«Մի քանի օր առաջ մենք կարևոր նոր պրոյեկտի սկիզբն ազդարարեցինք: Պրոցեսը մենք սկսել ենք մի քանի տարի առաջ, ինչին նախորդել է երկարաժամկետ և բազմաշերտ մրցութային փուլը»,- նոր կենսաչափական համակարգի գործարկման վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարությունում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
«ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն էլ մանրամասնեց, որ 2025-ի ապրիլից է ստեղծվել իրենց ընկերությունը: Ներկայացնելով կազմակերպությունը՝ նա ասաց, որ երեկվա դրությամբ 7100 դիմում են ստացել, մոտ 2700-ն արդեն սպասարկվել են և հանձնել իրենց կենսաչափական տվյալները:
Head of the Migration and Citizenship Service of the RA Ministry of Internal Affairs Nelli Davtyan and Chief Executive Officer of HayPass Régis Bouchier gave a press conference on the launch of the new biometric system at the RA Ministry of Internal Affairs
Լրագրողի հարցին՝ ինչու «ՀայՓասի» հեռախոսահամարը չի պատասխանում, որն է պատճառը, Նելլի Դավթյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Ակնկալիքն այնպիսին էր, որ հենց նոյեմբերի 1-ին սկսենք ծառայությունների մեկնարկը, հերթերը օրերի ընթացքում բավականին մեծ են լինելու, բայց դրանք մեծ չեն, և երեկվա դրությամբ նախագրանցվողները կարողանում էին սպասարկվել մեկ օր անց: Այսօր նախագրանցվողները կկարողանան սպասարկվել վաղը կամ մյուս օրը: Մենք կարճ շրջայց ենք ունեցել մարզային գրասենյակներում, էլի առանց հերթերի միջավայր էր, բնականոն հունով սպասարկումը գնում է: Դա չի նշանակում, որ պահանջարկը փոքր է, դա նշանակում է, որ կարողանում ենք շատ ավելի մեծ թողունակություն տրամադրել և պահանջարկը սպասարկել: Եթե, օրինակ, անչափահաս անձի դիմումը վերցնելու համար նախկինում մեզնից պահանջվում էր 25 րոպե, ապա «ՀայՓասը» ցանկացած անձի գրանցումն իրականացնում է 3-5 րոպեի ընթացքում: 2700 սպասարկված անձանցից որևէ մեկի սպասարկումը չի գերազանցել 5-6 րոպեն»:
Նա նշեց, որ մինչև 15 տարեկանը ներառյալ՝ ծնողն է դիմում երեխայի համար: Նաև հավելեց. «Ամբողջությամբ տեղափոխել թղթային պրոցեսը թվային միջավայր լի է մարտահրավերներով, և սա մեզ համար լավ առիթ է՝ թվայնացնելու բոլոր պրոցեսները: Անչափահասի անձնագրավորման փուլում ի՞նչ իրավիճակ կարող է լինել, եթե ամեն ինչ հարթ չի գնում: Կարող է լինել իրավիճակ, որ տվյալ անչափահասի ծննդյան վկայականը թվայնացված չէ: Այդ պատճառով ծնող-երեխա կապը չի երևա: Իսկ մենք շարժվում ենք այն ուղղությամբ, որ ցանկացած անձ, ով ենթակա է կենսաչափական տվյալները հանձնելու, դա նշանակում է, որ բարեհաջող կերպով գրանցվել է, իր պրոֆիլը, տվյալները բնակչության պետական ռեգիստրում պետք է լինեն իդեալական: Չի կարող լինել իրավիճակ, որ ծնողական կապը արտացոլված չլինի, բայց մենք երեխայից կենսաչափական տվյալ վերցնենք: Կա համապատասխան հղում, եթե ծնողական կապը չի երևում, քաղաքացին այդ հղումի միջոցով օնլայն դիմում է ներկայացնում քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությանը, և երեխայի ծննդյան վկայականը թվայնացվում է: Թվայնացվելուց հետո բնակչության պետական ռեգիստրում կապը երևում է»:
Ինչ վերաբերում է ծրագրի խափանումների, տեխնիկական և մասնագիտական խնդիրների, անձնագրի 28650 դրամ արժեքի վերաբերյալ հարցին, այս մասին էլ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նշեց. «Մեր նախագրանցման հարթակը նորմալ աշխատում է, այո, տեխնիկական խնդիրներ, հնարավոր է, կարճ էպիզոդներում հայտնված լինեն և արագ լուծված լինեն: Եթե հիմա կան խնդիրներ, խնդրում եմ՝ դրանց մասին տեղյակ պահել: Ինչքան էլ մենք անում ենք բազմաշերտ և երկարաժամկետ թեստավորումներ, այսպիսի մասշտաբի փոփոխությունը անհնար է, որ իր հետ չբերի նոր իրավիճակներ, քանի որ հնարավոր չէ բոլոր սցենարները թեստավորել նախապես: Բայց մեր հանձնառությունը և մոբիլիզացված ՏՏ թիմերն այն նպատակն ունեն, որ առաջացող խնդիրները ուղղակի վայրկենապես լուծվեն…
Մենք հանրային ընկալումները փոխակերպելու կարիք ունենք, որովհետև տարիներ շարունակ անձնագիրն ընկալել ենք որպես անձը հաստատող այն հիմնական փաստաթուղթը, որ անհրաժեշտ է ունենալ: Հիմա ժամանակն է այդ ընկալումները ճշգրտելու, խոսքն այն մասին է, որ ներքին օգտագործման համար նույնականացման քարտն է, որ լիարժեքորեն և ամբողջ ծավալով ծածկելու է անձի նույնացման, ծառայությունների մատուցման կարիքը, և դա արժի 5950 դրամ: Անձնագիրը սահմանահատման համար պարտադիր փաստաթուղթ է, որը միայն նույնականացման քարտ ունենալու պայմանով է տրամադրվում, արժի 28650 դրամ: Ամենակարևորը, որպես ավելացված արժեք, որ անձնագիրն իր հետ բերում է, դա այն միջազգային ստանդարտին համապատասխանող էկոհամակարգն է, որի միջավայրում արտադրվում է այդ փաստաթուղթը՝ զրոյին մոտեցնելով կեղծման հնարավորությունները: Այս անձնագիրը անձի իրավական ինքնության պաշտպանության մասին է»:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: