Մերձավոր Արևելքը չպետք է վերածվի մեծ տերությունների մրցակցության և աշխարհաքաղաքական հակամարտությունների թատերաբեմի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում՝ Ժողովրդական ժողովների տանը, Օմանի սուլթան Հայսամ բեն Թարիկ Ալ Սաիդի հետ բանակցությունների ընթացքում։
«Բոլոր կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման ուղղությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Սի Ծինփինի խոսքով՝ Չինաստանը հետևողականորեն ակտիվ ջանքեր է գործադրում ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հույս ունենալով առաջարկել գաղափարներ ու լուծումներ տարածաշրջանային անվտանգության խնդիրների հաղթահարման համար։