Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալվող իրադարձություններին։ Պատգամավորի համոզմամբ՝ տեղի ունեցողը ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է Հայաստանում ունենալ իր սահմանադրությունը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում ու կալանավորում է բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում այդ գործընթացին։ Քոչարյանի պնդմամբ՝ իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր իրականացնում են այդ գործողությունները, անկախ սեփական ինքնաարդարացումներից, իրականում դարձել են Ալիևի քաղաքական գործիքը, և իրենք ու իրենց մերձավորները պետք է ապրեն հենց այդ գիտակցումով։