Մենք մինչ այս պահը, ինչ գրել ենք որպես սահմանադրության տեքստ նախարարությունում, քննարկել ենք խորհրդի անդամների հետ և քննարկված շատ հարցեր, թե ինչպիսի ձևակերպումներ պետք է նախագծում լինեն, հենց որոշվել են խորհրդի կողմից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան,մ որ սահմանադրության տեքստը գրվում է իրենց նախարարությունում, իսկ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը անմասն է դրանից։
Նշենք, որ խորհրդի անդամներից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում էր արեն՝ նշելով, որ eթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի։
Գալյանը նշեց, որ հիմա որոշում ունեն խորհրդի հետ աշխատանքները շարունակել. «Վերջին հանդիպումը վերջերս ենք հրավիրել, և խորհրդի անդամների բարձրաձայնած հարցադրումներն էլ էին նաև այս համատեքստում, թե արդյոք խորհուրդն է տեքստի համար պատասխանատվություն ստանձնելու, թե ոչ։ Իմ ընկալումն այն էր, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել, խոսքը բոլոր գործընկերների համախմբի մասին է և ոչ թե անհատական պատասխանատվության մասին։ Ես առաջարկել եմ հետևյալ տարբերակը, որ մենք կշարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից և խորհրդի անդամները, իհարկե, ազատ կլինեն արտահայտել իրենց կարծիքը որևէ դրույթի վերաբերյալ։
Մեզ համար այս պրոցեսում ներառականությունը անչափ կարևոր է և մենք պատրաստվում ենք չքննարկած յուրաքանչյուր հարց խորհրդի հետ քննարկել և դրա համար ունենք բավականին մեծ ժամանակ, որովհետև տեքստը հրապարակելուց հետո չի նշանակում, որ մենք անմիջապես ձեռնամուխ ենք լինելու քարոզարշավին»,–ասաց նախարարը։