«Այսօրվա Հայաստանը հիշեցնում է Համիդյան Թուրքիայի ժամանակները». Լարիսա Ալավերդյան

«Մեզ զավթել են ներսից։ Այս թիմը, որին նույնիսկ քաղաքական կուսակցություն չեմ ուզում կոչել, ոսկերչական աշխատանքի արդյունքում է ստեղծվել, և շատ կարևոր է, որ այդ անձինք, որոնք կազմում են այս թիմի հիմքը, զուրկ են բարոյականությունից»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նկատեց, որ այսօրվա հայաստանյան իրականությունում տեղի ունեցող իրադարձությունները շատ նման են Համիդյան Թուրքիայի ժամանակ հայերի նկատմամբ իրականացված գործողություններին։

«Այն ժամանակ այն մտավորականները, որոնք արտահայտում էին ազգային-ազատագրական գաղափարներ, առաջ էին մղում այնպիսի հարցեր, ինչպիսիք էին կրթության տարածումն ու առաջադիմությունը, անմիջապես ձերբակալվում էին։ Բայց, բացի գաղափարական ճնշումներից, իրականացվում էին նաև տնտեսական ճնշումներ։ Խլվում էին հարուստ հայերի ունեցվածքը և փոխանցվում նրանց, ում հարմար էին գտնում։

Միջազգային հանրությանն անմիջապես ապացուցում էին նաև, որ ձերբակալվածներն օտարերկրյա պետությունների պատվերներն են կատարում և ֆինանսավորվում են նրանց կողմից։ Միջազգային հանրությանը համոզում էին, որ ձերբակալվածները վտանգում են երկրի ազգային անվտանգությունը և կարող են այնպիսի վնաս հասցնել պետությանը, որ տուժի ժողովուրդը»,- ասաց Ալավերդյանը։

Ալավերդյանը հիշեցրեց, որ ձերբակալվում էին նաև դիմադրություն ցույց տվողները։

«Ձերբակալությունները եղել են գլխավոր գործիքներից մեկը։ Խնդիրն այն է, որ հակապետական գործունեություն իրականացնելու կեղծ մեղադրանքով մեծամասամբ հենց մտավորականներն ու դիմադրողները էին ձերբակալվում։

Տնտեսական ճնշումների ու ձերբակալությունների հետ միաժամանակ զենքի փնտրտուք էր իրականացվում։ Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում մեր օրերից։ Անընդհատ կարդում ենք զենքի փնտրտուքի, հայտնաբերման, ապացուցման մասին և այլն։ Այս առումով ես դժվարանում եմ անգամ ավելին ասել։

Եթե համեմատում ենք այդ գործողությունները Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականության հետ, ապա ձերբակալությունները նպատակը չեն, տնտեսական ճնշումներն էլ նպատակը չեն։ Նպատակը հայության ոչնչացումն է»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment