Անկարայում նշել են Ադրբեջանի «Հաղթանակի օրը»

Ermenihaber. Ադրբեջանի՝ նոյեմբերի 8-ին նշվող «Հաղթանակի օրվան» ընդառաջ Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը Գազիի զինվորական ակումբում ընդունելություն է կազմակերպել։

Միջոցառումը մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի պետական օրհներգերի հնչեցմամբ, այնուհետև ցուցադրվել է օրվան նվիրված կարճ տեսանյութ։

Ընդունելությանը մասնակցել են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին, Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների փոխնախարարներ, դիվանագետներ ու քաղաքական գործիչներ։

Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը հայտնել է, որ 6 տարի առաջ՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ադրբեջանական բանակը «ազատագրել է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը»՝ այդպիսով պատմական հաղթանակ գրանցելով։ Նա հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և շնորհակալություն հայտնել վետերաններին ու զինվորականներին։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ Ասլանովը նշել է, որ երկու երկրներին կապում են պատմական փորձություններով ամրապնդված բարեկամական և եղբայրական հարաբերությունները։ Նրա խոսքով՝ այդ կապերի ամրության հիմքում երկու ժողովուրդների փոխադարձ սերն ու վստահությունն են։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին էլ պնդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ երկիրը 44 օրում «պատմություն է կերտել»՝ վերջ դնելով 30 տարի տևած «օկուպացիային»։ Նա նաև ընդգծել է, որ այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ երկու երկրների հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային մակարդակի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment