Պաշտպան Ալավերդյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ. Վճռաբեկ դատարան

Վերաքննիչ քրեական դատարանն արագացված վարույթի կիրառմամբ քննելով Վախթանգ Հովհաննիսյանի գործը, նշել էր, որ առաջին ատյանի դատարանն իր դատավճռում անդրադարձել եւ քննարկման առարկա է դարձրել պաշտպան Կ. Ալավերդյանի կողմից դեռեւս նախնական դատալսումների ընթացքում ներկայացված՝ մեղադրյալ Վ. Հովհաննիսյանին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու միջնորդությունը, գտնելով, որ նշված հիմքով մեղադրյալ Վ.Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու պայմաններ եւ հիմքեր առկա չեն։ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պաշտպանի կողմից բողոքարկվել էր գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չազատելու մասով, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքը թողել էր առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ արագացված վարույթի արդյունքով կայացված դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածով եւ 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերով բողոքարկման ենթակա չէ:

Հոկտեմբերի 27-ին Վճռավեկ դատարանի քրեական պալատը փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված՝ դատարանի հետևությունները չեն համապատասխանում առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերը վերաբերում են համապատասխանաբար այն դեպքերին, երբ՝ մեղադրյալի դատապարտման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ նրա արարքը հակաիրավական չէ, կամ առկա է քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (արդարացման կամ քրեական հետապնդման դադարեցման փոխարեն մեղադրյալը դատապարտվել է),  մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ՝ խիստ լինելու պատճառով և՝ մեղադրյալի արարքի իրավական գնահատականը ճիշտ չէ՝ մեղմ լինելու պատճառով:

Այսինքն, օրենսդիրը հստակ և սպառիչ կերպով սահմանել է այն դեպքերը, երբ արագացված վարույթի արդյունքով կայացված դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն: Բարձր դատարանի գնահատմամբ՝ հիշյալ օրենսդրական կարգավորման բովանդակությունից ակնհայտ է, որ այն չի վերաբերում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ դատական ակտերին, «ուստի Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ներկայացված բողոքը թողնել առանց քննության այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննության կարգով վերանայման»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանի պաշտպան Կ. Ալավերդյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ: 

Այս գործի նախապատմությունը հետևյալն է. 2023 թ. մարտի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Իսկանդարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 49121023 քրեական վարույթը:

2023 թ. ապրիլի 5-ին Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Կ. Սուքիասյանի կողմից որոշում է կայացվել Վախթանգ Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն արարքի համար, որ նա՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, վարույթով չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել ու իր բնակության վայրում` Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն գյուղի տան ննջասենյակում ապօրինի պահել է գործարանային արտադրության ռազմամթերք հանդիսացող 7,62մմ /7.62×39/ տրամաչափի թվով 41 հատ փամփուշտներ՝ նախատեսված «AK» տեսակի ինքնաձիգներից, «PNK» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար, ինչպես նաև գործարանային արտադրության ռազմամթերք հանդիսացող 9մմ /9×18/ տրամաչափի թվով 1 հատ փամփուշտ՝ նախատեսված «ПM», «AПC» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար, որոնք հայտնաբերվել են 2023 թ. ապրիլի 3-ին վերոնշյալ տանը կատարված խուզարկությամբ և վերցվել վարույթն իրականացնող մարմնի կողմից»:

Նույն օրը Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Կ. Սուքիասյանի կողմից որոշում է կայացվել այս գործով անցնող Տիգրան Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն արարքի համար, որ նա՝  «Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, վարույթով չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել ու իր բնակության վայրում՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի տանն ապօրինի պահել է գործարանային արտադրության ռազմամթերք հանդիսացող 5.45մմ /5,45×39/ տրամաչափի թվով 6 հատ փամփուշտներ՝ նախատեսված «AK-74» տեսակի ինքնաձիգներից, «PПK-74» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար, որոնք հայտնաբերվել են 2023 թ. ապրիլի 3-ին վերոնշյալ տանը կատարված խուզարկությամբ և վերցվել վարույթն իրականացնող մարմնի կողմից»:

Երկուսի նկատմամբ էլ 2023 թ. ապրիլի 5-ին կայացված որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

2023 թ. մայիսի 5-ին որոշում է կայացվել Վ. Հովհաննիսյանի և Տ. Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը 2 ամիս ժամկետով կասեցնելու մասին:
2023 թվականի հունիսի 30-ին որոշում է կայացվել քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսելու մասին:
Վ. Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թ. սեպտեմբերի 25-ի որոշումը բեկանվել է և վարույթը փոխանցվել նույն դատարան` նոր քննության:

Վերաքննիչ դատարանի՝ 2024 թ. սեպտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ 2024 թ. սեպտեմբերի 2-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրյալ Վախթանգ Հովհաննիսյանի պաշտպան Կարեն Ալավերդյանը, որը 2024 թ. սեպտեմբերի 4-ին մուտքագրվել է Վերաքննիչ դատարանում։

Ներկայացված վերաքննիչ բողոքով մեղադրյալ Վ. Հովհաննիսյանի պաշտպան Կ. Ալավերդյանը խնդրել է՝ Վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ և բավարարել, փոփոխել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2023թ. դատավճիռը, իր պաշտպանյալին՝ Վ. Հովհաննիսյանին ազատելով քրեական պատասխանատվությունից «գործուն զղջալու հիմքով»։

Նույն դատական նիստի ընթացքում պաշտպան Կ. Ալավերդյանը միջնորդել է գործի քննությունն իրականացնել հատուկ կարգով՝ արագացված վարույթի կիրառմամբ, որին միացել է նաև մեղադրյալ Վ. Հովհաննիսյանը։ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց, առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը բավարարելուց և քրեական գործը արագացված կարգով քննելուց հետո, վերաքննիչ բողոքում նշված հիմքով 2024 թ. հուլիսի 25-ի դատավճիռն այլևս բողոքարկվել չի կարող: Այսինքն, վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննության կարգով վերանայման, հետևաբար պաշտպան Կ. Ալավերդյանի վերաքննիչ բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության:

Բողոքաբերի պնդմամբ՝ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել օրինականության, վարույթի հանրայնության, դատական պաշտպանության և դատարանի մատչելիության սկզբունքների խախտումներ:
Ի դեպ, հիշեցնեմ, որ պաշտպանի միջնորդության լուծումն առաջին ատյանի դատարանը հետաձգել էր՝ եզրափակիչ դատական ակտ կայացնելիս դրան անդրադառնալու պայմանով։ Արագացված վարույթի կիրառմամբ ավարտելով դատական քննությունը, և հաջորդիվ կայացված դատավճռում անդրադառնալով հիշյալ հարցին՝ դատարանը գտել է, որ «գործուն զղջալու հիմքով» մեղադրյալ Վ. Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքեր չկան, ուստիև նրան մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ նշանակելով պատիժ, որը պայմանականորեն չի կիրառել: Դատավճռի դեմ պաշտպան Կ. Ալավերդյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ պատճառաբանությամբ, որ «արագացված վարույթի կիրառմամբ քննված գործերով կայացված դատական ակտերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 373-րդ հոդվածով և 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերով բողոքարկման ենթակա չեն»: Մինչդեռ, պաշտպան Կ. Ալավերդյանը ըստ Վճռավեկ դատարանի՝ վերաքննիչ բողոքում բարձրացրել է ոչ թե փաստական հանգամանքների ապացուցվածության, անձի մեղավորության, նրան մեղսագրվող արարքի հակաիրավականության կամ արարքի իրավաբանական որակման հետ կապված հարցեր, որոնց դեպքում առկա է դատական վերանայման բողոք ներկայացնելու իրավունքի՝ օրենքով նախատեսված արգելք, այլ վիճարկել է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չազատելու դատարանի դիրքորոշումը, որպիսի հարցը չի վերաբերում մեղադրանքի փաստական նկարագրությանը կամ իրավական գնահատականին, ուստիև, ըստ բողոքաբերի, որևէ օրենսդրական արգելք առկա չէ այդ հարցով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար:

Բողոքաբեր Վ.Հովհաննիսյանը նշել էր նաև, որ իր պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել «գործուն զղջալու հիմքով» քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերի բացակայության մասին դատավճռում շարադրված հետևությունների հետ համաձայն չլինելու առումով, ուստի վերաքննիչ բողոք ներկայացնելու անհնարինության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը տվյալ պարագայում իրավաչափ չէ և չի բխում ՀՀ գործող օրենսդրության իրավակարգավորումներից:

Արդյունքում, պաշտպանի վերաքննիչ բողոքը փաստացի քննարկման առարկա չէր դարձվել և լուծում չէր ստացել, ինչի հետևանքով մեղադրյալը զրկվել էր քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու միջնորդությունը մերժելու՝ առաջին ատյանի դատարանի հետևության իրավաչափության դատական ստուգման հնարավորությունից:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment