ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տեղյակ չէ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու կարգերին մանրամասն, բայց կարծում է, որ դա հնարավոր է անել առցանց տարբերակով։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու մասով առաջացած խնդիրների մասին հարցին, քանի որ վերջինս տնային կալանքի տակ է գտնվում, Արփինե Սարգսյանն ասաց․ «Քաղաքացիության հրաժարումը ստանդարտ գործընթաց է, պետք է որ որեւէ խոչընդոտ չլինի։ Ամեն դեպքում, մենք մեզ մոտ որեւէ տեղեկություն չունենք, որ որեւէ դիմում կա կամ հրաժարման գործընթաց կա։ Կարծում եմ, պարոն Կարապետյանը պետք է ինքը մեկնաբանի, թե ինչո՞ւ մինչեւ այս պահը որեւէ հրաժարում տեղի չի ունեցել»։
Ավելի ուշ՝ հստակեցնող հարցին էլ պատասխանեց, որ գործընթացի ընթացքում ՀՀ-ն կարող է տեղեկություններ չունենալ, բայց վերջնարդյունքում պաշտոնական գրությամբ տեղեկացվում է արդյունքի մասին։
Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն եւ դրանցից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Հետո նաեւ ասաց, որ տնային կալանքում գտնվելու պատճառով չի կարողանում գործընթացն ավարտին հասցնել։
Հարցին, եթե որեւէ մեկի անձնագրում FCB նշում կա դա ի՞նչ կարող է նշանակել, Արփինե Սարգսյանն ասաց․ «Կարծում եմ, մեկնաբանության կարիք չկա»։
Նման նշում, հիշեցնենք, Սամվել Կարապետյանի անձնագրում կա։
Լրագրողներից մեկն էլ նկատեց, որ դատավոր Մասիս Մելքոնյանն արդեն երրորդ անգամ կալանքից ազատում է «չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակությանը, որը մեղադրվում է սպանության մեջ։
Արփինե Սարգսյանը պատասխանեց՝ գործընթացին միջամտություն չի կարող ունենալ, բայց մտահոգիչ է համարում դեպքերը եւ օպերատիվ տեսանկյունից խնդրահարույց, երբ շարունակաբար ունենում ենք կալանքի կիրառում եւ կալանքից ազատում, հատկապես այն անձանց մասով, ում հետ կապված լուրջ մտահոգություններ կան։
Ճեպազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: