Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) Շիրակի մարզային բաժինը օպերատիվ տեղեկություններ է ստացել այն մասին, որ 30-ամյա մի տղամարդ թմրանյութերի փաթեթներ է ձեռք բերել Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչից ու դրանք պատրաստվում է իրացնել Գյումրու կենտրոնական զբոսայգուց՝ թելեգրամյան «Razgrom» կայքի միջոցով։
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանները ժամը 15․45-ի սահմաններում ձեռնարկված միջոցառումների արդյունքում այգու միջնամասում նկատել են 30-ամյա տղամարդուն։ Իրավապահները տեղում պարզել են, որ նա այգու ողջ տարածքում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրում։ Ընդ որում՝ 30-ամյա տղամարդը միայնակ չի եղել, նրա հետ գտնվել է դպրոցահասակ մի տղա։
Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու ու իրացնելու հիմնավոր կասկածանքով ոստիկանները նրան ձերբակալել են ու տեղափոխել ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերել են կպչուն ժապավեններով փաթեթավորված թվով 28 հատ, ընդհանուր 51,7 գրամ քաշով զանգված։
30-ամյա տղամարդը հայտնել է, որ դրանք «Շոկո» տեսակի թմրամիջոց են, պատկանում են իրեն, ձեռք է բերել Ավտոկայարանի տարածքից՝ մեկ այլ տղամարդուց՝ թելեգրամյան «Razgrom» կայքէջով տեղադրելու ու իրացնելու նպատակով։
Նա նաև հայտնել է, որ 3 փաթեթ արդեն իսկ տեղադրել է զբոսայգու տարածքում, իսկ մյուս փաթեթներն իր կամքից անկախ չի հասցրել իրացնել, քանի որ ոստիկանության աշխատակիցները իրեն ձերբակալել են։
Նշենք, որ քաղաքի պատմական կենտրոնում գտնվող զբոսայգին օրվա բոլոր ժամերին մարդաշատ է․ այստեղ է գտնվում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ մեծ թվով պատանիներ ու երիտասարդներ են այցելում, հետևաբար և նման արարքը ամենահեշտ ձևն է մատաղ սերնդին փչացնելու։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Գյումրիում թմրանյութերի առուվաճառքը կարծես ցուցադրական բնույթ է կրում․ տարբեր թաղամասերի բնակելի շենքերի վրա պարբերաբար թմրանյութերի գովազդներ են հայտնվում, որոնք ջնջվում են բնակիչների ահազանգերից հետո․ կամ ոստիկաններն են այդ գրառումները վերացնում, կամ բնակիչները՝ իրենց ուժերով, ինչպես արել էին Ավստրիական թաղամասում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: