«Պետական ֆոնդից» 350 000 դրամ օգնություն տալու հրապարակումը կեղծ է. ՆԳՆ–ն զգուշացնում է

Բաժանորդագրվել

Զեղծարարները կարող են «Telegram» հաշիվների տիրանալ ու հանցավոր գործողություններ իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն։ Հայաստանի կիբեռոստիկանությունը զգուշացնում է` հերթական զեղծարարությունն է։

«Այդ «օգնությունը» ստանալու համար իբր թե անհրաժեշտ է սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնել և դիմում ներկայացնել։ Իրականում հանցագործները այս սխեմայով փորձում են տիրանալ Ձեր «Telegram» հաշվին՝ զրկելով Ձեզ դրա հետագա հասանելիությունից։ Զավթված հաշիվը կարող է օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու նպատակով, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաների կիրառման համար»,– ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը զգուշացնում է` պետք չէ անցնել կասկածելի հղումներով, լրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները, ինչպես նաև տրամադրել «Telegram»-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկությունները պետք է ստուգել բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։

Leave a comment