Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում, որից դուրս գալու փորձերը կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի։
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե ԱԺ-ում նախօրեին տեղի ունեցած հարցուպատասխանից հետո մեծացել է հավանականությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի առաջանա։ Ավելին, նա հույս ունի ընդդիմությանը ներկայացնել այնպիսի առաջարկ, որից վերջինս չի կարողանա հրաժարվել։
Սակայն այս լավատեսությունը քաղաքական լուրջ հիմքեր չունի:
Նախ՝ Փաշինյանն ակամայից խոստովանում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգը պայմանավորված է Ադրբեջանի պահանջով՝ բավահայտելով «աննախադեպ ինքնիշխանության» մասին սեփական քարոզչական թեզի սնանկությունը:
Երկրորդ՝ Փաշինյանը փորձում է գլխիվայր շրջել պատճառահետևանքային կապը։ Ոչ թե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է Սահմանադրության փոփոխությունը դարձրել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Արամ Վարդևանյանն ընդամենը բարձրաձայնել է սկզբունքային հարց՝ ի՞նչ երաշխիք կա, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը Հայաստանի առջև նոր պահանջներ չի դնի։
Այս հարցի համոզիչ պատասխանը Փաշինյանը չունի և չի կարող ունենալ։
Ադրբեջանի վարքագիծը հիմքեր է տալիս կասկածելու, որ նրա ռազմավարական նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է:
Բաքվում, ըստ էության, սպասում են կոնկրետ ռեգիոնալ սցենարի՝ Հայաստանից առավելագույնը պոկելու համար:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների դեպքում կարող է էապես փոխվել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը։ Նման սցենարի պայմաններում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը փորձի օգտվել աշխարհաքաղաքական ցնցումներից՝ ընդհուպ մինչև Սյունիքի անեքսիա իրականացնելու փորձով:
Սա հնարավոր ռիսկի գնահատական է, որն անտեսելը խելամիտ չէ:
Երրորդ՝ Փաշինյանի հաշվարկը, թե կարող է համոզել խորհրդարանական ընդդիմությանը, գործնականում զուրկ է քաղաքական հիմքից։
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները կտրականապես մերժում են Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության գաղափարը։
Առավել վտանգավոր է խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու Փաշինյանի հնարավոր հաշվարկը՝ 2018 թվականի հոկտեմբերի իրադարձությունների օրինակով։
Փաշինյանն անտեսում է երկու էական հանգամանք։
Նախ՝ նա այսօր այլևս չունի այն հանրային վստահությունն ու մոբիլիզացիոն ռեսուրսը, որն ուներ 2018 թվականին։
Երկրորդ՝ դժվար է պատկերացնել հասարակական լայն համախմբում մի օրակարգի շուրջ, որը, որքան էլ փաթեթավորվի խաղաղության խոստումներով, անմիջականորեն կապված է Ադրբեջանի նախագահի պահանջի հետ։
Խորապես բևեռացված հասարակության պայմաններում նման նախաձեռնությունը կարող է ոչ թե հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, այլ խորացնել ներքաղաքական առճակատումը՝ ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։
Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ, ըստ էության, լավ լուծում չունի: Անգամ՝ արտահերթ ընտրությունների պարագայում, որտեղ Փաշինյանը կարող հայտնվել ցայտնոտում հայտնված շախմատիստի կարգավիճակում»,-գրել է նա։