«Դա երկարաժամկետ հեռանկարի հարց է, մի բան, որն այս պահին նույնիսկ չեմ կարող պատկերացնել»․ Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահը՝ ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին

«Վիզաների հարցը սերտորեն կապված է անվտանգության հետ, իսկ ԵՄ-ն անվտանգության երաշխիքների հարցում չափազանց զգուշավոր և պահանջկոտ է»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք Եվրոպական Միությունը (ԵՄ) պատրա՞ստ է Հայաստանին առաջարկել եվրոպական ինտեգրման ավելի հստակ հեռանկար՝ օրինակ այնպիսին, ինչպիսին առաջարկվել է Արևմտյան Բալկանների երկրներին, երբ չունենալով ԵՄ անդամություն՝ այդ երկրներն օգտվում են առանց վիզայի ռեժիմից, այսպես պատասխանեց «Ժողովրդավարություն 27» աշխատանքային խմբի նախագահ, Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Վերա Յուրովան։

Նա 2019–2024-ին զբաղեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ համակարգելով ժողովրդավարության պաշտպանության, օրենքի գերակայության, ապատեղեկատվության դեմ պայքարի և լրատվամիջոցների ազատության հարցերը։

Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում, նոյեմբերի 2-3-ին անցկացված «Նոր ժողովրդավարական պակտ Եվրոպայի համար» խորագրով Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի շրջանակներում Aravot.am-ի հետ զրույցում Վերա Յուրովան կարծիք հայտնեց՝ Հայաստանի՝ ԵՄ-ին աստիճանաբար մերձենալը միանգամայն տրամաբանական ճանապարհ է։ Ըստ նրա՝ առանց վիզայի ռեժիմի անցումը միշտ էլ վստահության բավարար մակարդակի առաջին նշանն է անդամ պետությունների կողմից։ Նաև նշեց՝ այդպիսի որոշումները կապված են բոլոր անդամ պետությունների անվտանգության հետ։ Հենց այդ պատճառով որոշումը պետք է ընդունվի բոլոր անդամ պետությունների միաձայն համաձայնությամբ։

Հղում կատարելով իր աշխատանքային փորձին՝ Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահն ասաց․ «Հիշում եմ, երբ քննարկում էինք որոշ երկրների համար վիզային ռեժիմի պայմանները, դա բավականին բարդ և պահանջկոտ գործընթաց էր։ Հաշվի էին առնվում բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ քաղաքական կայունությունը և որոշ թշնամական երկրների նկատմամբ ունեցած դիրքորոշումը։ Ուստի, բնականաբար, առանց վիզայի ռեժիմ ստանալը դիմող երկրի համար հեշտ գործընթաց չէ։ Այս պահին չեմ կարող կանխատեսել, թե որքանով ԵՄ-ն պատրաստ կլինի դրան։ Օրինակ՝ ԵՄ-ն շատ խիստ պայմաններ է ներկայացնում Արևմտյան Բալկանների երկրներին, Ուկրաինային և Մոլդովային, որոնք արդեն թեկնածուի կարգավիճակ ունեն։ Այս երկրներն արդեն գիտեն, որ ԵՄ-ն կարող է իսկապես բավականին խիստ լինել»։

Անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին՝ Վերա Յուրովան պարզաբանեց, թե այսօր ինտեգրման ինչ մակարդակներ կան և ՀՀ-ն որտեղ է գտնվում։ Իր բնութագրմամբ՝ գործ ունենք ինտեգրման 4 մակարդակի հետ, որտեղ ՀՀ-ն չորրորդ պլանում է․ «Առաջին՝ ներքին մակարդակը, ներառում է եվրագոտու անդամ երկրները, որոնք արդեն ընտրել են ավելի արագ ինտեգրման ուղին։ Երկրորդ մակարդակում ԵՄ անդամ պետություններն են։ Երրորդ մակարդակում՝ թեկնածու երկրները։ Իսկ չորրորդ մակարդակն այն ձևաչափն է, որը, ըստ էության, ձևավորվեց երկու տարի առաջ Պրահայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում։ Հայաստանը գտնվում է չորրորդ մակարդակում։ Ուստի խորհուրդ կտայի Հայաստանին ուժերը միավորել այդ մակարդակում գտնվող մյուս երկրների հետ․ օրինակ՝ այդ երկրների թվում են նաև Թուրքիան ու Մեծ Բրիտանիան։ Իհարկե, Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին այս պահին պետք է մոռանալ, սակայն մեզ անհրաժեշտ են ամուր կապեր, հատկապես տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցություն Թուրքիայի և այդ չորրորդ մակարդակում գտնվող մյուս երկրների հետ։ Ուստի ես խորհուրդ կտայի Հայաստանին ամուր գործընկերություն հաստատել այդ մակարդակի մյուս երկրների հետ և քննարկել, թե ինչ կարելի է անել, ինչպես կարելի է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Եվրոպական միության հետ՝ գտնվելով այդ չորրորդ մակարդակում։ Ի դեպ`այսպես կոչված մակարդակ անվանումն իմ բնութագրումն է․ այն պաշտոնապես այլ անվանում ունի՝ գործընկերության ռազմավարական օրակարգ»։

