Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունը, որտեղ դարձել էր փոխչեմպիոն:
«Հինգ գոտեմարտերս էլ լարված անցան: Եզրափակիչը չստացվեց այնպես, ինչպես պլանավորել էինք մարզիչների հետ: Առաջին օրվա լարվածությունն ու հոգնածությունը գորգի վրա երևաց: Չստացվեց ընտրված տակտիկայով գոտեմարտել: Մեդալի համար շատ ուրախ եմ: Երկար տարիներ եզրափակիչի մասնակից չէինք ունեցել: Շատ կուզեի նվաճել ոսկե մեդալ, բայց այս պահին ունենք այս արդյունքը: Հետագայում պետք է մտածել սխալներն ուղղելու, ճիշտ տակտիկա ընտրելու և այդպես գոտեմարտելու մասին:
Կիսաեզրափակիչում ստացածս վնասվածքը խանդգարող հանգամանք չի հանդիսացել: Շատ եմ վերլուծել եզրափակիչի գոտեմարտը և մինչև հիմա էլ վերլուծում եմ: Շատ եմ մտածում այդ մասին, և բաց տեղեր գտել եմ: Կարծում եմ՝ հենց սկզբում մրցակցի ագրեսիվության ֆոնին կարելի էր ոտքերից հնարքներ կատարել»,- նշել է 27-ամյա ըմբիշը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր Թևանյանն ԱԱ-ում պայքարը սկսել էր որակավորման փուլից և 9:6 հաշվով հաղթել Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենին: Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ղազախ Օսիմժան Դաստանբեկից, իսկ քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով պարտության էր մատնել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադին:
Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցել էր Բուլղարիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Շամիլ Մամեդովի հետ ու ծանր պայքարում հաղթել 2:1 հաշվով, իսկ եզրափակիչում 1:9 հաշվով պարտվել էր 20-ամյա ամերիկացի Բո Բասեթին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 6 ըմբիշով ու նվաճել 1 արծաթե մեդալ:
Դավիթ Եղիազարյան