողությունները։ Այն հատուկ առաջարկներից, որ իշխանությունները խոսում էին, երևի սա այդ հատուկ առաջարկների փաթեթի մեջ է։

Սա պայմանավորված է հերթական քաղաքական պատվերով։ Այստեղ դուք իրավաբանություն մի փնտրեք, սա բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի շրջանակներում, այստեղ իրավաբանություն չկա։ Գիտեք, սա նոր չէ, ի վերջո Սամվել Կարապետյանը մինչ օրս տնային կալանքի պայմաններում է գտնվում, իսկ նախքան այդ 7 ամիս ԱԱԾ մեկուսարանում, զուտ նրա համար, որ ասել էր՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Այս գործողությունն էլ հենց դրա տրամաբանության ներքո դիտարկեք։

Դե երևի նոր սահմանադրության հետ կապված հարցերում պետք է ԱԱԾ դիմակավորված գործընկերներ լինեն։ Օրինակ, երբ ասում եք՝ սահմանադրության փոփոխություն, առաջինը չեք պատկերացնո՞ւմ, օրինակ խուզարկություն «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի բնակության վայրերում՝ բազմաթիվ ԱԱԺ ծառայողների մասնակցությամբ։ Տենց չեք պատկերացնո՞ւմ»,– հեգնանքով ասաց Վարդևանյանը։

Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու օրակարգին, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Սա է ամբողջ հարցը, երբ իրականում սահմանադրական փոփոխության ընդհանրապես օրակարգ չկա, այլ կա պարզապես արտաքին ուժի միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, դրա համար էլ ասում ենք՝ Ալիևի օրակարգ է սա, Ալիևի սահմանադրություն է սա»։

Արամ Վարդևանյանը նշեց, որ եթե իր փաստաբանի արտոնագիրը դեռևս ակտիվ լիներ, որևէ խնդիր չէր լինի ներս մտնելու, բայց այս պահի դրությամբ, հաշվի առնելով, որ միայն պաշտպանի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կարող են ներկա մտնվել, իր մուտքը այս պահին սահմանափակված կլինի։

«Մեր գործընկերները այնտեղ են, ես կփորձեմ մաքսիմալ շատ հասցեներում այսօր գտնվել, թեև դա ֆիզիկապես երևի հնարավոր չէ բոլոր տեղերը հասցնել, որովհետև, ոնց հասկանում եմ, ռեկորդային ցուցանիշներ են արձանագրում իրավապահները։ Երևի թե այլ ծանրաբեռնվածություն չկա էլի այս պահին, ամենակարևորը այստեղ լինելն է, հնարավորինս շատ մարդկանցով»։

NEWS.am

Leave a comment