Ըստ Վերա Յուրովայի՝ բացի առանց վիզայի ռեժիմից, ՀՀ-ի համար կարող են ստեղծվել բազմաթիվ գործնական հնարավորություններ՝ կապված եվրոպական միասնական շուկա մուտք գործելու, տեխնոլոգիական զարգացմանը մասնակցելու, հայկական հետազոտական ներուժն օգտագործելու և հայ ուսանողների՝ Եվրոպայում կրթություն ստանալու հնարավորությունների հետ․ «Այսպիսի հնարավորությունները հարյուրավոր են։ Հայաստանը պետք է հստակ հասկանա, թե ինչ է ցանկանում, ինչ կարող է առաջարկել Եվրոպային և ինչ պայմաններ է պատրաստ ընդունել»։

Հարցին՝ ՀՀ-ի պարագայում արդյոք իրատեսական համարո՞ւմ եք սկզբում ստանալ որոշակի շոշափելի օգուտներ՝ օրինակ՝ առանց վիզայի ռեժիմ, իսկ հետո միայն խոսել անդամակցության գործընթացի մասին․ «Այո՛, դա իրատեսական է։ Վերադառնամ իմ նախորդ պատասխանին։ Պետք է մտածել, թե ինչ ակնկալիքներ ունեք, ինչի եք ցանկանում հասնել և ինչ կարող եք առաջարկել։ Անդամակցության փուլային մոտեցումը՝ քայլ առ քայլ ինտեգրման խորացումը, արդեն հայտնի մեթոդ է, և ներկայումս այն կիրառվում է նաև անդամակցության թեկնածու երկրների նկատմամբ։ Արևմտյան Բալկանների երկրների համար կա նոր ռազմավարություն, որը ներառում է այն քայլերի ցանկը, որոնք մենք կարող ենք արդեն այսօր միասին իրականացնել։ Հենց այդ պատճառով ես միշտ ասում եմ, որ ԵՄ-ին անդամակցությունն ու համագործակցությունը «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով չեն գործում»։

Հետաքրքրվեցինք՝ առանց ԵՄ անդամակցության որոշ օգուտներ քաղելու հեռանկարը ՀՀ-ի պարագայում երկարաժամկե՞տ է՝ հատկապես առանց վիզայի ռեժիմի անցման առումով, Վերա Յուրովան պատասխանեց․ «Դա կախված է նրանից, թե ինչի եք ցանկանում հասնել։ Եթե ցանկանում եք դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա դա շատ երկարաժամկետ հեռանկարի հարց է, մի բան, որն այս պահին նույնիսկ չեմ կարող պատկերացնել»։

Մեր փաստմանը՝ ՀՀ-ն ԵՄ-ի հետ արդեն մի քանի տարի է սկսել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները և հարցին՝ դա կարո՞ղ է կարճաժամկետ հեռանկարում կոնկրետ նկատելի արդյունք ունենալ, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Դա կախված կլինի աշխարհաքաղաքական իրավիճակից և Հայաստանի հարաբերություններից այլ երկրների, իհարկե՝ նաև Ռուսաստանի հետ»։

Այս առիթով Վերա Յուրովան հիշեց Եվրոպական հանձնաժողովում Ժան Կլոդ Յունկերի նախագահության ժամանակաշրջանում իր աշխատանքը ու պատմեց․ «Ժան Կլոդ Յունկերը միշտ ասում էր, որ անդամակցության գործընթացում որևէ քայլ չի իրականացվի, եթե դրա արդյունքում ԵՄ-ն չկարողանա այսպես ասած՝ արտահանել բարեկեցություն, անվտանգություն և արժեքներ։ Մենք չենք ցանկանում ներմուծել որևէ տեսակի վտանգ, անվստահություն կամ անկայունություն։ Այս սկզբունքն այսօր ավելի քան արդիական է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԵՄ-ն պետք է չափազանց զգուշավոր լինի»։

Փաստեցինք՝ մի կողմից՝ ԵՄ-ին անդամակցության համար Հայաստանը պետք է բավարարի անվտանգության հետ կապված որոշակի պահանջների, մյուս կողմից՝ ի՞նչ երաշխիքներ կարող է ԵՄ-ն առաջարկել Հայաստանին, եթե Հայաստանի՝ ՌԴ-ից այսպես ասած հեռանալու դեպքում ի հայտ գան անվտանգային նոր մարտահրավերներ, Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահը պատասխանեց․ «Սա շատ բարդ հարց է, որը լուծելու համար տարիներ կպահանջվեն։ Իհարկե, եվրոպական դիվանագիտությունը շարունակում է կապեր պահպանել, սակայն ես տեղյակ չեմ որևէ հատուկ ծրագրի մասին, որը նախատեսված կամ ֆինանսավորվող կլիներ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու նպատակով՝ հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է այսքան թեժ և բարդ տարածաշրջանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment