«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավաբանության հետ որևէ կապ չունի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը՝ անդրադառնալով նաև Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում այսօր իրականացված խուզարկություններին:
Ըստ նրա՝ իրավական գործընթացների քողի տակ կատարվող ապօրինի գործընթացները նաև արտաքին ուժերի ճնշումներով են պայմանավորված. «Նիկոլ Փաշինյանի վրա արտաքին ուժերը ճնշում են գործադրում՝ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար։ Մենք պատ ենք կանգնել Ալիևի սահմանադրության առաջ, որովհետև դրանում նախատեսվող փոփոխությունները հրաժարում են մեր ազգային ինքնությունից»:
Անուշ Միրզոյանը վստահ է, որ եթե սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան, ադրբեջանցիները Խնածախից մինչև Կիրանց թակելու են բնակիչների դռներն ու ասելու` ժողովուրդ ջան, սա մեր տունն է, այստեղ ապրել ենք, հիմա էլ եկել ենք բնակվելու»։
Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած հայտնի դեպքին, երբ ադրբեջանցի զինվորը մտել էր հայկական ընտանիք, Միրզոյանն ասաց.
«Անընդհատ մոլորված են անվանում սահմանը խախտած ու հայ կնոջ վրա կրակ բացած ադրբեջանցուն, բայց այս մարդիկ 24-ժամյա ռեժիմով շնորհակալություն են հայտնում Ալիևին ու մյուս պաշտոնյաներին։ Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ պետք է խոսեն ուժեղի դիրքերից»։
Միրզոյանի խոսքով՝ ոչ միայն սահմանախախտման դեպքերն են շարունակական բնույթ կրում, այլ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը։
«Նիկոլ Փաշինյանը ամպագոռգոռ հայտարարում էր, որ մենք վճռական քայլեր ենք ձեռնարկում այս ամենը կանխելու համար, բայց մի քանի օր առաջ տեսանք, որ կրկին զոհ ունեցանք։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը ոչ միայն սահմանամերձ գյուղերում, այլև Երևանի կենտրոնում»,- հավելեց պատգամավորը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: