Փաստորեն, ինքնասպանություններ գործածների մի խումբը սեկտաների (դեռևս անհայտ) հարողներ են, իսկ բանակում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Քննչական կոմիտեի ղեկավարն, անդրադառնալով բանակում ինքնասպանության մեծաթիվ դեպքերին, նշում է, որ հիմնական պատճառներից են նաև կոնկրետ զինծառայողների՝ որոշակի սեկտայի հարելը, որի պայմաններում վերջիններս ինքնասպանության հակվածություն են ունենում:

Որպես օրինակ՝ ՔԿ ղեկավարը ասում է, որ այդ սեկտային հարողները հատուկ դաջվածքներ ունեն, որոնք, մասնագետների եզրակացությամբ, զինծառայողների մոտ ինքնասպանության հակվածության մասին են վկայում:

Բարձրաստիճան պաշտոնյայի արձանագրումները մեկ այլ սարսափելի փաստի մասին են խոսում:

Փաստորեն, ինքնասպանություններ գործածների մի խումբը սեկտաների (դեռևս անհայտ) հարողներ են, որոնք մարմնի վրա կոնկրետ դաջվածքներ ունեն, իսկ բանակում գործող համապատասխան օղակները, ԶՈւ-ում կարգապահության և նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավոր անգործության են մատնված:

Երկրորդ՝ ոչ միայն ինքնասպանությունների, այլև, առհասարակ, նմանատիպ վտանգավոր խմբերի դեմ բավականին արդյունավետ աշխատանք էին ժամանակին տանում ԶՈւ-ում տասնամյակներով գործող Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայողները, իսկ այդ ինստիտուտը իշխանությունը քանդեց, իսկ տեղը լցրեց վտանգավոր գաղափարներով:

ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը ոչ միայն ինքնասպանությունների պատճառահետևանքային կապի, այլև բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է, որտեղ ներմուծվում են սարսափելի երևույթներ և բարքեր, իսկ բանակ դրանց մուտքը կանխելու կամ ներսում դրանք չեզոքացնելու բավարար ջանքեր չեն գործադրվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment