Փաշինյանը Կաթողիկոսի դեմ անողոք պայքար է տանում, իսկ Ալիևը երբևէ կպատժի՞ Փաշազադեին

Հայաստանյան իշխանությունները վերջին օրերին սկսել են այնպիսի հայտարարություններ անել հայ-ադրբեջանական խաղաղության մասին, որ արդեն իսկ բացահայտ է դառնում՝ այդ խաղաղությունն իրականում առասպել է, ինչի մասին պարբերաբար պնդում է քաղաքական ընդդիմությունը։

Եթե Հայաստանի իշխանությունները մեզ համոզում էին, որ խաղաղությունն անդառնալի իրողություն է, հիմա որոշակի ակնարկներով խոստովանում են, թե մենք հեռու ենք խաղաղության հաստատման գործընթացից, որն ամբողջությամբ կախված է Ադրբեջանի քաղաքական վերնախավի կամքից։

 

Ի դեպ, եթե Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում էին ճշմարտությունը մեզնից խնամքով թաքցնելու համար, ադրբեջանական կողմը բացահայտորեն ներկայացնում է տարբեր առիթներով՝ հայաստանյան իշխանություններին դրանով անհարմար դրության մեջ դնելով։ Օրինակ՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Ալիևի գլխավորությամբ, պարբերաբար մատնացույց են անում ՀՀ Սահմանադրությունը և պնդում, որ այն պիտի փոփոխվի, քանի որ դրանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։

 

Կառավարությունն ու ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցությունը, հակադարձելով ընդդիմության քննադատություններին, թե Սահմանադրությունը փոխելով՝ Հայաստանն անվերապահ կատարում է Ադրբեջանի պահանջը, հայտարարում էին, որ այդ գործընթացը Հայաստանի ներքին գործն է, և որ միմիայն իշխանությունների կամքով է նման փոփոխություն նախաձեռնվել, որ այդ փոփոխությունների մեկնարկը տրվել է դեռ այն ժամանակ, երբ իրենք նոր էին եկել իշխանության, և ադրբեջանական պահանջը չկար ու այդ ոճով հայտարարություններ էլ չէին արվում։ Եվ ահա օրերս Փաշինյանի թիմից բոլորովին այլ բառապաշարով հայտարարություններ են արվում, որոնցից ակնհայտ է դառնում, որ մինչև սահմանադրական «բարեփոխումները» կյանքի չկոչվեն, խաղաղության փաստաթուղթը չի ստորագրվի։

 

Այո՛, արտգործնախարար Արարատ Միրզոյանը համոզում է, որ խաղաղության փաստաթղթի բանակցային գործընթացում Սահմանադրության փոփոխությանն անդրադարձ չկա, նման հարց ընդգրկված չէ, բայցև հավելում է, որ Ադրբեջանն այդպիսի նախապայման է առաջ քաշում խաղաղության հարցի համատեքստում։ Որքան էլ Միրզոյանը նշում է, թե նախապայմանը պահանջ չէ՝ փորձելով հայ հանրությանը խճճել բառերի շրջապտույտում, իրողությունն այն է, որ Բաքուն սպասում է Հայաստանում սահմանադրական «բարեփոխումների» հանրաքվեի արդյունքներին։ Հակառակ դեպքում խաղաղության բանակցությունը կարող է բոլորովին այլ ընթացք ունենալ, և դա շատ լավ գիտեն մեր սիրասուն իշխանությունները. այդ պատճառով էլ ցեյթնոտային տրամադրությամբ են համակվել և անգամ մտմտում են հանրային ճնշում գեներացնել ու խորհրդարանական ընդդիմությանը պարտադրել կանաչ լույս վառել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար։

  

Այդ մասին երեկ Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ խոստովանեց անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ բոլորիս համար արձանագրելով, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքներից ու լինել-չլինելուց է կախված խաղաղության համաձայնագրի ճակատագիրը՝ համենայն դեպս այս փուլում։ Փաշինյանը, ներկայացնելով ընդդիմության հարցադրումները, թե երբ որ ՀՀ-ն ընդունի նոր Սահմանադրություն, «արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, և արդյո՞ք ստորագրված համաձայնագիրը նշանակում է, որ տեղի է ունենալու համապարփակ խաղաղություն, և արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում կոնֆլիկտային օրակարգեր այլևս չեն լինելու», հայտարարեց, որ դրանք շատ կարևոր և լեգիտիմ հարցեր են, ուստի առաջիկայում իշխանությունների ջանքերն ուղղված են լինելու հենց նման հարցերի պատասխանները ստանալուն։

 

«Առերեսվելով Հայաստանում շարունակաբար ընդգծվող և արծարծվող հարցերին՝ պարզ է դառնում, որ սա մի թեմա է, որով մենք պետք է զբաղվենք ակտիվորեն և ունենանք շատ կոնկրետ հարցերի պատասխաններ»,- հավելեց Փաշինյանը՝ այդպիսով փաստացի խոստովանելով, որ անգամ իրենք դեռ հստակերեն նման երաշխիքներ չեն ստացել Բաքվից, ինչպես նաև հաստատելով ընդդիմության հավաստիացումները, որ հենց Ադրբեջանի պահանջն է ՀՀ Սահմանադրության վերախմբագրումը։

 

Ավելին, Փաշինյանը խոստովանեց, որ եթե պարզվի՝ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացը և դեմ է արտահայտվում դրան, ապա այդպիսով ընդդիմությունը դեմ է արտահայտվելու Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը։ Արդյո՞ք նրա այս հայտարարությունը չի նշանակում, որ Սահմանադրության փոփոխությունն ուղղակի առնչություն ունի Ադրբեջանի, ինչպես Արարատ Միրզոյանն է սիրում ուղղել, նախապայմանի հետ։ Եվ ի վերջո՝ մեզ համար ի՞նչ տարբերություն՝ պահանջ է դա, թե՞ նախապայման, եթե այն հլու-հնազանդ իրագործվում է մեր կողմից՝ իշխանությունների թեթև ձեռքով՝ ադրբեջանական հետագա ագրեսիաները կանխելու համար։ Այսինքն՝ երբ ընդդիմությունն ասում է, որ հայերիս ադրբեջանական սահմանադրություն են պարտադրում ընդունել, ճիշտ թիրախին են հարվածում, և հիմա նաև իշխանություններն են ակամա դա խոստովանում։

 

Բայց առավել վտանգավոր է այս դեպքում Փաշինյանի այն խոստովանությունը, որ Ալիևն իրենց որևէ երաշիք չի տվել, թե այդ նախապայմանը կատարելուց հետո նոր պահանջներ կամ, ինչպես Արարատ Միրզոյանն է նախընտրում ասել, պայմաններ չեն դրվելու Հայաստանի առաջ, և հիմա նոր կառավարությունը պետք է փորձի այդ հարցադրումների համար հստակ պատասխաններ ստանալ ու դրանք հրամցնել մեր ժողովրդին։ Փաշինյանը կարծում է, որ կարող է նման պատասխաններ բերել ամենայն հավանականությամբ՝ Բաքվից, և այդ ժամանակ հույս է փայփայում, որ կփարատի ընդդիմության կասկածները և դրանով նրանց կդրդի կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեին։

 

Ընդդիմությունը միանշանակ պնդում է, որ ալիևյան սահմանադրական փոփոխություններին երբեք ընթացք չեն տալու, և իշխանությունները զուր են ակնկալում իրենց քվեները ստանալ՝ անկախ Փաշինյանի երաշխիքներ բերել-չբերելուց։ Թեև ընդդիմությունը նաև վստահ է, որ Բաքուն նման երաշխիքներ չի տալու, որովհետև շատ ավելի մեծ ախորժակ ունի, ինչի մասին բացահայտ խոսում է։

 

Օրինակ՝ երեկ Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հերթական անգամ առաջ է մղել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը՝ Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ ներկայացնելով։

«Իրևանի կազիության պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ Փաշազադեն մասնավորապես ասել է. «Իրևանի կազիաթի գործունեության վերականգնումը դարձել է պատմական անհրաժեշտություն և ժամանակի պահանջ»։

 

Նա նշել է, որ գրքի հրատարակության նպատակներից է միջազգային հանրությանը «Արևմտյան Ադրբեջանի իրողությունները» ներկայացնելը և հայրենակիցների կրոնական ու հոգևոր իրավունքների վերականգնումը։

 

Այսինքն՝ Ադրբեջանում լույս է տեսել նաև ադրբեջանական հավակնությունների համար պատմական հիմք ստեղծող գիրք, որում, ով գիտի, թե ինչ կեղծ նարատիվներ են արծարծված, և դրանց պետք է փորձ արվի միջազգային հնչեղություն տալ։

 

Վերջերս նման մի նախաձեռնությամբ նաև Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էր Շուշիում իրար գլխի հավաքել օտար պետությունների դիվանագետներին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որոնց հայերի հասցեին քամահրական, նվաստացնող ու թշնամական հայտարարություններով համոզում էր, թե Արցախն ամենևին հայկական պատմական տարածք չէ, և որ դրանում հայերի բնակության մասին եղած հիշատակումներն ու վկայություններն ստահոդ են ու մոլորեցնող։

 

Եվ նկատենք, որ նման հայտարարություններից հետո Ալիևի կողմից որևէ հետապնդում չի սկսվել ոչ Հաջիևի, ոչ Փաշազադեի նկատմամբ՝ փխրուն խաղաղության գործընթացին լուրջ հարված հասցնելու մեղադրանքով։ Այն դեպքում, երբ Փաշինյանը նաև Արցախի համար պատարագներին աղոթելու և միջազգային հարթակներում արցախցիների իրավունքների մասին խոսելու համար անողոք խաչակրաց պատերազմ է սկսել Վեհափառ հայրապետի դեմ։

 

Եվ այս փաստերը գալիս են հաստատելու ընդդիմության այն պնդումները, որ միայն սահմանադրական փոփոխություններով Ալիևը չի բավարարվելու, և խաղաղության հաստատման մասին պատմական փաստաթուղթը չի ստորագրվելու այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը Հայաստանից չի ստացել առավելագույնը, եթե ընդհանրապես այդ փաստաթուղթը ստորագրվի։ Ամենևին կապ չունի՝ այդ պահանջները, ակնկալիքները, նախապայմանները ընդգրկված՞ են խաղաղության բանակցություններում, թե ոչ, որովհետև, ինչպես տեսնում ենք, խաղաղության օրակարգի շուրջ Ալիևն իր ճանապարհային քարտեզն ունի՝ անկախ բանակցային գործընթացներից, և պաշտոնական Երևանն էլ հերթական պատերազմը կանխելու անվան տակ դառնալու է դրա իրականացման կամակատարը։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment