«Եթե գազը չլինի, կանցնենք աթար վառելու»․ Գեւորգ Պապոյանը համամիտ է այս մտքի հետ

ԵԱՏՄ-ի շրջանակում Ռուսաստանի գործողությունների՝ Հայաստանի նկատմամբ առևտրային խոչընդոտներ ստեղծելու հարցով Հայաստանի դիմումի քննարկումը, որը նախատեսված էր նոյեմբերի 3-ին, մեկ շաբաթով հետաձգվել է հայկական կողմի նախաձեռնությամբ․ այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ այս պահին չի կարող մանրամասնել հետաձգման պատճառները։ Ասաց նաեւ՝ ճիշտ չի, որ ասի։

Հայաստանի դիմումի մասով որոշումը, ըստ նրա, կախված է մի շարք հարցերից․ «Դա կախված է նման հարցերից․ԵԱՏՄ կա՞, թե՞ չկա։ Հիմա ԵԱՏՄ-ի տրամաբանությունն այնպիսին է, որ եթե այդպիսի սահմանափակումները, որոնք մեր նկատմամբ կիրառվել են, անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն, ես կարող եմ ասել, որ անգամ անդամ մյուս երկրները պետք է սպասեն իրենց հերթին»։

Ինչ վերաբերում է հնարավոր սահմանափակումների իրավական հիմքերին և միջազգային կոնվենցիային, որին հղում է արվում, Պապոյանը նշեց, որ հայկական կողմն այն ենթարկել է իրավական փորձաքննության, և այդ փաստաթղթում նման գործողությունների համար հիմք չկա․ «Այդ կոնվենցիայում նման բան չկա։ Այդ կոնվենցիան իրավական փորձաքննության ենք ենթարկել, դրա մասին չէ, այդ դեպքի մասին չէ։ Ես, իհարկե, չեմ կարող բացառել խելագարության կանխավարկածը, բայց չեմ կարող առաջնորդվել խելագարության կանխավարկածով»։

Հստակեցնող հարցին՝ արդյոք սահմանափակումների կասեցումը կհամարի՞ հակաիրավական քայլ, Պապոյանը պատասխանեց. «Այդպիսի բան անելը հակաիրավական է, ոչ իրավական է, նման բան աշխարհում գոյություն չունի»։

Նրա խոսքով՝ առաջիկայում ԵԱՏՄ շրջանակում սպասվում է թեժ քննարկում, որի արդյունքում, իր համոզմամբ, պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն։

Պատասխանելով Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների զեկույցի ՝ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու վնասների մասին հարցերին էլ Գեւորգ Պապոյանն ասաց, որ զեկույցի բովանդակությունը սխալ՝ կասկածի տակ դնելով հեղինակների ներկայացրած տնտեսական հաշվարկները, քանի որ դրանք հայաստանյան լրատվամիջոցների՝ հայալեզու հրապարակումների հիման վրա են․ «Զեկույցը գրված Հայաստանում, բայց սխալ զեկույց է»։

Հաստատելու համար, որ զեկույցում ներկայացված տնտեսական հաշվարկները չեն արտացոլում իրականությունը, Գեւորգ Պապոյանը օրինակ է բերում մոնիտորների արտահանման ցուցանիշները։ Ըստ նրա՝ Հայաստանից Ռուսաստան մոնիտորների արտահանումը 16 կամ 152 անգամ նվազելու մասին տվյալները ներկայացվում են այնպես, կարծես Հայաստանում այդ արտադրանքի արտադրություն է եղել, և արտահանման նվազման հետևանքով երկիրը կորցրել է արտադրական հնարավորություններ, աշխատատեղեր ու հարկային եկամուտներ․

«Մենք մոնիտոր չենք արտահանում, հետևաբար՝ վերաարտահանում է եղել։ Հիմա իրենք հաշվարկը տարել են այնպես, որ այդ մոնիտորը, եթե Հայաստանում արտադրվեր, ինչքա՞ն ավելացված արժեք կստեղծվեր, ինչքա՞ն աշխատատեղ կստեղծվեր, ինչքա՞ն հարկ կվճարվեր, և այլն։ Այդ ամբողջ հաշվարկն այդպես է կատարված, այնինչ այդ մոնիտորը ընդամենը եկել է այստեղ, դրա համար վճարվել է ԱԱՀ, հետո այդ ԱԱՀ-ն հետ են ստացել»։

Նա զուգահեռներ անցկացրեց նաև բջջային հեռախոսների վերաարտահանման հետ՝ նշելով, որ այդ գործարքներից Հայաստանի տնտեսությունում էական ավելացված արժեք չի մնում։ Ըստ Պապոյանի՝ հիմնականում խոսքը փաթեթավորման, բեռնման ու բեռնաթափման հետ կապված մի քանի աշխատատեղերի, ինչպես նաև գործարարի որոշակի շահույթի մասին է․ «Հետևաբար՝ իրենք շատ սխալ են հաշվարկել, և իրականում շատ անբարեխիղճ աշխատանք է կատարված պատվիրատուների նկատմամբ։ Այն մարդիկ, ովքեր Հայաստանում դա արել են, իրենք շատ անբարեխիղճ են գտնվել, որովհետև սխալ հաշվարկ են ներկայացրել և սխալ թուղթ են ներկայացրել»։

Անդրադառնալով զեկույցում գազի հնարավոր թանկացման վերաբերյալ ներկայացված տվյալներին, մասնավորապես, շուրջ 69 տոկոս թանկացման և դրա հետևանքով տնտեսական 15 տոկոս անկման կանխատեսմանը, Գեւորգ Պապոյանը նույնպես կասկածի տակ դրեց հաշվարկների ճշտությունը։ Նշեց, որ Հայաստանի մասնագետները տարբեր սցենարներ են հաշվարկել՝ գազի գնի 30, 60, 90, 100 և նույնիսկ 300 տոկոս թանկացման պարագայում։ Նրա խոսքով՝ ներկայացված զեկույցում 69 տոկոս թանկացման դեպքում 15 տոկոս տնտեսական անկման կանխատեսումը չի համապատասխանում իրենց հաշվարկներին․ «Կարող եմ ասել, որ այն թիվը, որ իրենք գրել են, որ, օրինակ, 60 քանի տոկոսի դեպքում 15 տոկոս տնտեսական անկում կլինի, դա մի քանի անգամ ավելի է։ Ավելին ասեմ՝ անգամ 300 տոկոսի դեպքում այդպես չի լինի»։

Գեւորգ Պապոյանը, սակայն, չցանկացավ ներկայացնել, թե գազի գնի հնարավոր թանկացման յուրաքանչյուր սցենարի դեպքում ի՞նչ տնտեսական հետևանքներ են հաշվարկել հայկական կողմում։ Նրա խոսքով՝ նման քննարկումը կարող է սխալ մեկնաբանվել և հանրային դաշտում վերածվել անհարկի շահարկումների։

Նաև ընդգծեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները գնահատելիս չի կարելի հաշվի առնել միայն բացասական սցենարը՝ անտեսելով այլընտրանքային առևտրային ռեժիմների հնարավորությունը․ «Եթե դու ԵԱՏՄ-ից դուրս ես գալիս, պիտի հաշվես, որ քո մոտ ազատ առևտրի այլ ռեժիմներ կարող են սպասվել։ Այդպես չի կարելի։ Եթե մեքենան չկա, չեմ կարող ասել, որ ես մնալու եմ այստեղ։ Մեքենան չլինի՝ կգնամ, օրինակ, տաքսիով, կամ ոտքով։ Այսինքն՝ այնտեղ գրված է՝ եթե մեքենա չկա, ուրեմն կմնա՞ս։ Այդպես չի լինում։ Այդ մյուս այլընտրանքը, որը, հնարավոր է, ավելի լավը չէ, քան ԵԱՏՄ-ն, ընդունում եմ, բայց պետք է դա էլ հաշվես»։

Նա համաձայնեց լրագրողի դիտարկմանը՝ «եթե գազը չլինի, կանցնենք աթար վառելու»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment