«Ավելի շատ գումար երկրից գնում է, քան գալիս է արտահանման արդյունքով»․ Նարեկ Կարապետյան

«Մեր երկիրը ունի դեֆիցիտ՝ վճարային հաշվեկշռի ճեղքվածք։ Այսինքն, հայերեն ասած, ավելի շատ գումար երկրից գնում է, քան գալիս է արտահանման արդյունքով։ Ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ սպառազինության վրա ծախսերը ի՞նչ տարբերություն ունեն անցած տարվա համեմատ, աճ ունե՞ն, թե՞ չէ․ «Ընդհանրապես, տնտեսության ակտիվացումը, այս մարտահրավերներին, շոկերին դիմադրելը երկրի կառավարության հիմնական գործն է։ Այսինքն՝ մենք այս ամեն ինչը կարողանում ենք անենք, որովհետև տնտեսությունը այդ գումարը տվել է, հարկատուները տվել են, ընկերությունները տվել են, իսկ ինչքա՞ն ուղիղ աջակցություն է ստանում, ի տարբերություն անցած տարվա, 2027 թվականի բյուջեով տնտեսվարողը, ով ապահովել է այս հարկային եկամուտները»։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր պատասխանում նշեց, որ վճարային հաշվեկշռի ճեղքվածքն ու ներմուծման աճը հիմնականում պայմանավորված են կապիտալ և միջանկյալ սպառման ապրանքների (որոնք մեծացնում են արտադրական հնարավորությունները) ավելացմամբ: Նա նաև նշեց, որ Կենտրոնական բանկն արտարժույթի ներհոսքի պայմաններում ինտերվենցիաներ է իրականացնում, և երկիրը արտարժույթի կամ պարտքի խիստ կարիք չունի այդ հաշվեկշիռը սպասարկելու համար:

Սպառազինության և ՊՆ ծախսերի մասով էլ պատասխանեց, պաշտպանության ոլորտի բյուջետային մանրամասն և գաղտնի բնույթի հարցերը սովորաբար քննարկվում են համապատասխան փակ կամ առանձին հանձնաժողովային նիստերում, սակայն պաշտպանական ծախսերում և կապիտալ բաղադրիչում առկա է աճ:  Տնտեսության մասով էլ հավելեց՝ տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներին ուղղվող միջոցներն աճել են, օրինակ բերելով էկոնոմիկայի նախարարության և ընդհանուր տնտեսական ծրագրերի գծով նախատեսված ավելացումները, և ընդգծեց, որ ցանկացած ենթակառուցվածքային կամ ճանապարհաշինական ներդրում օգնում է տնտեսվարողների գործունեությանը:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment