«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարության տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար
Մերձավորարևելյան աշխարհաքաղաքական հավասարումները թևակոխում են սկզբունքորեն նոր, առավել կոշտ դիմակայության փուլ, որտեղ տասնամյակներով գործող զսպման ավանդական մեխանիզմները արագորեն փոխարինվում են ուղղակի պատերազմական պատրաստության դոկտրիններով։ Այս խորապատկերում Իրանի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարների հանդիպումը Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի հետ և դրա արդյունքում հնչած հրապարակային ցուցումները դուրս են գալիս հերթական հռետորաբանության շրջանակներից։ Թեհրանը բաց տեքստով հայտարարում է իր ռազմավարական կեցվածքի արմատական փոփոխության մասին. պասիվ կամ համաչափ զսպման մոդելից անցում է կատարվում «առավելագույն զսպման» և նախահարձակ պատրաստության օրակարգի։
«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» բանաձևումը փաստում է, որ Իսլամական Հանրապետությունը միակողմանիորեն վերանայում է հակամարտությունների վարման խաղի կանոնները։ Թեհրանն այլևս չի պատրաստվում սահմանափակվել սոսկ իրեն հասցված հարվածներին դիմակայելով կամ տեղայնացված պատասխաններով, այլ հավակնում է ինքնուրույն որոշել որևէ ռազմական կամ ահաբեկչական էսկալացիայի ավարտի պայմաններն ու ժամանակը։ Սա վկայում է Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի բռնկման ռիսկերի աննախադեպ աճի մասին: Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն գնահատում է իրադարձությունների նման զարգացման բարձր հավանականությունը, այլև գործնականում վերադասավորում է սեփական ներուժը հնարավոր բախմանը դիմակայելու համար։ Զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորաշարժային պատրաստականությունը, թիրախների բազայի արդիականացման գործընթացը և ռազմական հետախուզության ճարտարապետության խորացումը փաստում են, որ Թեհրանում վաղուց դուրս են եկել սոսկ սպառնալիքների հռետորաբանության տիրույթից և անցել հնարավոր էսկալացիայի գործնական նախապատրաստության։
Թեհրանի այս նոր դոկտրինալ շրջադարձը, որով ամերիկյան և իսրայելական ուժերի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական բոլոր ակտիվները հայտարարվում են իրանական զինուժի հնարավոր հարվածների օբյեկտ, արմատապես փոխում է արևմտյան կոալիցիայի աշխարհաքաղաքական հաշվարկների տրամաբանությունը։ Վաշինգտոնյան և թելավիվյան փորձագիտական հանրույթում «առանց աշխարհագրական սահմանափակումների» անհապաղ արձագանքի սպառնալիքը դիտարկվում է ոչ թե որպես լոկ մերձավորարևելյան թատերաբեմում լարվածության հերթական ալիք, այլ որպես գործողությունների աշխարհագրության գլոբալ ընդլայնման հայտ։ Արևմտյան առաջատար վերլուծական կենտրոններն արձանագրում են, որ այս բանաձևումն ուղղակիորեն խոցելի է դարձնում Միացյալ Նահանգների եվրոպական դաշնակիցներին։ Ռազմական բախման ակտիվացման սցենարում Եվրոպայի տարածքում գտնվող ռազմավարական ենթակառուցվածքները, ՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցներն ու հաղորդակցության կենտրոնները ինքնաբերաբար հայտնվում են իրանական հեռահար հարվածների հասանելիության գոտում։ Սրանով Թեհրանը չեզոքացնում է հնարավոր հակամարտությունը Մերձավոր Արևելքի սահմաններում տեղայնացնելու և սեփական տարածքից հեռու պատերազմ վարելու արևմտյան ավանդական մարտավարությունը՝ Վաշինգտոնին և Եվրոպային կանգնեցնելով անկանխատեսելի հետևանքներով հղի գլոբալ ճգնաժամի իրական հեռանկարի առջև։
Այս ֆոնին ռուսական փորձագիտական և քաղաքական շրջանակներում Իրանի դիրքորոշման կոշտացումը դիտարկվում է ոչ թե պարզապես որպես իրավիճակային պաշտպանական քայլ, այլ որպես Արևմուտքի գլոբալ հեգեմոնիայի դեմ մղվող աշխարհակարգային պայքարի կարևորագույն բաղադրիչ։ Մոսկվայի վերլուծական հարթակներում շեշտվում է, որ Թեհրանի կողմից խաղի կանոնների նման արմատական վերանայումը խարխլում է ուժի կիրառման արևմտյան մենաշնորհը և ստեղծում նախադեպ, որտեղ տարածաշրջանային խաղացողն ինքն է սահմանում դիմակայության սահմաններն ու աշխարհագրությունը։ Մոսկվայի գնահատմամբ՝ «առանց սահմանափակումների» հարվածներ հասցնելու Իրանի պատրաստակամությունը ռազմավարական նոր իրողություն է ստեղծում միջուկային և հեռահար զսպման գլոբալ համակարգում՝ ստիպելով Վաշինգտոնին հաշվի նստել բազմաբևեռ աշխարհի կոշտ դրսևորումների հետ։ Այդուհանդերձ, Թեհրանի այս նախահարձակ պատրաստականությունը Մոսկվայից պահանջում է ծայրահեղ նուրբ մանևրում։ Կրեմլը ստիպված է հավասարակշռել Իրանի հետ իր խորքային գործընկերությունը դիվանագիտական զսպվածության կոչերի հետ, քանի որ Մերձավոր Արևելքում անվերահսկելի էսկալացիան և հարվածների աշխարհագրական սահմանափակումների վերացմամբ պայմանավորված աշխարհաքաղաքական հավասարումների խախտումը կարող են հարվածել նաև սեփական տարածաշրջանային ու աշխարհատնտեսական շահերին։
Աշխարհաքաղաքական այս նոր իրողությունն էլ ավելի խորը հակասությունների ու անվտանգային երկընտրանքի առջև է կանգնեցնում Պարսից ծոցի արաբական երկրներին։ Արաբական մայրաքաղաքներում հստակ գիտակցում են, որ իրենց տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայաններն ու նավթագազային հսկա ենթակառուցվածքները Թեհրանի նոր դոկտրինալ ռազմավարության լույսի ներքո վերածվում են յուրօրինակ թիրախային պատանդների։ Իրանի կողմից «անհապաղ և արդյունավետ հակազդեցության» հռչակումը արաբական միապետություններին մղում է վերանայելու Վաշինգտոնի հետ իրենց անվտանգային դաշինքների իրական գինը: Գիտակցելով, որ հնարավոր բախման դեպքում հենց իրենք կարող են հայտնվել առաջին հարվածի թիրախում՝ Պարսից ծոցի երկրները ծայրահեղ զգուշավորություն են ցուցաբերում հակաիրանական ռազմական որևէ կոալիցիային կամ իսրայելական նախագծերին բացահայտ աջակցելու հարցում։ Ստեղծված պայմաններում նրանք նախապատվությունը տալիս են Թեհրանի հետ դիվանագիտական կապերի պահպանման և տարածաշրջանային դետանտի մարտավարությանը, քանի որ սեփական տնտեսական անվտանգության երաշխիքները մեծապես պայմանավորում են ոչ թե արևմտյան պաշտպանության հուսալիությամբ, այլ Իրանի հետ ուղղակի հակադրության բացառմամբ։
Այս ամենին զուգահեռ, Իրանի հայեցակարգային այս վերանայումը ռազմավարական բարդ երկընտրանք է առաջադրում Պակիստանին, որն ավանդաբար փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները մի կողմից Վաշինգտոնի ու արաբական միապետությունների, մյուս կողմից՝ Թեհրանի հետ։ Իսլամաբադում, որպես իսլամական աշխարհի միակ միջուկային տերության, գիտակցում են, որ Իրանի կողմից հարվածների աշխարհագրական սահմանափակումների վերացումը կարող է ապակայունացնել իր իսկ արևմտյան սահմանները։ Պակիստանի ռազմաքաղաքական էլիտան ստիպված է հաշվի նստել այն իրողության հետ, որ Իրանի դեմ արևմտյան որևէ գործողությանն իր անուղղակի կամ լռելյայն աջակցությունը կարող է սեփական տարածքը վերածել իրանական անհապաղ հակազդեցության թիրախի։ Սա Իսլամաբադին մղում է հրաժարվել լոկ սպասողական դիրքորոշումից և ավելի ակտիվորեն ստանձնել տարածաշրջանային միջնորդի ու բազմակողմ անվտանգային հարթակների ձևավորողի դերը՝ փորձելով կանխել այնպիսի էսկալացիա, որն իրեն կկանգնեցնի կենսական ընտրություն կատարելու անհնարինության առջև։
Մեկ այլ, ոչ պակաս ծանրակշիռ տրանսֆորմացիա է ուրվագծվում Թուրքիայի ռազմավարական հաշվարկներում, որտեղ Իրանի դիրքորոշման կոշտացումը դիտարկվում է տարածաշրջանային ազդեցության գոտիների վերաբաշխման խորապատկերում։ Անկարան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի առանցքային անդամ և միաժամանակ Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում սեփական հեգեմոնիան հաստատելու ձգտող ամբիցիոզ խաղացող, հայտնվում է շահերի բարդ բախման կենտրոնում։ Թեհրանի կողմից ամերիկյան ակտիվների անսահմանափակ թիրախավորման հռչակումը Թուրքիայի համար ստեղծում է անվտանգային ուղղակի ռիսկեր՝ հաշվի առնելով իր տարածքում գտնվող դաշնակցային ռազմական և հետախուզական ենթակառուցվածքները։ Թուրքական ղեկավարությունը հարկադրված է լինելու առավել նուրբ մանևրել՝ փորձելով մի կողմից թույլ չտալ Իրանի չափից ավելի հզորացումն ու խաղի կանոնների միանձնյա թելադրումը, իսկ մյուս կողմից՝ խուսափելով Արևմուտքի հակաիրանական ռազմական սցենարներին ուղղակիորեն միանալուց, ինչը կարող է ապակայունացնել հենց Թուրքիայի հարավային և արևելյան սահմանների անվտանգությունը։
Իրանի նոր ռազմական ռազմավարության տարածումը Հարավային Կովկասի վրա ձևավորում է սկզբունքորեն փոխված և ռիսկերով հղի անվտանգային միջավայր, որտեղ առանցքային հանգույցներից է դառնում Ադրբեջանի գործոնը։ Բաքվի որդեգրած արտաքին քաղաքական կուրսը թևակոխում է կառուցվածքային լուրջ հակասությունների փուլ. Թեհրանի հետ ուղղակի էսկալացիայի բացառման և սահմանային կայունության պահպանման հրամայականը բախվում է Թել Ավիվի հետ առկա խորքային ռազմավարական ու հետախուզական գործընկերության անհամատեղելիությանը։ Իրանական նոր դոկտրինալ ուղեգիծը, որն անմիջական թիրախային գոտի է հռչակում հակառակորդի նյութական և ոչ նյութական բոլոր ակտիվները, ստեղծում է մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանի տարածքում իսրայելական որևէ թաքնված կամ բացահայտ ներկայություն, հետախուզական կայան կամ լոգիստիկ հանգույց Թեհրանի կողմից ինքնաբերաբար դիտարկվելու է որպես անհապաղ հարվածի օբյեկտ։ «Առանց աշխարհագրական սահմանափակումների» սկզբունքի ներդրմամբ Իսլամական Հանրապետությունը երկրորդական է դարձնում պետական սահմանների անձեռնմխելիության ավանդական ընկալումը՝ Բաքվի համար սեփական տարածքը հակաիրանական պլատֆորմի վերածելու աշխարհաքաղաքական գինը հասցնելով կրիտիկական մակարդակի։
Ուժային այս խորքային վերադասավորումների ամենավտանգավոր անդրադարձները կարող են ձևավորվել նաև Հայաստանի անվտանգային միջավայրի շուրջ, որտեղ Երևանի կողմից վավերացված TRIPP ռազմավարական համաձայնագիրը կառուցվածքային անհամատեղելիության միտումներ է դրսևորում Իրանի նոր դոկտրինալ ուղեգծի հետ։ «Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ արձագանքի» իրանական բանաձևի խորապատկերում, Սյունիքով անցնող երթուղիներում կամ հանրապետության տարածքում արևմտյան որևէ երկարաժամկետ լոգիստիկ կամ ենթակառուցվածքային ներկայություն Թեհրանի կողմից այլևս կարող է ընկալվել ոչ թե որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի դրսևորում, այլ որպես հակաիրանական ամերիկյան ուղղակի անվտանգային ակտիվ։ Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի ծայրահեղ սրման պարագայում հայաստանյան այդ հարթակները ինքնաբերաբար կարող են հայտնվել իրանական անհապաղ հակազդեցության թիրախային գոտում՝ չեզոքացնելով արտաքին երաշխիքների մասին որևէ տեսական պատրանք։ Ավելին՝ նման աշխարհատնտեսական և ռազմական ներգրավվածությամբ պաշտոնական Երևանը, ձգտելով դիվերսիֆիկացնել սեփական անվտանգությունը, հայտնվում է մի իրավիճակում, որտեղ Հայաստանի սահմանային ենթակառուցվածքները դադարում են դիտարկվել որպես լոկ տարածաշրջանային հաղորդակցության ուղիներ: Դրանք ներառվում են գլոբալ դիմակայության ռազմական պլանավորման համակարգում, ինչի արդյունքում արևմտյան վեկտորին հարելու շտապողականությունը ոչ թե հավելյալ պաշտպանություն է ստեղծում, այլ երկրի ինքնիշխան տարածքը վերածում է ուժային կենտրոնների հնարավոր հեռահար բախման առաջնագծի՝ հարվածի տակ դնելով պատմական վստահության վրա հիմնված, հարևան երկրի հետ բարեկամական հարաբերությունների ներուժը:
Աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությունը, որն այսօր ձևավորվում է մեր աչքի առջև, այլևս թույլ չի տալիս փոքր պետություններին առաջնորդվել վերացական հռչակագրերի կամ սեփական հարևանների կենսական վերապահումներն անտեսելու պատրանքային դիվանագիտությամբ։ Ստեղծված իրողությունը ոչ թե պարզապես լարվածության հերթական ժամանակավոր օջախ է, այլ պետությունների ինքնիշխանության և կենսունակության վերագնահատման կոշտ քննություն։ Նոր ձևավորվող ուժային բևեռների և անսահմանափակ ռազմական արձագանքների դարաշրջանում, անմիջական հարևան երկրների ռազմավարական «կարմիր գծերը» շրջանցելու կամ անտեսելու յուրաքանչյուր շտապողական քայլ ժամանակի ընթացքում դադարում է լինել սոսկ դիվանագիտական սխալ. այն վերածվում է ուղղակի և անդառնալի գոյաբանական սպառնալիքի պետականության հիմքերի համար։ Ստեղծված բարդ հավասարման մեջ փոքր դերակատարների հարատևման միակ գրավականը դառնում է ոչ թե արտաքին ուժային կենտրոնների շահերի սպասարկման հարթակի վերածվելու պատրաստակամությունը, այլ սեփական աշխարհագրական միջավայրի իրողությունների սառնասիրտ ընկալումը: Անվտանգության փնտրտուքը չպետք է գերազանցի տարածաշրջանային դիմակայության կրիտիկական շեմը, քանի որ ուժերի գլոբալ բախման էպիկենտրոնում հայտնվելու դեպքում աշխարհաքաղաքական գինը միշտ վճարում են նրանք, ովքեր սեփական սահմանների անվտանգությունը վստահել են հեռավոր՝ ենթադրյալ դաշնակիցների վերացական խոստումներին:
Արամ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: