Համաշխարհային սովի ինդեքսի (Global Hunger Index – GHI) 2026 թվականի հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում սովի մակարդակը գնահատվել է ցածր։ Հայաստանը հայտնվել է այն 24 երկրների խմբում, որոնց սովի համաշխարհային ինդեքսը չի հասնում 5 միավորի։
Համեմատության համար՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ինդեքսի միջին ցուցանիշը կազմել է 5.0, մինչդեռ համաշխարհային միջին մակարդակը հասել է 18.1-ի։ Այսպիսով, Հայաստանի արդյունքը բարենպաստ է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային ցուցանիշների համեմատությամբ, գրում է Auroranews.am-ը:
Վերջին 26 տարիների ընթացքում Հայաստանում սովի ցուցանիշը կտրուկ նվազել է: Եթե 2000 թվականին Հայաստանի սովի ինդեքսը կազմել է 20.3 միավոր, ապա 2026 թվականին այն նվազել է՝ հասնելով 2.5-ի։
Համաշխարհային սովի ինդեքսի գնահատման համար կիրառվում է հետևյալ սանդղակը.
- 9.9 և ցածր՝ սովի ցածր մակարդակ։
- 10.0–19.9՝ չափավոր մակարդակ։
- 20.0–34.9՝ լուրջ մակարդակ։
- 35.0–49.9՝ մտահոգիչ մակարդակ։
- 50.0 և բարձր՝ ծայրահեղ մտահոգիչ մակարդակ։
Միևնույն ժամանակ վարկանիշի ամենամտահոգիչ ցուցանիշներն արձանագրվել են Սոմալիում, Սուդանում, Բուրունդիում, Հարավային Սուդանում և Եմենում։ Այս պետություններում սովի իրավիճակը գնահատվել է առավել ծանր։
Հայաստանի համար հաշվարկված GHI ցուցանիշը ձևավորվել է չորս հիմնական բաղադրիչների հիման վրա, որոնք արտացոլում են բնակչության սննդային ապահովվածությունն ու երեխաների առողջական վիճակը։
Մասնավորապես՝
- Թերսնվածություն․ Հայաստանի բնակչության 2.5 տոկոսից պակասն է ընդգրկվել այս ցուցանիշում։
- Մինչև 5 տարեկան երեխաների թերաճություն (ստանտինգ)․ ցուցանիշը կազմել է 6.2 տոկոս։
- Մինչև 5 տարեկան երեխաների նիհարավունություն (ուեստինգ)․ արձանագրվել է 2.9 տոկոս ցուցանիշ։
- Մինչև 5 տարեկան երեխաների մահացություն․ ցուցանիշը կազմել է 1.0 տոկոս։