Որքա՞ն ժամանակում են տրամադրվելու նոր փաստաթղթերը, նախատեսվո՞ւմ են արդյոք սոցիալական արտոնություններ․ ՆԳՆ–ն շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արդյո՞ք պարտադիր է նոր անձնագիր ստանալ, եթե քաղաքացին չի պատրաստվում մեկնել արտերկիր, որքա՞ն ժամանակում են տրամադրվելու նոր փաստաթղթերը, և նախատեսվո՞ւմ են արդյոք սոցիալական արտոնություններ։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պատասխանել է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի վերաբերյալ քաղաքացիների կողմից հաճախ հնչող հարցերին։
Որքա՞ն արժեն նոր փաստաթղթերը, ինչպե՞ս է որոշվել գինը
«Նոր կենսաչափական անձնագիրն արժե 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը՝ 5950 դրամ: Այս գները որոշվել են միջազգային բաց մրցույթի արդյունքում. ընտրվել է ամենացածր գին առաջարկած ընկերությունը: Կարևոր է իմանալ, որ պետությունն այդ գումարին ոչ մի դրամ չի ավելացրել, այսինքն՝ քաղաքացին վճարում է փաստաթղթի համար սահմանված ինքնարժեքը», – նշել է Սարգսյանը:
Եթե քաղաքացին արտերկիր չի մեկնելու, պարտադի՞ր է անձնագիր ստանալ
«Ոչ, եթե չեք պատրաստվում ճամփորդել, կարող եք ստանալ միայն նույնականացման քարտ՝ վճարելով 5950 դրամ», – հայտնել է Սարգսյանը:
Քանի՞ օրում կստանաք նոր փաստաթուղթը
«Կենսաչափական տվյալները հանձնելուց հետո՝ 14-րդ աշխատանքային օրում։ HayPass-ը նախապես ձեզ կտեղեկացնի, թե երբ կարող եք ստանալ փաստաթուղթը: Մեր գործընկերների հետ աշխատում ենք նաև արագացված ծառայության ներդրման ուղղությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք փաստաթուղթը ստանալ ավելի կարճ ժամկետում», – ասել է Սարգսյանը` հավելելով, որ այդ հնարավորության գործարկման ժամկետների և պայմանների մասին ևս նախապես կտեղեկացվի:
Սոցիալապես անապահով ընտանիքների համար զեղչեր կամ արտոնություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ
«Այո՛, նախատեսվում են: Կառավարությունը նախատեսում է աջակցության հնարավորություն, որպեսզի սոցիալական որոշ խմբերի համար փաստաթղթերի վճարն ամբողջությամբ կամ մասամբ հոգա պետությունը: Թե ովքեր կարող են օգտվել այդ աջակցությունից և երբ, առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնենք», – ասել է Սարգսյանը:
Նոր կենսաչափական համակարգի մասին
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի ձևակերպման նոր համակարգ: Մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, երևանյան «Երևան Մոլ»-ում բացվել է HayPass սպասարկման առաջին կենտրոնը:
Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում: Սկզբնական փուլում նախատեսված է 14 սպասարկման կենտրոնների աշխատանք, այդ թվում՝ երկուսը Երևանում, հետագայում դրանց թիվը հասցնելով 23-ի:
Կենսաչափական անձնագրի արժեքը կազմում է 28 650 դրամ, ID-քարտինը՝ 5 950 դրամ: Փաստաթղթերի տրամադրման ժամկետը 14 աշխատանքային օր է: Ավելի վաղ տրված անձնագրերն ու ID-քարտերը մնում են վավերական մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: