ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում տեղեկացրեց, որ նոյեմբերի 3-ին կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7.00%, ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.50%, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.50%:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԿԲ նախագահը նշեց, որ այն մարդիկ, որոնք այս տարի այցելում են Հայաստան, ավելի երկար են Հայաստանում մնում, քան այն մարդիկ, որոնք այցելել են Հայաստան նախորդ տարի. «Կարելի է ենթադրել, որ այդ մարդկանց մեծ մասը Հայաստանի հետ որոշակի տնտեսական կապերի ձևավորման կամ արդեն ձևավորված կապերի արդյունքում Հայաստանում ավելի երկար մնալու մտադրություններ ունի: Ըստ էության՝ ՌԴ քաղաքացիների սահմանահատումների թիվը բավականին մեծացել է վերջին ամիսների ընթացքում, ինչը մեզ բերում է մի մտքի, որ այս պահին ունենք բավականին մեծ թվով ՌԴ և այլ երկրների քաղաքացիներ, որոնք պահանջարկ են ձևավորում մեր ստեղծած ապրանքների և մեր կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ»:
Ինչ վերաբերում է լրագրողի՝ գազի գնի 69% բարձրացման սցենարի և դրա հետ կապված համապատասխան հաշվարկի ու ռելոկանտների վարքագծի վերաբերյալ հարցին, Մարտին Գալստյանը նշեց.
«Ես չգիտեմ ռելոկանտների վարքագծային դրսևորումները, մենք չենք կարող մոդելավորել այդ մարդկանց վարքագիծը: Նաեւ չեմ կարծում, որ ամեն գնալ-գալուց իրենք 1 միլիոն ռուբլի կանխիկ գումար են տեղափոխում Հայաստան: Ենթադրում եմ՝ իրենց մեծ մասը դարձել է Հայաստանի բանկային համակարգի հետ ասոցացված անձ… Հետեւաբար չեմ կարծում, որ կանխիկի սահմանափակումը էական վարքագծային ազդեցություն կունենա: Ինչ վերաբերում է հայտնի զեկույցին, մենք չենք արել 70 կամ 69%-ի հաշվարկ: Դա մեզ չէր հետաքրքրում, որովհետև այդ հաշվարկի ու բովանդակային զեկույցի մեջ չկար քաղաքականության արձագանքի էլեմենտը: Այսինքն՝ ենթադրվում է, որ եթե գներն այդքան թանկանալու են, Հայաստանի պատկան մարմինները, կառավարությունը, ԿԲ-ն ինչ-որ քաղաքականություն են իրականացնելու՝ հակազդելու, որպեսզի այդ գների բարձրացումը նույն կերպ չարտացոլվի մարդկանց և տնտեսության վրա»:
Նա նաև հավելեց, որ այդ սցենարը չեն դիտարկել և ընդամենն արել են զգայունության որոշակի վերլուծություն: Երբ իրավիճակն ավելի պարզ կլինի, հայտնի կլինեն ռուսական կողմի քայլերը և ՀՀ կառավարության դիրքորոշումը, ըստ այդմ՝ ԿԲ-ն էլ համապատասխան վարքագիծ կցուցաբերի:
Հարցին, թե վերջերս նշել էր, որ բանկային համակարգում դրամական միջոցների և իրացվելիության աճը պարտադիր չէ, որ բերի վարկերի թանկացմանը կամ էժանացմանը, և հաշվի առնելով բանկային համակարգում գերլիկվիդայնությունը՝ այսօրվա որոշումն ի՞նչ փոփոխություններ կբերի, ինչ վարքագիծ է ակնկալում առևտրային բանկերից, նաեւ արդյոք Հայաստանում անշարժ գույքի փուչի՞կ է ձևավորվում, ի թիվս այլնի՝ ԿԲ նախագահն այսպես պատասխանեց. «Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքին, շատ դժվար է կանխատեսել՝ ինչ կլինի պահանջարկի ու առաջարկի և ընդհանուր միջավայրի հետ կապված: Կենտրոնական բանկի կողմից փողի թանկացումը կարող է ենթադրել որոշակի տրամաբանություն, որ փոխառու միջոցների գների որոշակի աճ կարող է տեղի ունենալ, բայց մյուս կողմից, եթե մեր գնահատմամբ էլ, գերիրացվելի համակարգ ունենք այս պահի դրությամբ, արդյոք մրցակցությունն այնքան խի՞ստ է լինելու, որ բանկերը մարդկանց համար վարկերի տոկոսները չեն բարձրացնելու: Սա էլ ինչ-որ հնարավոր սցենար է, որը պիտի նայենք, տեսնենք՝ ոնց է զարգանում…
Անշարժ գույքի փուչիկ սահմանումն էլ դեռ պիտի հասկանանք՝ որն է, որովհետև այդ տերմիններից միշտ փորձում եմ խուսափել… Փուչիկ, գերշահույթ, էքսպերտները ասացին, էքսպերտները կանխատեսեցին, էքսպերտները գրեցին…Չգիտեմ, երևի էքսպերտներին պիտի հարցնեք՝ փուչիկն ինչ է նշանակում:
Արդյո՞ք կա սցենար, որ անշարժ գույքի շուկայում կարող է տեղի ունենալ գների ճշգրտում: Իհարկե, կա: Արդյո՞ք Կենտրոնական բանկը պիտի որոշակի գործիքակազմ կիրառի, որը թույլ կտա ֆինանսական համակարգին ավելի հեշտ անցնել այդ պրոբլեմի միջով ու որևէ դեպքում չունենալ մի իրավիճակ, որ կարող են վտանգված լինել մարդկանց խնայողությունները, միանշանակ այո, որովհետեւ Կենտրոնական բանկը հենց դրա համար էլ վերցրել է ֆինանսական կայունության մանդատը»:
Տեսանյութն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: