Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը

Հյուսիսային Կորեան հակադարձել է ԱՄՆ-ի մեղադրանքներին, թե իր հաքերները Binance կրիպտոարժույթի բորսայից հափշտակել են ավելի քան 6 միլիարդ դոլար, գրում է DW-ն։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, պետական KCNA լրատվական գործակալության փոխանցմամբ, մեղադրանքն անվանել է «լուրջ քաղաքական սադրանք»։ Կիմը ԱՄՆ-ի պնդումն անվանել է «անհեթեթ հռետորաբանություն և  ոչ մի նոր բան»։

Մեղադրանքը ներկայացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), որը հանգստյան օրերին հարձակման պատասխանատու է համարել TraderTraitor անունով հայտնի՝ Հյուսիսային Կորեայի պետության հետ կապվող հաքերային խմբավորմանը։

Նշվում է, որ սա կրիպտոարժույթի բորսայի վրա երբևէ իրականացված ամենախոշոր կիբեռհափշտակությունն է։ Այն զգալիորեն գերազանցում է 2025 թվականին Bybit բորսայից մոտ 1,5 միլիարդ դոլարի գողության դեպքը, որը նույնպես վերագրվել էր հյուսիսկորեացի հաքերներին։

TRM Labs ընկերությունը հարձակումը կապել է նույն խմբավորման հետ և հայտնել, որ հափշտակված գումարի մեծ մասը դուրս է բերվել 20 րոպեի ընթացքում։

Կիմ Յո Ջոնգը հայտարարել է, որ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության պատճառով Փհենյանը ստիպված է «վերանայելու մի շարք հարցեր»։ Մինչ այժմ Հյուսիսային Կորեան լռություն է պահպանում Թրամփի՝ գագաթնաժողովային բանակցությունները վերսկսելու առաջարկների վերաբերյալ։

Սեուլի վերլուծաբանները Reuters լրատվական գործակալությանը հայտնել են, որ մեղադրանքների արագ հերքումը վկայում է Փհենյանի մտահոգության մասին։ Նրանց կարծիքով՝ Վաշինգտոնը կարող է ակտիվացնել այն ֆինանսավորման աղբյուրի փակմանն ուղղված ջանքերը, որը, ինչպես լայնորեն ենթադրվում է, օգտագործվում է սպառազինությունների մշակման համար։

Միևնույն ժամանակ, Binance-ը երկուշաբթի հայտարարել է, որ երեքշաբթի kվերսկսի մի շարք լրացուցիչ ակտիվների դուրսբերումը մի քանի բլոկչեյն ցանցերում, այդ թվում՝ Binance Smart Chain-ում, Ethereum-ում, Solana-ում, XRP-ում և Sui-ում։ Arbitrum, Optimism, Tron և Base ցանցերում գտնվող որոշակի թոքեններ նույնպես ընդգրկված են այս գործընթացում։

Binance-ը հայտնել է, որ գողացված ակտիվների մեծ մասը փոխհատուցել է սեփական միջոցների հաշվին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment